Armenpress.am-ը գրում է.

Գիշերը հայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական սահմանին համեմատաբար հանգիստ է եղել:


«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ նախորդ շաբաթվա համեմատությամբ կրակոցների թիվը նվազել է, լարվածության աստիճանը` նույնպես:


«Կարելի է ասել, որ լարվածությունը նվազել է, կրակում են, բայց ոչ այն ուժգնությամբ և քանակությամբ, ինչպես նախորդ շաբաթ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ հակառակորդի «լռությունը» պայմանավորված է հայկական զինված ուժերի պատասխանով և այն գործողություններով, որոնք նրանք կատարում են սահմանին անվտանգությունը պահպանելու համար:


Անդրադառնալով շարքային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի՝ հակառակորդի կողմն անցնելու փաստին, Հովհաննիսյանն ասաց, որ դեպքի մանրամասները քննվում են, իսկ ՊՆ Քննչական ծառայությունն արդեն գործ է հարուցել սահմանը անօրինական կերպով հատելու առնչությամբ:


Հիշեցնենք, որ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել