1in.am–ը գրում է.

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ ավարտվել է Գագիկ Ս.-ի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 40-ամյա Գագիկը 2014 թվականի հունիսի 30-ին, ժամը 10-ի սահմաններում ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով՝ գնացել է նախկին կնոջ՝ Հրանուշի (անունը փոխված է) հետ զրուցելու:
Վերջինս հայրական տանն է ապրել:
Տան բակում Հրանուշի մայրը՝ Գագիկի նախկին զոքանչը, պահանջել է, որ Գագիկը հեռանա իրենց բակից: Ասել է, թե Հրանուշը տանը չէ:
Գագիկը հայհոյել է, սպանության սպառնալիքներ է տվել նախկին կնոջ հասցեին:
Նա բակում տեսել է Հրանուշին, վազել է նրա հետևից, իսկ երբ կինը տուն է մտել ու փակել է դուռը, Գագիկը կոտրել է դռան բռնակը: Նա շարունակել է սպանության սպառնալիքներ տալ Հրանուշի հասցեին, մի քանի անգամ հարվածել է պատուհանի ապակուն՝ վախի մթնոլորտ ստեղծելով, ինչի պայմաններում Հրանուշն ու նրա հարազատները սպանության սպառնալիքներն իրական են ընկալել:
Գագիկ Ս.-ն մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով:
Գագիկն ու Հրանուշն ամուսնացել էին 1997 թվականին:
Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում երկու երեխա են ունեցել՝ ծնված՝ 1998 և 2002 թվականներին:
Հետագայում ամուսինների հարաբերությունները վատացել են:
Վիճաբանությունները հաճախակի են դարձել:
Հրանուշը 2013 թվականի մայիսին հեռացել է Գագիկից՝ բնակություն հաստատելով իր հայրական տանը՝ այլ գյուղում: Նա երկու երեխաներին թողել է Գագիկի խնամքին:
Դատարանում Գագիկն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել:
Պատասխանելով դատավարության կողմերի հարցերին՝ Գագիկն ասել է, թե դեպքի օրվա առավոտյան եղել է դստեր քոլեջում, տեղեկացել է, որ դուստրը բարձր գնահատական է ստացել:
Ուրախությունից օղի է գնել, խմել, ապա մեքենայով գնացել է նախկին կնոջ գյուղ, որպեսզի նրան էլ հայտնի ուրախ լուրը՝ երեխայի բարձր գնահատականի մասին:
Բակում հանդիպել է նախկին զոքանչին: Նա իրեն նախատել ու ասել է. «Մի տարի Հրանուշից լուր չես ունեցել, նո՞ր ես հիշել»:
Ինքը զայրացել է այդ խոսքերից, հայհոյել է, նույնիսկ չի ասել, թե ինչու է եկել:
Գագիկն ասել է, թե ինքը դեպքի պահին Հրանուշի հետ չի վիճել, նրա հետևից չի վազել, նրան սպանության սպառնալիքներ չի տվել, չի կոտրել դռան բռնակը: Այդ բռնակը միշտ էլ կոտրված է եղել:
Ինքը մոտեցել է, որ դուռը բացի, բայց դուռը չի բացվել:
Ինքը պատուհանին չի հարվածել: Պլաստմասսայից շիշը շպրտել է պատուհանին, որովհետև ներսից Հրանուշն իր վրա տարբեր առարկաներ էր նետում: Դեպքի ժամանակ իր մոտ ոչինչ չի եղել, որ սպանություն կատարեր կամ վնաս հասցներ:
Տուժող Հրանուշը հայտնել է, թե Գագիկից հեռանալուց հետո էլ իրենց հարաբերությունները մնացել են լարված:
Գագիկն անընդհատ հետևել է իրեն, գիշերային ժամերին իրենց տուն է եկել, հայհոյել է իրեն ու իր ընտանիքի մյուս անդամներին:
Դեպքի օրը Գագիկը բակում քաշքշել է իր մորը: Եղբոր կինը դուրս է եկել, որ նրան սաստի: Բայց Գագիկը հայհոյել է, փորձել է տուն մտնել: Նա հայհոյել է նաև իր մահացած քրոջը: Այդ պատճառով ինքը վրդովվել ու բակ է դուրս է եկել:
Գագիկն իրեն տեսել ու վազել է իր հետևից, սպառնացել է, թե կսպանի: Ինքը տուն է մտել, ներսից դուռը փակել է…
Աղմուկի վրա իրենց բակ են մտել հարևանները: Բայց նրանց ներկայությամբ էլ Գագիկը շարունակել է գոռալ. «Դուրս արի, քեզ սպանեմ, դնեմ քրոջդ մոտ», «Դուռը բացի, սատկացնեմ քեզ, միլիցեքը գան տեսնեն, ու ես գնամ»…
Ինքը այդ սպառնալիքներից իրական վտանգ է զգացել, զանգել է ոստիկանություն:
Տուժողը հայտնել է, թե բողոքում է ու ցանկանում է, որ Գագիկը ենթարկվի քրեական պատասխանատվության:
Գագիկի նախկին զոքանչը հայտնել է, թե բակում Գագիկը հրել է իրեն, պահանջել է ճանապարհ տալ, որ տուն մտնի ու Հրանուշին սպանի: Ինքը վախից ասել է, որ Հրանուշը տանը չի: Գագիկն իրեն հրել ու ասել է. «Չոլա՛խ, դեմիցս գնա, քո աղջկան ես պտի սպանեմ»:
Այդ պահին Հրանուշը տանից դուրս է եկել: Ինքը գոռացել է, որ նա տուն մտնի, դուռը փակի ու զանգի ոստիկանություն:
Գագիկը վազել է Հրանուշի հետևից, բայց ոտքը սայթաքել է, չի հասել նրան: Եթե Հրանուշին բռներ, հաստատ կվնասեր: Գագիկն ասում էր. «Ինչ ուզում եք՝ արեք, ես իմ անելիքը պտի անեմ»…
Դռան բռնակը քաշքշել է, որ դուռը բացի: Բռնակը կոտրվել է: Գագիկն այդ կոտրված բռնակը նետել է իր վրա, բռնակը դիպել է իր ծնոտին:
Հարևանների ներկայությամբ էլ է Գագիկը սպառնացել, որ Հրանուշին սպանելու է: Դա իրական սպառնալիք է եղել:
Ոստիկանները եկել ու Գագիկին տարել են:
Դեպքի պահին Գագիկը եղել է միջին աստիճանի խմածության վիճակում:
Դատարանը հաշվի է առել, որ Գագիկի խնամքին են 3-րդ խմբի հաշմանդամ մայրը և երկու անչափահաս երեխաները: Գագիկն ընտանիքի միակ կերակրողն է: Ավագ երեխան՝ դուստրը, տեսողության հետ կապված լուրջ հիվանդություն ունի:
Դատարանը նկատի է առել, որ ամուսնալուծությունից հետո Հրանուշը հեռացել է՝ երկու երեխաների խնամքը թողնելով Գագիկի վրա: Վերջինս պատշաճ կերպով է զբաղվել երեխաների խնամքով, դաստիարակության հարցերով, դպրոցում և քոլեջում երեխաները լավ են սովորել, դպրոց են գնացել խնամված ու կոկիկ:
Դատարանը Գագիկ Ս.-ին մեղավոր է ճանաչել նախկին կնոջ հասցեին սպանության սպառնալիքներ հնչեցնելու համար, նրան դատապարտել է 150 հազար դրամ տուգանքի:
Այս գումարը կարող էր ծախսվել երեխաների համար, տեսողական խնդիրներ ունեցող աղջկա բուժման համար, եթե մարդիկ թեկուզ ամուսնալուծությունից հետո հանուն երեխաների քաղաքակիրթ հարաբերություններ պահպանեին…



