Հնագույն քաղաքը, որը շարունակում է, հազարավոր տարիներ բնակեցված մնալով, դարերի ընթացքում պահպանել իր կարևորությունը, հազվագյուտ երևույթ է։ Կայսրություններ են տապալվում, բնակավայրեր են հողի տակ անցնում, գետերը փոխում են իրենց հունը, և աշխարհի կենտրոնը համարվող շատ բնակավայրեր գրեթե մոռացվում են այդ նույն աշխարհի կողմից։ Ժամանակակից ազգերի մայրաքաղաքներից միայն մոտավորապես 15-ն են, որ կարող են 3 հազարամյակից ավելի պատմություն ունենալ։ Ահա դրանցից 5-ը։

 5  Աթենք

athens

Աթենքի հայտնի Ակրոպոլիսի բնակեցման ամենավաղ վկայությունը հասնում է մինչև Ք.ա. 7000-5000թթ-ը։ Հունական աշխարհում իր կենտրոնական դիրքով քաղաքը դարեր շարունակ կարևոր առևտրական կենտրոն էր համարվում։ Ք.ա. 5-րդ դարում, երբ քաղաքն արդեն հազարավոր տարիների պատմություն ուներ, սկսվեց, այսպես կոչված, «Աթենական ոսկե դարը»՝ աշխարհին անգնահատելի ժառանգություն թողնելով ժողովրդավարության (Պերիկլես), դրամայի (Սոֆոկլես և Եվրիպիդես) պատմության (Հերոդոտոս) բժշկության (Հիպոկրատ) և փիլիսոփայության (Սոկրատես, Պլատոն, Արիստոել) ոլորտներում։

 4  Բեյրութ

beirut

Լիբանանի բազմազան բնակչություն ունեցող մայրաքաղաքը, որը հաճախ «Մերձավոր արևելքի Փարիզ» են անվանում, Փարիզից 3000 տարով ավելի պատմություն ունի՝ հիմնադրված լինելով Ք. ա. 250թ-ին։ Քաղաքի մասին առաջին պատմական վկայակոչումը կարելի է գտնել տեղի արքայի կողմից Եգիպտոսի փարավոնին ուղարկած նամակների մեջ մոտավորապես Ք.ա. 1400թ-ին։ Այդ ժամանակվանից ի վեր քաղաքն անցել է փյունիկյան, հունական, հռոմեական, բյուզանդական, արաբական, խաչակիրների, Օսմանյան կայսրության ու ֆրանսիական տիրապետության տակ, մինչև 1943թ-ին, ի վերջո, անկախ Լիբանանի մայրաքաղաքը դարձավ։

 3  Երուսաղեմ

jerusalem

Ք.ա. երկրորդ դարի արձանագրություններում տարածաշրջանի քաղաքները որպես «Ռուշալիմում» և «Ուրուսալիմ» են հիշատակվում, սակայն բնակավայրի ու դրա մարդկանց մասին ավելի մանրամասն նկարագրությունները կարելի է գտնել հրեական Աստվածաշնչում։ Երուսաղեմը դարձավ իսրայելացիների մայրաքաղաքը, երբ Դավիթ թագավորը գրավեց այն Ք.ա. մոտավորապես 1000թ-ին (Առաջին տաճարը կառուցվեց այստեղ Դավիթ թագավորի որդու՝ Սողոմոնի կողմից)։ Ժամանակի ընթացքում այն հաճախ գրավվել է, և ժամանակ առ ժամանակ կործանվել ինչպես Ք.Հ. 70թ-ին հռոմեացիների կողմից, սակայն միշտ կրկին վերակառուցվել։ 1948թ-ից ի վեր Երուսաղեմը կարևոր դեր էր խաղում իսրայելապաղեստինյան հակամարտության մեջ, որտեղ երկու կողմերն էլ պնդում են, որ պատմական արձանագրությունների համաձայն՝ հենց իրենք են քաղաքի օրինական հետնորդները կամ ժառանգները։

 2  Լիսաբոն

lisbon

Պորտուգալիայի գեղատեսիլ մայրաքաղաք Լիսաբոնն առաջին անգամ ծաղկում ապրեց Ք.ա. 1200թ-ին՝ որպես նավահանգիստ ծառայելով փյունիկյան առևտրային նավերի համար։ Երբ հռոմեացիները Ք․ա. երկրորդ դարում գրավեցին ժամանակակից Իսպանիան և Պորտուգալիան նրանք տաճարներով, բաղնիքներով ու թատրոններով քաղաք կառուցեցին, որն Օլիսիպո կոչեցին։ Լիսաբոնը գրավվեց մահմեդական նվաճողների կողմից 711թ-ին, սակայն 12-րդ դարում վերագրավվեց քրիստոնյաների կողմից։ «Հետազոտական արշավների դարաշրջանում» քաղաքը կառուցվում ու զարդարվում էր Բրազիլիայից, Աֆրիկայից, Հնդկաստանից ու Հարավարևելյան Ասիայից բերված  մասնիկներով։

 1  Դամասկոս

damascus

Սիրիական մայրաքաղաքը հաճախ աշխարհի ամենահին բնակեցված քաղաքն է համարվում՝ բնակեցված լինելով Ք.ա. 8000-10000թթ-ին, սակայն մի քանի այլ քաղաքներ, այդ թվում՝ Ջերիկոն Արևմտյան Ափին ու Բիբլոսը Լիբանանում նույնպես կարող են պայքարել այդ տիտղոսի համար։ Դամասկոսը հիմնադրվել է Ք․ա. երրորդ հազարամյակում Պալմիրա անվամբ՝ Ասիայի ու Աֆրիկայի խաչմերուկում ու դարձել ցանկալի ավար շատ տերությունների համար։ Արամեական, ասորական, իսրայելական ու բաբելոնյան իշխանության տակ գտնվելով՝ Ք.ա. առաջին դարում այն գրավվեց Հռոմի կողմից և հետագայում դարձավ Բյուզանդական կայսրության համար կարևոր ռազմավարական կենտրոն։ 7-րդ դարում մահմեդական նվաճողների տիրապետությանն անցնելով՝ Դամասկոսը դարձավ Ումայադ խալիֆայության՝ առաջին իսլամական պետության մայրաքաղաքը։ Մինչև Միջին դարեր քաղաքը ծաղկուն մետրոպոլիս էր, որը դեպի իրեն էր գրավում արվեստագետներին ու արհեստավորներին ամբողջ աշխարհից։

1867թ-ին Մարկ Տվենը քաղաք իր այցելության մասին գրել է. «Դամասկոսի համար տարիները միայն պահեր են, դարերը՝ ժամանակի մեջ ճախրող մանրուքներ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել