Ամեն անգամ սահմանային միջադեպերից հետո ֆեյսբուքում քննարկումներ են ծավալվում, որտեղ բանախոսներն առաջարկում են, իսկ երբեմն նույնիսկ պահանջում են, որ սահմանագծին ծառայություն իրականացնեն միայն պայմանագրային «պրոֆեսիոնալ» զինծառայողներ։ Որոշ անբարեխիղճ քաղաքական-հասարակական գործիչներ էլ պարբերաբար յուղ են լցնում կրակի վրա՝ խաղալով մարդկանց սենտիմենտալիզմի, ծնողական զգացմունքների ու այլ գործոնների հետ։ Արդյունքում սկսվում է վիրտուալ աղմուկ-աղաղակ, ընդ որում, որ ասես երկու կողմերն ինչ-որ փաստարկված ու քաղաքակիրթ բանավեճ են տանում, էլի վատ չէր լինի, բայց առավելապես տեսնում ենք զգացմունքային քննարկումներ, որոնք հաճախ վերաճում են անձնավորված գզվրտոցի։
Հիմա եկեք հասկանանք էդ «Պայմանագրային-պրոֆեսիոնալ բանակը մեր գերնպատակն է» թեզի սխալականությունը և ի պաշտպանություն դրա բերվող փաստարկներից շատերի մերկապարանոցությունը։
Պայմանագրային-պրոֆեսիոնալ բանակներն ավելի մարտունակ են, քան զորակոչով համալրվող բանակները
Պատմությունը և հատկապես վերջին տասնամյակների պատմությունը ցույց է տալիս ճիշտ հակառակը։ Հին ժամանակներում պրոֆեսիոնալ ասվածը վարձկաններն ու արիստոկրատներն էին, որոնք, ունենալով ավելի մեծ փորձ ու պրոֆեսիոնալիզմ, ավելի շատ էին մտածում փառքի, թալանի և մեծ հաշվով կենդանի մնալու մասին, քան բուն պարտքի ու խնդրի կատարման, դրա համար էլ «պրոֆեսիոնալներն» ավելի քիչ էին հակված անձնազոհության, քան աշխարհազորը։
Շատ բան չի փոխվել նաև մեր օրերում։ Պայմանագրայինի համար զինծառայությունն, այնուամենայնիվ, նաև աշխատանք է, իսկ որոշ դեպքերում՝ բացառապես աշխատանք է, այլ ոչ միայն պարտք։ Սակայն, ոչ մի կերպ չեմ ուզում թերագնահատել մեր պայմանագրայիններին, առավել ևս, որ մեր բանակն այն եզակի բանակներից է, որ հաճախ պայմանագրայինի մոտիվացիան չի զիջում զորակոչիկի մոտիվացիային։ Պարզապես անդրադառնալով համաշխարհային փորձին՝ կարող եմ ասել, որ մի շարք բանակներ, որոնց մարտունակությունը կասկածի չի ենթարկվում, միշտ էլ եղել են զորակոչային. Իսրայել, Ռուսաստան, Իրան, Հարավային Կորեա, Չինաստան և այլն։
Որպես հակափաստարկ բերվում է, որպես կանոն, երկու օրինակ՝ ԱՄՆ և Շվեյցարիա։ Ժողովուրդ ջան, Շվեյցարիայի պարագայում մաքուր տեսական պնդման հետ գործ ունենք, որովհետև էդ երկիրն արդեն մի 150 տարի ոչ մի պատերազմի չի մասնակցել, որպեսզի պատկերացում ունենանք դրա բանակի մարտունակության մասին, ոչ էլ էդ երկիր են ներխուժել, որպեսզի հնարավոր լիներ ստուգել դրա դոկտրինի կենսունակությունը։ ԱՄՆ-ը միանգամայն այլ թեմա է։ Փորձը ցույց է տալիս, որ եթե տեղը գալիս է, ապա ԱՄՆ-ը լավ էլ դիմում է զորակոչի՝ ԵՀՊ, Կորեական պատերազմ, Վիետնամական պատերազմ... Իսկ վերջին տասնամյակների պատերազմներին, որտեղ ԱՄՆ-ը մարտի է նետում իր պրոֆեսիոնալ բանակը, պետք է հաշվի առնել երկու կարևորագույն գործոն. նախ՝ ԱՄՆ-ը միլիոնից ավելի պայմանագրայիններով հագեցած բանակ ունի, երկրորդն էլ՝ ԱՄՆ-ն այնպիսի տեխնոլոգիական ու նյութատեխնիկական առավելություն ուներ հակառակորդի նկատմամբ Վիետնամական պատերազմից հետո իր մասնակցած բոլոր պատերազմներում և մինչև ցամաքային ուժերը մարտի նետելը ձեռնարկում էր այնպիսի ռազմական ու քաղաքական միջոցներ, որոնց արդյունքում ցամաքային դիմադրությունն այնքան թույլ էր լինում, որ հավելյալ զորակոչի կարիք չէր գտնվում։
Ի դեպ, ստատիստիկական ևս մի հետաքրքիր տվյալ. Աֆղանստանում 2001 թվականից գտնվող ամերիկյան զորախումբը, որը բացառապես պայմանագրային զինծառայողներից էր բաղկացած, որոնք նույն հայ զինծառայողներից տասնապատիկ ավելի լավ են սպառազինված, ավելի շատ մարտական կորուստներ են ունեցել թալիբների հետ բախումներում, քան մեր բանակը 1994 թվականի զինադադարի կնքումից հետո։
«Բա մեղք չի՞ 19 տարեկան երեխեն, որ սահմանի վրա զոհվի»
Նախ, իհարկե մեղք ա, բայց կներեք էլի, ասենք՝ 30 տարեկան պայմանագրայինն ավելի քի՞չ ա մեղք։ Կամ ընդհանրապես ի՞նչ «երեխա»-ի մասին ա խոսքը, եթե բանակի հետ գործ ունենք։ Ինչպես մի անգամ ասել էր ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը. «Մեզ մոտ երեխաներ չեն, մեզ մոտ զինվորներ են»։ Հերիք է բանակին մանկապարտեզի պես վերաբերվել, զինվորին էլ՝ ծծկեր ու անօգնական երեխայի։ Ոչ մեկ զինվորին զոհվելու համար չի ճամփում սահման, ոչ էլ զինվորից պահանջում են անպայմանորեն զոհվել։ Պատերազմի մեջ գտնվող պետություն ենք, ու դա դառը անհրաժեշտություն է, և քանի դեռ չկա ոչ մի ռեալ ու ավելի լավ այլընտրանք, նման խոսակցությունները վնասից բացի ոչ մի օգուտ չեն բերում։
Ու հա, ինչքան որ պետք չի թերագնահատել մեր պայմանագրայինների վաստակը, այնքան էլ պետք չի անօգնական կատվի ձագ դարձնել մեր 19 տարեկաններին։ Մենակ վերջին տարում այդ «կատվի ձագերն» արդեն այնքան են ապացուցել, որ իրենք իրավունք ունեն տղամարդ ու զինվոր կոչվելու, որ լրիվ անտեղի են «մեղք են էդ երեխեքը» տիպի շահարկումները։
Ամփոփելով, թերևս, ասեմ, որ իհարկե, շատ պայմանագրայիններ ունենալն ու բանակի պրոֆեսիոնալիզացիան լավ բաներ են, բայց պետք չէ դա հակադրել ժամկետային զինծառայությանը և դիտարկել որպես դրա այլընտրանք։ Մեր իրականությունն ու պայմաններն այնպիսին են, որ մենք դեռ երկար տարիներ պետք է ընդունենք պրոֆեսիոնալ միջուկով ու ժամկետային կաղապարով բանակ ունենալու տարբերակի միակ արդյունավետ լինելը։



