Ինքնասպանություններն օր օրի ավելանում են, և այդ տհաճ երևույթը տարածվել է երիտասարդների և պատանիների մեջ: Խնդիրները շատ են, ու մարդիկ ինքնասպան են լինում տարբեր պատճառներով: Այսօր չեմ անդրադառնա բոլոր պատճառներին, բայց ուզում եմ խոսել մի խնդրի մասին, որը մենք կարող ենք վերացնել:
Շատ մարդիկ ունեն մեկուսացման խնդիր: Նրանք կարծում են, որ իրենց հատկացված ուշադրությունը շատ քիչ է և սթրեսային իրավիճակում են հայտնվում: Այդ վիճակից չեն կարողանում դուրս գալ, որովհետև այն հիմնականում չի նկատվում, և տրամադրության անկումն ընտանիքում և շրջապատում կապում են բազմաթիվ երևույթների հետ (քննություններ, հոգնածություն, աշխատանք) ու երբեք չեն հետաքրքրվում, և չի բացահայտվում բուն պատճառը: Ահա, անուշադրությունից տառապող պատանին տեսնում է, որ ինքնասպան եղած իր տարիքակցի մասին շատ երկար խոսում են, ու դա լուսաբանվում է տարբեր լրատվականներով, ու նա գնում է այդ քայլին, որ իր մասին էլ խոսեն: Այսինքն՝ իր վրա է սևեռում ուշադրություն, որի բացակայությունն իրականում ինքը գուցե և չունի:
Հ.Գ. Եկեք չլուսաբանենք այդպիսի բաները և փրկենք ևս մեկ պատանու կյանք:



