Հայ սերիալասերների պատկառելի բանակը, որը, մեղմ ասած, հուսալքվել էր «Հարազատ թշնամու»  մոտալուտ ավարտի ազդարարման պատճառով, օրերս իր «հայացքն ուղղեց» դեպի Արմենիա TV-ի եթեր մուտք գործած նոր՝ «Բախտաբեր» հեռուստանովելը: Ու պետք է ենթադրել, որ առաջին հանգամանքը, որը հետաքրքրել է նրանց` մի ամբողջ շարք սիրված դերասաններն են, որոնք տևական դադարից հետո կրկին հեռուստաէկրան են վերադարձել:

Նոր սերիալի աստղաբույլի կազմում են Սոս Ջանիբեկյանը, Սարգիս Գրիգորյանը, Էթերի Ոսկանյանը, Հարություն Մովսիսյանը, Սոֆի Դևոյանը, Անժելա Սարգսյանը...  Իսկ նկարահանման հրապարակում նրանց մեկտեղել են պրոդյուսեր Էդգար Ավագյանը և ռեժիսոր Վահե Սայանը, որը ժամանակին նկարահանել է «Կյանքի գինը» և «Վերադարձ» վարկանիշային սերիալները: Նշենք, որ ի սկզբանե նախագիծը կյանքի է կոչվել «USArmenia TV»-ի պատվերով և այսօր էլ շարունակում է էկրանների մոտ հավաքել ամերիկահայ հեռուստադիտողին:

Սցենարի հեղինակ Անահիտ Մխիթարյանի մտահղացմամբ` ֆիլմի հիմքում առօրեական մի պատմություն է, ավելի ճիշտ` սոցիալական դրամա, որը ծավալվում է սիրային եռանկյունու շուրջ: Իսկ վերջինիս «անկյուն» կազմող հերոսներին մարմնավորում են Էթերի Ոսկանյանը, Սոս Ջանիբեկյանը և Սարգիս Գրիգորյանը: Պարզունակ կլիներ ասել, որ սերիալում այս երկու առնական երիտասարդները բարու ու չարի մարմնավորումն են: Դավիթը բարեկիրթ ու պատվախնդիր անձնավորություն է, զոհված ազատամարտիկի որդի, որը գնում է ծառայելու այնտեղ, որտեղ ժամանակին հայրն է կռվել: «Չգիտեմ` բարեբախտաբար, թե ցավոք սրտի, բայց, մեծ հաշվով, ինձ կրկին բաժին է հասել մարմնավորել ֆիլմի սիրային հերոս կոչվածին»,- ասել է Սոսը:

Սարգիս Գրիգորյանի խոսքով էլ, թեպետ իր հերոսը Դավթի հակառակորդն է, այնուամենայնիվ, նրան դժվար թե հակահերոս անվանես: Կերպարիս մեջ մինչ այժմ որևէ «հակա» կողմ չեմ տեսել,- ասել է նա: - Նորմալ տղա է, ով ցանկանում է հասնել սիրած աղջկան, լավ ընտանիք կազմել և...  խոչընդոտների է հանդիպում, քանի որ իր ընտրյալը մեկ ուրիշին է սիրում:

Ինչ վերաբերում է սերիալի գլխավոր հերոսուհուն, որը, Դավթին սիրելով հանդերձ, ինչ-ինչ հանգամանքների բերումով ընդունում է մեկ ուրիշի սիրո առաջարկությունը, ապա նրան մարմնավորող Էթերի Ոսկանյանի կարծիքով` նման պատմություններ իրական կյանքում հաճախ են պատահում: «Ես ամենևին չեմ մեղադրում, այլ փորձում եմ հասկանալ, եթե չասենք` արդարացնել այդ աղջկան»,- ասել է դերասանուհին:

Հետաքրքիր է, որ այս եռյակը նույն նկարահանման հրապարակում երբևէ չի հանդիպել: Երեքի համար էլ հետաքրքիր էր հայտնաբերել միմյանց մասնագիտական ունակությունները: Ինչպես նկատել է Սոս Ջանիբեկյանը, էկրանին միշտ հավանել է Սարգիս Գրիգորյանի խաղը, տեսակը, նույնիսկ պատկերացրել է, թե ինչպես պիտի միասին խաղան: Իսկ Էթերիի խաղին չեմ հետևել, բայց պետք է ասեմ, որ շատ շնորհալի դերասանուհի է, լավ խաղընկեր, որի հետ հեշտ է աշխատել,- ասել է Սոսը` հավելելով,- շատ լավ կեցվածք ունի, գեղեցիկ է ու կերպարին համահունչ:

Հարկ է նշել, որ այս սերիալը դարձավ վիտամինցի Արմուշի` Արման Խաչատրյանի կինոդեբյուտը: Նա մարմնավորում է Դավթի բանակային ընկերոջը: Հումորիստը խոստովանել է, թե քանի որ կինոն իր համար նոր ժանր է, սկզբնական փուլում որոշ բարդություններ է ունեցել: Բայց երկրորդ-երրորդ նկարահանումից հետո ամեն ինչ տեղն ընկավ: «Հերոսս փոքր-ինչ տաքարյուն է, ինչն ինձ էլ է բնորոշ: Բայց իմ մեջ, ի տարբերություն նրա, գոնե ռոմանտիզմ կա»,- ասել է նա:

Ինչպես վստահեցնում են սերիալի հեղինակները, այս նախագծին մոտ մեկ տարի են նախապատրաստվել, ինչը թույլ է տալիս նվազագույնի հասցնել բացթողումներն ու կիքսերը: Ռեժիսորի փոխանցմամբ` սերիալը երկարատև կլինի, նախատեսում են նաև նկարահանումներ անել ԱՄՆ-ում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել