Քամելիոնները հայտնի են իրենց գույնը փոխելու կարողությամբ։ Նրանք կարողանում են փոխել իրենց երանգները, ինչը տարիներ շարունակ ապշեցնում է գիտնականներին։

Այժմ գիտնականներն, այս փոքր սողուններից օրինակ վերցնելով, այնպիսի նյութ են ստեղծել, որը քամելիոնների նման կարողանում է փոխել իր գույները։
Նյութը ստեղծվել է Կալիֆորնիայի Բերքլի համալսարանի էլեկտրական ճարտարագիտության պրոֆեսոր Քոնի Չանգ-Հասնեյնի և նրա ուսանողներ Լի Ժուի, Ջեյմս Ֆեռարայի և Ջոնաս Կապրունի կողմից։ Պրոֆեսորը պատմել է, թե ինչպես են նրանք ստեղծել այս նոր նյութը։ Ամեն ինչ սկսվել է քամելիոնի մաշկի գույնի փոփոխության մասին իրենց ունեցած գիտելիքների քննարկումից։ Բարքլիի գիտական հետազոտական թիմն այնուհետև սիլիկոնից գույնը փոխող ժապավեն է ստեղծել՝ օգտագործելով քամելիոնի մաշկի արագ փոփոխության տեխնիկան՝ «կառուցվածքային գույնը»։
Անցնող շաբաթ Ջենովայի համալսարանի գիտնականների թիմը «Nature Communications» գիտական պարբերականում հրապարակված իրենց հոդվածում բացահայտել է, որ քամելիոնի գույների արագ փոփոխության գաղտնիքը սողունի մաշկի նանոբյուրեղիկների ցանցի մեջ է։ Տեսողական այս ֆենոմենը «կառուցվածքային գույն» են անվանում։

Լույսը կլանելու և այն որոշակի ալիքների երկարությամբ արտազատելու փոխարեն, ինչպես ներկերի կամ պիգմենտների դեպքում է, «կառուցվածքային գույներն» արտադրվում են եռաչափ մակերեսի հետ լույսի ֆիզիկական շփումից։ Երբ լույսը բախվում է ակոսներին՝ նանոբյուրեղներին, տարբեր ալիքներ տարբեր ձևով են ճկվում ու բեկվում։ Սա հանգեցնում է որոշ ալիքների միմյանց բախման, մինչ մյուսներն արտացոլվում են՝ այսպիսով մեզ ստիպելով տեսնել որոշակի գույներ։ Կառուցողական գույները կախված են լույսի երկրաչափությունից և նանոմակերեսից, ու տարբեր անկյուններից տարբեր գույներ են երևում։ Բզեզի պատյանի գույների փոփոխությունը նույնպես «կառուցվածքային գույների» վառ օրինակ է, սակայն քամելիոնն իսկապես կատարելացել է գույները սեփական կամքով փոփոխելու համար նանոկառույցները վարպետորեն փոխելու արվեստում։
Ցանցի տեսքով բուրեղիկներից բացի՝ քամելիոնի մաշկն իրականում դեղին ու կարմիր պիգմենտներ ունի, որոնք բյուրեղիկների արտացոլանքից մգանում կամ ավելի վառ են դառնում՝ փոխելով կառուցվածքային գույնը։
Քամելիոնի օրինակով գիտնականների կողմից ստեղծված այս նյութը սիլիկոնե ճկուն վանդակներից է ստեղծված, որոնք 100-120 նանոմետր հաստություն ունեն, ինչը մարդու մազի տրամագծի 1/1000-րդ մասն է կազմում։
Այսպիսի նյութը դժվար կլիներ ստեղծել ավելի վաղ, քանի որ համակարգչային ճշգրիտ հաշվարկներ է անհրաժեշտ նանովանդակների միջև ճիշտ հեռավորությունը որոշելու համար, այնպես որ դրանց գույները քամելիոնների մաշկի գույնի փոփոխության տեխնոլոգիայով կարողանան փոխվել։
Այս հայտնագործությունը կարող է բեկումնային լինել սենսորային տեխնոլոգիաների մեջ։



