1in.am-ը գրում է․
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ սկսվեց Անդրանիկ Գևորգյանի գործի դատական քննությունը:
Նոր Արեշի 53-ամյա բնակիչ Անդրանիկ Գևորգյանը, ըստ մեղադրանքի, 2014 թվականի հոկտեմբերի 14-ին, առավոտյան ժամը 9-ն անց 30-ին պարտքը չվերադարձնելու հարցով վիճել է իր հարևան Արմեն Ա.-ի հետ:
Վիճաբանության ժամանակ Անդրանիկը, առաջադրված մեղադրանքի համաձայն, հարևան Արմենին սպանելու դիտավորությամբ իր մոտ եղած խոհանոցային դանակով երեք անգամ հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին և պարանոցի ձախ կեսի, ձախ բազկի ու որովայնի առաջնային մակերեսի՝ մեծ ճարպոնի վնասմամբ թափանցող վերքերի ձևով Արմենի առողջությանը հասցրել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Ըստ մեղադրանքի՝ Անդրանիկը հանցավոր դիտավորությունը մինչև վերջ չի հասցրել՝ չի սպանել Արմենին՝ իր կամքից անկախ հանգամանքների բերումով՝ միջամտել է մեկ այլ հարևան, ով Անդրանիկի թևից բռնել ու մի կողմ է հրել՝ այդ կերպ կանխելով տուժողի մարմնին հասցվելիք հետագա հարվածները:
Անդրանիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով:
Մեղադրանքում նշված պարտքը, որ դարձել է հարևանների վիճաբանության պատճառ՝ մոտ 10 հազար դրամ է եղել: Դեպքից որոշ ժամանակ առաջ հարևանները կոյուղագիծ էին քաշել, մեկը մյուսի փոխարեն, միգուցե, վճարել էր…
Դեպքի օրվա առավոտյան Անդրանիկը, Արմենին տեսնելով, հիշեցրել է, որ նա կոյուղագիծը փոխելու ժամանակից իրեն փող է պարտք, և պահանջել է պարտքը վերադարձնել… Դրան հետևել են վիճաբանությունն ու դանակի հարվածները…
Անդրանիկ Գևորգյանը նախկինում 3 անգամ դատվել է: Վերջին երկու անգամը՝ 2004 և 2011 թվականներին: 2004 թվականին նա դատապարտվել է զենքի գործադրմամբ խուլիգանության, իսկ 2011 թվականին՝ ՀՀ քրեական օրենսգրքի112 հոդվածի 1-ին մասով՝ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար: Տուժողը եղել է… Անդրանիկի որդին, Անդրանիկն իր հարազատ որդուն է ծանր վնասվածք հասցրել, դրա համար է դատապարտվել, և այդ դատվածությունը մարված չէր այն պահին, երբ հարևանին էր դանակով հարվածներ հասցնում…
Որդուն, ապա հարևանին ծանր վնասվածքներ հասցնելու վերաբերյալ Անդրանիկը, դատական նիստից դուրս, ասաց. «Ինքնասիրության հարց է եղել… Բաներ կան, որ չեն ներվում…»: Հարևանին սպանելու դիտավորություն ինքը չի ունեցել՝ պնդեց Անդրանիկը և ավելացրեց. «Եթե սպանելու միտք ունենայի, նրա վիզը վաղուց էի կտրել…»:
Արտաքուստ ամբաստանյալ Անդրանիկ Գևորգյանը «ինքնասիրության» համար կենաց ու մահու կռիվ տվողի նման չէր, հանդարտ էր թվում, բայց կենսագրության փաստերը նրա վարքագծի մասին այլ բան էին ասում…
Այս գործի քննությունը դատարանում սկսվելուց առաջ Անդրանիկ Գևորգյանը մի քանի «հրաժարում» էր ունեցել: Նախ՝ նա հրաժարվել էր ստանալ մեղադրական եզրակացության պատճենն ու իր իրավունքների, պարտականությունների հուշաթերթը՝ դրա մեջ ինչ-որ «վտանգավոր» բան տեսնելով: Դատարանում ամբաստանյալը պատճառաբանեց, թե հիշյալ փաստաթղթերը չի ստացել, որովհետև իրեն առաջարկել են ստորագրել՝ նոր ստանալ, բայց ինչպե՞ս ստորագրեր, երբ դեռ չէր կարդացել, թե ինչ է ստանում…
Դատարանը ամբաստանյալին տրամադրեց մեղադրական եզրակացության պատճենը և հուշաթերթը:
Անդրանիկը հրաժարվել էր նաև նախաքննության ժամանակ իր շահերը պաշտպանած փաստաբանից: Դատարանում նա խնդրեց իրեն ապահովել հանրային պաշտպանով, որովհետև ինքն անվճարունակ է:
Անդրանիկ Գևորգյանի շահերը դատական քննության ժամանակ կպաշտպանի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Ա. Ֆանյանը:
Դատական նիստին չէր ներկայացել տուժողը, դատարանը տեղեկացվել էր, որ տուժողը վատառողջ է:
Դատական հաջորդ նիստին՝ մարտի 24-ին կսահմանվի ապացույցների հետազոտման կարգը, և կսկսվեն հարցաքննությունները:



