GalaTV.am-ը գրում է․
Առնվազն 37 քուրդ են զոհվել Սիրիայի Էլ-Հասիկա քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, 96-ը ստացել են մարմնական վնասվածքներ: Ինչպես հաղորդում են երկրի ՆԳ նախարարությունից, մահապարտ ահաբեկիչները քաղաքի կենտրոնական հրապարակում պայթեցրել են երկու ավտոմեքենա Նովրուզի (արեւային օրացույցով Նոր տարի) տոնակատարության ժամանակ:
Ըստ տեղեկությունների, զոհերի թիվը կարող է աճել:Ավելի քան 20 մարդ գտնվում են ծանր վիճակում, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար: Ականատեսները փաստում են, որ տուժածների մեծամասնությունը կանայք եւ երեխաներ են, ովքեր մասնակցում էին տոնակատարությանը:
Քրդերն ահաբեկչության պատասխանատու են համարում «Իսլամական պետության» զինյալներին: Արյունոտ հարձակումների հետ կապված քննադատական ելույթներով հանդես են եկել նաեւ Էլ-Հասիկայում բնակվող արաբական ցեղախմբերի ներկայացուցիչները:
Սիրիայի հյուսիսարեւելյան շրջանում քրդական պաշտպանական ուժերը մարտնչում են ԻՊ-ի զինյալների դեմ Թուրքիային սահմանակից Ռաս-էլ- Այն քաղաքում:
Քրդական ստորաբաժանումները ասորական կազմավորումների հետ միասին մարտեր են մղում նաեւ Թել-Թամարա քաղաքում: Փետրվարի 23-ին գրավելով 11 քրիստոնեական գյուղեր, ծայրահեղականները գերի են վերցրել ավելի քան 200 տեղաբնակ ասորիների: Նրանց ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ: