Տարիներ շարունակ սնվելով ընդդիմության խոստացած թեժ գարուն-աշուն հավաքածուի ցուցադրության ակնկալիքով և անեկդոտ դարձած ռեժիմի խուճապահարության հավաստիացումներով` բոռզիների օրենքներով քաղաքական դաշտի ոչ իշխանական զանգվածի բացարձակ անէացման փաստը վերջակետ դրեց նոր Հայաստանում ապրելու փայփայած փոքրիկ երազանքի վրա:
Մի քանի դախացած հումոր, «Տեսաք, որ ասում էի» արտահայտությամբ սկսվող ու սեփական պայծառատեսության փաստն ամրագրող վերլուծություններ, հիստերիկ մի քանի ստատուս և վերջ: Մեռելային անդորր, որը ոչ մի կապ չունի ալեկոծությունից առաջ տիրող անդորրի հետ:
Մի կողմ դնելով հասարակության անտարբեր, խաբված, հիասթափված շերտերին, որոնք այլևս ոչնչի չեն հավատում և նրանց, ովքեր ի կատար ածեցին իրենց երազանքը` հավերժական իշխանությունը պահպանելու, հաստատ կան մարդիկ, որոնք ի զորու են փրկելու մեր երկիրը: Ես հատուկ չեմ նշում իշխանափոխություն, հեղափոխություն, հեղաշրջում ինձ համար արդեն արժեզրկված եզրույթները:
Պատմությունը, կյանքը միշտ առաջ է գնում, և ստիպել հասարակությանը տեղում դոփել ու չզարգանալ` անհնար է:
Մի գեղեցիկ օր եթե ոչ մենք, ապա հաստատ մեզ կստիպեն, որպեսզի վերջ դրվի ֆեոդալական իշխանական համակարգին: Ի վերջո, դա դարի հրամայականն է: Մի օր հենց Հայաստանում ապրող և արարող արժանի երիտասարդները, որոնց գիտական և զարգացածության աստիճանը մի քանի հարյուր անգամ գերազանցում են «հայաթի» բարքերով առաջնորդվող, սեփական անուն ազգանունները տառասխալներով գրող, ցեխավիկների հոգեբանությամբ, հաճախ վարժեցված շների վարքագիծ դրսևորող, տարրական էթիկայի կանոններից անտեղյակ, պալատական ծաղրածուների «գիտական» ցենզին: Վաղ թե ուշ, այս ամենն այնքան ճչացող է արտահայտվելու, որ այլ ճանապարհ այլևս չի լինելու:
Երբևէ նույն արշինով չեմ չափում անգամ նույն նավի նավաստիներին: Անկախ ամենից ու անտեսելով կուսակցական պատկանելիությունը՝ չեմ կարող օբյեկտիվ չլինել: Այսօրվա ԱԺ-ում հաշվել եմ գոնե 30 պատգամավորի, որոնք հաստատ շատ խելացի մարդիկ են, ու եթե իրենք էլ դեն նետեն, համենայնդեպս, ինձ համար լրիվ անիմաստ, կուսակցական տոմսերը, և նրանց թույլատրվի աշխատել երկրի զարգացման ու առաջընթացի համար, ապա վստահ եմ, որ մնացյալ 101-ը կարող են հանգիստ ազատել մեզ իրենց փուչ ներկայությունից...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.petrosyan.7/posts/775615395853342?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել