Վերջին տարիներին մեծ տենդենց կա Քաղաքացի կերտելու ուղղությամբ: Ընդհանուր առմամբ դրական եմ վերաբերվում այդ գործընթացին, բայց ինձ համար այդտեղ մի մեծ բաց կա: Համադրումը: Ավելի ճիշտ համադրման բացակայությունը, հակադրման փորձը: Իմ կարծիքով՝ քաղաքացին հայրենասերի հետ չպետք է հակադրվի: Բայց կա տենդենց նման բան անելու: Առաջ քաշելով վայ-հայրենասերների պահվածքը՝ փորձ է արվում հայրենասիրություն երևույթի ստորադասում իրականացնել: Օրինակ նման մի արտահայտությամբ՝ «հետո ի՞նչ, որ մի քանի հազար տարի առաջ քո ազգը հզոր է եղել, ի՞նչ է այն իրենցից ներկայացնում այսօր» և այլ նմանատիպ մտքերով: Իհարկե, կան շատ մարդիկ, որ մեծ-մեծ խոսալուց բացի՝ ուրիշ բանի ունակ չեն: Բայց դա չի նշանակում, որ դրա պատճառով բոլորին պիտի մի հարթության մեջ խցկել ու քլնգել: Եթե անցյալդ գնահատում ես, բայց ներկադ բանի պետք չի, ու չես էլ ուզում մատդ մատին տալ ինչ-որ բան անելու համար, բնականաբար, դա շատ վատ է: Բայց եթե դու մենակ ներկայով ես ապրում, ու քեզ չի հուզում քո անցյալը, այդ դեպքում դու դառնում ես անդեմ արարած: Այնինչ այս ամենը պիտի համադրել և, անցյալն իմանալով, դրա վրա հանվելով, ապրել ներկան և կերտել ապագան:
Ուղղակի քաղաքացի չի լինում: Լինում է ինչ-որ ազգություն, ժողովուրդ կամ պետություն ներկայացնող քաղաքացի: Ուղղակի քաղաքացի լինել ցանկացողները կարող են ցանկացած վայրում լինել այդ քաղաքացին, օրինակ՝ ԱՄՆ-ում կամ Եվրոպայում: Բայց եթե դու ուզում ես քաղաքացի լինել Հայաստանում, ուրեմն պիտի լինես հայ քաղաքացի: Ներկայացնես ոչ միայն քո անձնական շահերն, իրավունքները և պարտավորությունները, այլև քո ազգի: Իհարկե, խոսքը չի վերաբերվում այլազգի փոքրամասնություններին: Օրինակ՝ եզդին էլ է Հայաստանի քաղաքացի: Եվ շատ լավ եզդի ՀՀ քաղաքացիներ էլ կան: Խոսքը վերաբերվում է քո տեսակին ուրանալ կամ չուրանալուն: Վերացական քաղաքացի գաղափարն առաջ քաշելով՝ փորձ է արվում ազգություն գաղափարը սվաղել: Դա անբնական երևույթ է: Իսկ տիեզերքում անբնական երևույթները երկար կյանք չեն ունենում:
Կեցցե հայ քաղաքացին: