«Անունը դնում են Տաթև համայնք, բայց չգիտես ինչի կենտրոնը լինելու է Շինուհայրը». Տաթևի գյուղապետPanorama.am-ը գրում է.

Գորիսի տարածաշրջանի Տաթև գյուղը Հայաստանի հնագույն բնակավայրերից է, նշանավոր է Տաթևի վանական համալիրով: 2010թ-ին այստեղ բացվեց աշխարհի ամենաերկար «Տաթևի թևեր» ճոպանուղին, որի երկարությունը 5.7կմ է: Տաթևն այժմ էլ` զբոսաշրջության կենտրոն հանդիսանալով, մնում է սովորական, հոգսաշատ, իր խնդիրներով այլ գյուղերին չզիջող համայնքներից մեկը: Սակայն խնդիրներին ավելանում է ևս մեկը, կամ ինչպես համայնքի ղեկավարն է ասում` ամենալուրջ խնդիրը: Խոսքը համայնքների խոշորացման մասին է:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ` մայիսի 17-ին Սյունիքի, Լոռու և Տավուշի մի շարք համայնքներ միավորելու նպատակով հանրաքվեներ կանցկացվեն:

Մասնավորապես, Սյունիքի մարզում նախատեսվում է միավորել Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի համայնքները: Այսպիսով, հանրաքվեի միջոցով պետք է պարզեն, թե արդյոք բնակիչները համաձայն են, որ շրջակա համայնքները միավորվեն՝ կենտրոն ունենալով Շինուհայրը:

Տաթևի համայնքապետ Մուրադ Սիմոնյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ինքը դեմ է խոշորացմանը, կարծում է, որ գյուղացիներն էլ դեմ կարտահայտվեն:

«Հանրաքվեի ժամանակ մարդիկ իրենց կարծիքը կհայտնեն, բայց ինձ թվում է, որ բոլորն էլ դեմ կլինեն: Խոշորացումը էս կարգի չեն անում: 8 գյուղ, իրարից շատ հեռու, միացնում են, ինչը ճիշտ չէ: Իրականում սա շատ մեծ խոշորացում ա: Եթե ուզում են խոշորացնեն, կարող էին մեր կողքի 3-4 փոքր գյուղերը գոնե միավորեին: Հիմա 8 գյուղ մավորում են, անունը դնում են Տաթև համայքն ու կենտրոնն էլ ուզում են, որ Շինուհայրը լինի»,-ասաց Մ.Սիմոնյանը:

Նրա խոսքերով` քննարկումներ եղել են, բայց գյուղապետերը հիմնականում դեմ են արտահայտվել համայնքների խոշորացմանը: 

«Բայց մեր կարծիքը փոքր ա, հանրաքվե կանեն, եթե գյուղի բնակիչները կողմ եղան` կմիավորեն: Չնայած մարդկանց հետ խոսում ենք, տեսնում ենք, որ իրանք էլ են դեմ: Բայց ղեկավարությունն էլ ասում ա, որ Համաշխարհային բանկը համայնքների խոշորացման համար միջոցներ ա հատկացնում ու գյուղերում առկա խնդիրներին լուծում կտան: Ինչ ասեմ, իմ կարծիքը փոքր ա, որ իրանք որոշել են …»,- նկատեց Տաթևի գյուղապետը:

Մ.Սիմոնյանը միաժամանակ նշեց, որ եթե իրականում ՀԲ-ի կողմից ֆինանսավորումը ռեալ լինի, հնարավոր է, որ գյուղը զարգանա, բայց ինքը դեմ է գլոբալ խոշորացմանը:

«Անունը դնում են Տաթև համայնք, բայց չգիտես ինչի կենտրոնը պետք է լինի Շինուհայրը: Ես տաթևացի եմ ու դեմ եմ դրան, գյուղի ժողովուրդն էլ դեմ կլինի»,- ասաց նա` հավելելով, որ Տաթևից մինչև Շինուհայր մոտավորապես 20 կմ է, ինչը նշանակում է, որ ամեն մի թղթի, ամեն մի հարցի համար այդքան ճանապարհ պետք է անցնեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել