Life.panorama.am-ը գրում է.

Գյուղատնտեսները սկսում են մտածել ագրոզբոսաշրջության մասին

Արդեն մի քանի տարի փորձ է արվում Հայաստանում զարգացնել գյուղական տուրիզմը՝ դիվերսիֆիկացնելով զբոսաշրջության ոլորտը: Նշվում է, որ որոշակի քայլեր են իրականցվում, սակայն, կարծես թե, տուրիզմի այդ ճյուղի զարգացման ուղղությամբ էական տեղաշարժ չի նկատվում: Արված աշխատանքների և առաջիկա անելիքների մասին Life.panorama.am-ը զրուցել է Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի հետ:

-Պարոն Ապրեսյան, գյուղական տուրիզմի զարգացման ուղղությամբ այս տարի ի՞նչ ծրագրեր են նախատեսված:  

-Ինչպես նախորդ տարի, այս անգամ ևս նպաստելու ենք գյուղական համայնքներում զբոսաշրջային տների թվի ավելացմանը: Դրանով փորձում ենք գյուղական համայնքներում ձևավորել զբոսաշրջային տների ցանց: Այն դառնա որպես համակարգ զարգանա և ընդլայնվի: Դրա համար գյուղական բնակչության շրջանում իրազեկման աշխատանքներ ենք իրականացնում, որ մարդիկ հասկանան դրա շահեկան կողմերը պատկերացնեն, թե գործն ինչից սկսեն: Այդ նպատակով սեմինար-քննարկումներ ենք անկացնում ինչպես միջազգային կազմակերպությունների, այնպես էլ մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ: Գյուղական տուրիզմի զարգացմանը նպաստում են ամեն տարի մարզերում անցկացվող ավանդական փառատոնները: Փառատոնների ժամանակ գյուղացիները կարողանում են ոչ միայն իրենց բերքն ու բարիքը ներկայացնել, այլև, քանի որ այդ օրերին մեծ թվով տուրիստներ են մասնակցում փառատոններին, հետևաբար գիշերակացի խնդիր է առաջանում, իսկ գյուղացիները կարողանում են առաջարկել իրենց զբոսաշրջային տները: Լավ օրինակ է Արենին: Ամեն տարի այնտեղ անցկացվող փառատոնին մեծաթիվ այցելուներ են լինում, գյուղացիներն էլ օգտվում են:

-Բացի զբոսաշրջային տներից գյուղն իր ամբողջ կոլորիտով ներկայացնելու համար ի՞նչ հնարավորություններ ունենք, ասենք, թոնրատնով, լավաշ թխելու գործընթացով:

-Իհարկե, կան: Մասնավոր հատվածն է մեզ դիմում գյուղական տուրիզմի զարգացման տարբեր առաջարկներով: Բոլորովին վերջերս մի ձեռնարկատեր ինձ մոտ եկավ, ով Արայի լեռի մերձակայքում անասնապահությամբ է զբաղվում: Նա ուներ զբոսաշրջային ծրագրեր, նախատեսում էր հնարավորություններ ստեղծել զբոսաշրջիկների համար: Նման առաջարկ կար նաև Շիրակի մարզից: Գյուղատնտեսական աշխատանքներում ներգրավված մարդիկ սկսում են մտածել ագրոզբոսաշրջության մասին: Այս պարագայում զբոսաշրջիկն ուղղակիորեն ներգրավվում է գյուղատնտեսական աշխատանքներում: Օրինակ, գինեգործության, խաղող հավաքելու, հաց թխելու և այլն: Ինչպես տեսնում եք մասնավոր հատվածներից արձագանք ունենք, պատրաստակամ են աշխատել:  

-Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ նախորդ տարիների համեմատ գյուղական տուրիզիմի զարգացման տեսանկյունից տեղաշարժ կա:

-Բնականաբար տեղաշարժ կա, քիչ- քիչ հետաքրքրությունը մեծանում է: Առարկայական առաջարկություններ ենք ստանում: Նշեմ, որ նախորդ տարի, ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցությամբ իրականացրել ենք զբոսաշրջային երթուղիների ձևավորման ծրագրեր, այցելություններ ենք կատարել դեպի գյուղեր, գյուղական զբոսաշրջության ռեսուրսների բացահայտման նպատակով:

-Տուրիստական ընկերությունները շատ են բողոքում, որ ենթակառուցվածքները բավարար զարգացած չեն, մասնավորապես, դեպի գյուղեր տանող ճանապարհներն անմխիթար վիճակում են:

-Նախ ասեմ, որ մայրուղիների առումով հիմնականում կարելի է ասել խնդիրը լուծված է: Հիմնական խնդիրը համայնքային նշանակության, այդ երկրորդային ճանապարհների հետ են կապված: Ասեմ, որ կառավարությունը հաստատել է «Ճանապարհների վերանորգման առաջնահերթության ծրագիր»-ը: Դրանում ներառված են շատ ճանապարհներ, որոնք զբոսաշրջային նշանակություն ունեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել