Դերասան Աշոտ Մելոյանը՝ իր նիհարելու գաղտնիքի մասինSlaq.am-ը գրում է.

Արդեն տևական ժամանակ է, ինչ դերասան Աշոտ Մելոյանի լուսանկարները գրավել են համացանցային տիրույթը: Slaq.am-ը փորձեց պարզել անձամբ նրանից, թե ինչպես և ինչ մեթոդներով է դերասանին հաջողվել այդչափ նիհարել:

Ինչպե՞ս է Ձեզ հաջողվել այդչափ նիհարել, ինչպիսի՞ մեթոդներ եք կիրառել:

Ես հետևել եմ Հայկազ Սարգսյանի դասախոսությանը: 2014 թ-ի հունվարից սկսել եմ ուսումնասիրել այդ մարդուն, նրա գիտությունը ու կամաց-կամաց կիրառեցի ինձ վրա: Գիտությունը, իրականում, գոյություն ունի. դա մոռացված ճշմարտությունն է: Մեր օրգանիզմը կանոններ ունի: 21-րդ դարում մարդիկ ուտելիքները խառնել են` չգիտակցելով, որ դա վնասում է, կյանքը կրճատում, իսկ այդ գիտությունն այն է, որ օրգանիզմը կանոն ունի, որին պետք է հետևել: Իսկ կանոններին հետևելով` ճիշտ սնվելու դեպքում, մարդը մնում է անատոմիական ճիշտ քաշին: Հետևաբար, երբ այդ ավելորդ զանգվածը դուրս է գալիս, մարդը մնում է այն քաշին, որին որ պետք է լինի: Խոսքը համատեղելի սննդի մասին է, որը դիետայի հետ ընդհանրապես կապ չունի: Ինձ շատ են հարցնում, թե ինչ դիետա է, սակայն սա դիետա չէ:

Որքա՞ն եք նիհարել այս ընթացքում:

Ես 51 կգ նիհարել եմ իմ քաշից: Ուղղակի կարգավորել եմ սննդակարգը:

Հետաքրքիր է, որ սովորաբար այդչափ նիհարելու դեպքում կաշին թուլանում է, սակայն Ձեր նկարներից հստակ երևում է, որ այդպես չէ:

Ուտելիքը ճիշտ ընտրված պետք է լինի, համատեղելի լինի, և այդ ինֆորմացիան հաղորդում եք ուղեղին, ուղեղը հաստ աղիին. հաստ աղիում է սինթեզվում ամեն ինչ: Հետևաբար կաշին չի թուլանում, իսկ երբ դիետոլոգները արհեստական դնում են հատուկ կաղապարի մեջ` ասելով, որ պետք է այս ուտես, այն ուտես, օրգանիզմն էլ սթրես է ապրում, հետևաբար և կաշին կախվում է:

Դուք որևէ տեսակի սննդից չե՞ք հրաժարվել:

Ոչ, բացառությամբ միայն սպիտակ հացից: Սպիտակ հացը ոչ մի բան է ու նեխում է օրգանիզմում:

Դիետաներում շատ ենք հանդիպում երեկոյան 6-ից հետո չուտելու խորհրդին:

Դա հիվանդ մարդկանց երևակայությունն է: 6-ից հետո կարելի է 2 անգամ սնվել, բայց գրագետ: 6-ից հետո չի կարելի քաղցր օգտագործել ու, ցանկալի է, եփված ուտելիքներ չուտել: Պետք է եփած ուտելիքից հրաժարվել և ուտել հում ուտելիքներ. մարդու օրգանիզմում հում ուտելիքը մարսվում է շատ արագ: Քնելուց 3-3.5 ժամ առաջ պետք է լինի վերջին ուտելիքը, և ավարտում ենք երեկոն մեկ բաժակ սառը ջրով` քնելուց առաջ:

Սառը ջու՞ր, ավելի հաճախ շրջանառվում է գոլ ջրի տարբերակը:

Ոչ սառը ջուր, եռացրած բոլոր ջրերը, այդ թվում թեյերը մեռյալ ջրեր են:

Իսկ ի՞նչ կասեք մեր՝ հայերիս, սիրելի տապակած մսերի մասին՝ խորոված և այլն:

Կրակի վրա արված խորովածը շատ ավելի օգտակար է, քան ջրի մեջ խաշված միսը: Ցավոք, մեր դիետոլոգները չգիտեն դրա մասին: Նրանք միշտ հրամցնում են խաշած միսը, բայց խաշածն ու շոգեխաշածը տարբեր բաներ են: Ջրի հետ շփում պետք է չլինի: Պետք է գոլորշիով եփվի, ոչ թե ջրի մեջ: Խորոված միսն ավելի օգտակար է: Խորովածի հետ պետք է ուտել մեծ քանակի բանջարեղեն, որպեսզի մսի թույները դուրս գան: 100 գրամ խորոված մսի հետ պետք է օգտագործել 300-ից 400 գրամ բջջանյութ կամ բանջարեղեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել