Բեթ Քովանը մասնակցում է Միսս Բրիտանիա գեղեցկության մրցույթին։ Նա բնակվում է Դարեմ կոմսությունում։ Վերջերս կայացած գեղեցկության մրցույթներից մեկի ժամանակ նա բեմ բարձրացավ ու կիսվեց իր հիվանդության պատմությամբ։ Այո, այժմ արդեն դժվար է գուշակել, որ այս նրբակազմ աղջիկը ժամանակին տառապում էր անորեքսիայով։ Նա պատմել է հանդիսատեսին իր մարսողական խանգարումների մասին և հավելել, որ լիահույս է, որ իր մասնակցությունը գեղեցկության մրցույթներին կոգեշնչի նմանատիպ խանգարումներով տառապող այլ աղջիկներին։ Գեղեցկության մրցույթի հարցուպատասխանի փուլում Բեթը նշել է, որ եթե ինքը «Միսս Բրիտանական Կայսրություն» ճանաչվի, իր հաղթանակն իբրև հուսադրող ուղերձ կծառայի մյուս հիվանդների համար, ովքեր դեռևս չեն հաղթահարել իրենց հիվանդությունը։ Նա ցանկանում է երիտասարդներին համոզել չընթանալ իր ընտրած ուղով։

Բեթը երբեք էլ գեր չի եղել, սակայն նա տառապում էր նիհարելու մոլուցքով։ Նրա կյանքում եկավ մի ժամանակահատված, երբ նա օրը ընդամենը մեկ խնձորով էր սնվում։ Նա ժամեր շարունակ վազում էր շարժահարթակի վրա՝ փորձելով հասնել իր երազած փոքր չափսին։ Աղջկա մոտ գլուխ բարձրացրին անորեքսիա ու բուլիմիա հիվանդությունները։ Նա ընդամենը 39 կգ էր կշռում, և նրա մարմնի զանգվածի ինդեքսը կազմում էր 13.2։ Սա վտանգավոր ցուցանիշ է, որի դեպքում մարդիկ համարվում են չափազանց թերքաշ։

Վերհիշելով իր հիվանդության պատմությունը՝ Բեթն ասել է.
Ես 16 տարեկան էի և դեռ դպրոցում էի սովորում։ Ես չգիտեմ, թե այդ ամենն ինչպես սկսվեց։ Ինչ-որ հատուկ պատճառ չկար։ Ես պարզապես սահմանափակումներ մտցրի սննդակարգումս։ Ես մի ամբողջ ժամ անցկացնում էի շարժահարթակի վրա ու օրը մեկ խնձոր էի ուտում։
Վերջերս նա հրապարակել է այս լուսանկարը, որում նա դեռևս չէր բուժվել անորեքսիայից։
Մի օր նա այցելեց «Marks and Spencer» խանութ՝ հագուստ գնելու։ Նայելով այնտեղի հայելու մեջ՝ աղջիկը սարսափահար եղավ ինքն իրեն տեսնելով։ Նա չէր կարողանում հավատալ, որ այդքան ոսկրոտ է դարձել։ Մարդիկ ասում էին, որ նա այնպիսի տեսք ունի, ասես ուր որ է պետք է շունչը փչի։ Նա հասկանում էր, որ պետք էր ինչ-որ բան անել, հակառակ դեպքում չէր կարողանա երեխա ունենալ։ Ի վերջո, նա այցելեց բժշկի։

Աղջկա հիվանդությունն այնքան սրվեց, որ նա այլևս չէր կարողանում դպրոց գնալ և ստիպված էր տնային ուսուցման անցնել։ Բարեբախտաբար, չնայած հիվանդությանը՝ աղջկան դեռևս հաջողվում էր գերազանց ու հարվածային գնահատականներ ստանալ։ Բեթին ասացին, որ եթե շարունակի այսպես սնվել, նրան շուտով հիվանդանոց կտեղափոխեն։ Աղջիկը սարսափում էր հիվանդանոց տեղափոխվելու մտքից։ Առաջին անգամ, երբ նա լսեց, որ իր հիվանդության դեպքում դա ամենահավանական սցենարն է, նա սկսեց աղիողորմ արտասվել։ Հիվանդանոցից խուսափելու ու նորմալ քաշը վերականգնելու համար Բեթն սկսեց կանոնավոր խորհրդատվություն ստանալ մարսողական խնդիրների բուժման մեջ մասնագիտացած բժշկից։ Բնականաբար, աղջկա ընտանիքի անդամների վիճակը ևս նախանձելի չէր։ Ինչպես ժողովրդական իմաստությունն է հուշում, հիվանդատերը հիվանդից ավելի հիվանդ է։ Աղջկա մայրիկը հատկապես ծանր էր տանում դստեր հիվանդությունը։

Մայրիկս լացում էր, ընտանիքիս անդամներն ասում էին, որ ես պետք է քայլեր ձեռնարկեի բուժվելու համար։ Ես խոստանում էի, որ վաղվանից կսկսեմ, սակայն վաղը երբեք չէր գալիս։ Ես ստում էի նրանց ու ստում էի ինքս ինձ։ Դա վատ սովորություն էր ինձ մոտ։

Բեթն ի վերջո իր մեջ հիվանդությունը հաղթահարելու ուժ գտավ, սակայն նրա բուժման համար մոտ 3 տարի պահանջվեց։ Ներկայումս նա 52 կգ է կշռում և ցանկանում է մի փոքր էլ գիրանալ։ Նա կարգին սնվում է ու առողջ ապրելակերպ է վարում։ Անորեքսիայով ու բուլիմիայով հիվանդներին հաճախ թվում է, թե ելք չկա, թե իրենց հիվանդությունը վերահսկողությունից դուրս է, սակայն իրականում հիվանդության հաղթահարումն անհնար չէ։ Դրա համար պարզապես կամքի ուժ ու ժամանակ է հարկավոր։ Անշուշտ, պետք է նաև դիմել մասնագետների՝ համապատասխան բուժօգնություն ստանալու համար։

Ես այսօր այստեղ չէի լինի, եթե ժամանակին չորոշեի հաղթահարել հիվանդությունը։ Երբեք մի՛ ընկրկեք։
Բեթը ցանկանում է ուսուցչուհի դառնալ։ Անորեքսիայի դաժան օրերն այսօր լոկ անցյալի մղձավանջ են թվում նրան՝ անցյալ, որն այլևս երբեք չի վերադառնա։



