Առաջին Մերձբալթյան ռազմաճակատի զորամասերը, 1943 թ. գարնանից հաջողությամբ առաջ շարժվելով, դուրս էին եկել Դուխովշչինա-Յարցև սահմանագիծը, սակայն հանդիպելով ֆաշիստների մոլեգին դիմադրությանը, դեպի Վիտեբսկ տանող կես ճանապարհին կանգնել էին: Եվ բավական երկար տևեց այդ կանգառը: Մեր զորքերի առաջ շարժվելուն խանգարում էին նաև չափազանց անբարենպաստ եղանակը և ճահճուտային, անանցանելի տարածքները: Մերձբալթյան ռազմաճակատի հարձակողական գործողություններն ակտիվացնելու նպատակով, Գերագույն Գլխավոր հրամանատարության ռազմակայանը 1943 թ. նոյեմբերին Երյոմենկոյի փոխարեն ռազմաճակատի հրամանատար նշանակեց բանակի գեներալ Ի. Ք. Բաղրամյանին, որն այդ պաշտոնում մնաց մինչև 1945 թ. փետրվարը:
Մի քանի ամիս հանգամանորեն նախապատրաստվելուց հետո՝ 1943 թ. նոյեմբերի վերջերին, վերջապես հրաման ստացվեց սկսել ռազմաճակատի հարձակումը Վիտեբսկ-Գորոդոկ ուղղությամբ: Հենց այդ ժամանակ էլ Բաղրամյանը և ռազմաճակատի ռազմական խորհրդի անդամ Դմիտրի Լեոնովը այցելեցին 43-րդ բանակ` զորաջոկատների մարտական ու բարոյական վիճակին ծանոթանալու և մարտիկներին ոգևորելու համար: Բանակի կրտսեր լեյտենանտների դասընթացների կուրսանտները նույնպես պետք է մասնակցեին Գորոդոկի հարձակողական գործողություններին, ըստ որում, ամենապատասխանատու հատվածում, դրա համար էլ ռազմաճակատի ղեկավարներն այցելեցին նաև մեզ, որպես ապագա սպաների: Չգիտեմ ինչ առիթով և ինչպես, դասընթացների պետ փոխգնդապետ Կովոլյովը Բաղրամյանին ասել էր, թե դասընթացներում կա նաև մի հայ տղա և, հանկարծ, ինձ կանչեցին ու ներկայացրին նրան:
-Как твоя фамилия. Откуда ты, какое у тебя образование?,-հավանաբար շտապելուց իրար հետևից հարցեր տվեց նա:
Ես պատասխանեցի:
-Հա, Սևանը լավ տեղ է, լիճը շատ գեղեցիկ է, բնության հրաշալիքներից է- ասաց նա հայերեն: -Դե տես, հա, տղա ջան, Սևանի և հայերի պատիվը բարձր կպահես: Եղա՞վ:
-Այո, ընկեր բանակի գեներալ,- պատասխանեցի ես անսահման հպարտությամբ:
Այսպես ես բախտ ունեցա առաջին անգամ հանդիպելու այդ մեծ զորավարին: Հետաքրքիր է, որ այդ հանդիպումից հետո, դասընթացի տղաները, կարծես թե նախանձով, հարցնում էին` «ի՞նչ է, Բաղրամյանը քեզ ճանաչո՞ւմ է»: Առանց վարանելու ստում էի ու մեծաբանությամբ պատասխանում` «դե իհարկե, նա իմ հորն է լավ ճանաչում»: Հետո մտածում էի, իսկ որ հանկարծ հարցնեն, թե որտեղից: Այն ժամանակ ես անգամ չգիտեի, թե Բաղրամյանը որտեղացի է: Մի սուտ կասեմ էլի, «նրանք ի՞նչ գիտեն Բաղրամյանի կենսագրությունը», հանգստացնում էի ինքս ինձ: Հավանաբար նրանց մեջ խոսում էր ռուսական միամտությունը: Նրանց պատկերացմամբ բոլոր «յան»-ով վերջացող ազգանուն ունեցողները իրար ծանոթ պետք է լինեն:
Ռազմաճակատի բարձր հրամանատարության այցելությունը 43-րդ բանակ բացատրվում էր այն մեծ դերով, որ պետք է կատարեր այդ բանակն սկսվող հարձակողական գործողություններում:
Դեկտեմբերի 13-ին մեր բանակի զորամասերը, 11-րդ գվարդիական և 4-րդ հարվածային բանակների հետ միասին սկսեցին հարձակումը Գորոդոկի ուղղությամբ: Հարձակումը նշանակված էր ավելի շուտ: Սակայն ելնելով իրավիճակից, Բաղրամյանը համոզիչ փաստարկներով խնդրում է Ստալինին հարձակումը հետաձգել մինչև դեկտեմբերի 13-ը: Ստալինը համաձայնվում է: Այդ ուղղությամբ չափազանց ծանր էին աշխարհագրական պայմանները: Գրեթե համատարած ճահիճներ ու ծանծաղուտներ, սարսափելի ցեխ, անճանապարհ ու անանցանելի վայրեր: Ճանապարազրկության պատճառով զորամասերը վատ էին մատակարարվում զինամթերքով և սննդով: Հիշում եմ, որ աղ չլինելու պատճառով զինվորական ճաշերի մեջ շաքարավազ էին գցում: Հացի փոխարեն երբեմն ալյուր էին տալիս: Զինվորներն ստիպված հաճախ ձիու միս էին ուտում, մի բան, որ ես ոչ մի կերպ չկարողացա օգտագործել: Մենք` մի քանի հոգով, գերադասում էինք վտանգի ենթարկելով մեզ, գիշերը, չեզոք գոտում գտնվող կարտոֆիլի դաշտերում, փորել ձյան հաստ շերտը ու տակից հանել ցրտահարված, քաղցրահամ կարտոֆիլ և օգտագործել: Դեկտեմբերի սկզբներին ուժեղ սառնամանիքներ եղան: Ճահիճներն ու անանցանելի ցեխերը սառեցին, որը հնարավորություն տվեց որոշ չափով զորքերն ապահովել ռազմամթերքով և սննդով:
Գորոդոկի պաշտպանությանը գերմանացիները հատուկ նշանակություն էին տալիս և այն վերածել էին դաշտային մի հզոր ամրոցի` Վիտեբսկի մատույցները պաշտպանելու համար: Քաղաքի աշխարհագրական դիրքը, առանց այն էլ, պաշտպանության մեծ հնարավորություն էր տալիս: Ֆաշիստները վարպետորեն օգտագործել էին ջրային արգելագծերը, կիրճերը, հեղեղատները և շրջակայքում ստեղծել էին հզոր պաշտպանական համակարգ` երեք բնագծերով: Առանձնապես դժվարաճեղք էր վերջին` երրորդ բնագիծը, որն անցնում էր քաղաքի ծայրամասերով:
Հարձակումը նախապատրաստված էր մեծ խնամքով ու փութաջանությամբ: Թշնամու առաջավոր գիծը` զենքի բոլոր տեսակներից, ավելի քան երկու ժամյա ահեղ հրետակոծությունից հետո, զորամասերն անցան հարձակման: Հարձակման առաջին օրը, հակառակի պես եղանակը տաքացավ, երկինքը պատվեց կաթնագույն ամպերով, տեսադաշտը վատացավ խիտ մառախուղի պատճառով: Ինքնաթիռների թռիչքների համար չափազանց անհարմար եղանակ էր: Ինչպես միշտ, այդպիսի պայմաններում արտակարգ մեծ դեր էին խաղում մեր փառապանծ հրետանավորները: Այս հարձակման ժամանակ էլ իր վճռական խոսքն ասաց գեներալ Խլեբնիկովի հրետանային զորամասը: Սրնթաց ու հզոր հարձակումը շշմեցրել էր ֆաշիստներին: Դեկտեմբերի 23-ին ամբողջ թափով թշնամու դիրքերի վրա նետվեցին 11-րդ գվարդիական և մեր` 43-րդ բանակների զորամասերը: Հրաման էր տրված մեկ շաբաթվա ընթացքում թշնամուն հետ շպրտել մոտ 100 կմ, գրավել Գորոդոկը, որը Վիտեբսկի ազատագրման ճանապարհին ամենախոշոր խոչնդոտն էր: Դա նշանակում էր, որ մեր զորամասերը, համառ մարտերով հաղթահարելով գերմանացիների մոլեգին դիմադրությունը, օրական պետք է անցնեին 13-17 կմ:
Մեր զորամասը սառցապատ գետերի ու լճակների վրայով, ծանր մարտեր մղելով, կարևոր կետերում կյանքի և մահու կռիվ տալով, դժվարությամբ առաջ էր շարժվում: Չնայած կատաղի դիմադրությանը, գերմանացիներին չհաջողվեց կասեցնել հարձակումը և մեր զորամասերը ներխուժեցին նրանց պաշտպանության երրորդ բնագիծը: Մարտերը տեղի էին ունենում հակառակորդի խրամատներում և հաղորդակցության ուղիներում, հաճախ վերածվելով կատաղի ձեռնամարտերի: Ֆաշիստները հարձակման առաջին պահերի շփոթվածությունից ուշքի էին եկել ու մոլեգին դիմադրություն էին ցույց տալիս, հաճախակի հակագրոհների անցնելով` տանկերի և զրահապատ ինքնագնացների օգնությամբ: Այդ մարտում զոհվեց սպայական դասընթացների իմ լավ ընկերներից մեկը` Պետյա Պոպկովը: Դեկտեմբերի լույս 24-ի գիշերը մեր զորքերը վերջապես լրիվ գրավեցին Գորոդոկը և նույն օրը երեկոյան Մոսկվան հրավառությամբ ողջյունեց Առաջին Մերձբալթյան ռազմաճակատի զորքերին Գորոդոկը ազատագրելու կապակցությամբ:
Հետագայում Ի. Ք. Բաղրամյանն իր հուշերում գրեց. «Գորոդոկի մարտական գործողությունը, որ իր մասշտաբով մեծ չեր, իմ հիշողության մեջ պահպանվել է որպես անցած պատերազմի ժամանակ իմ ղեկավարությամբ անցկացված մարտական գործողություններից առավել բարդը»:
Այժմ ես հպարտությամբ կարող եմ նշել, որ այդ մարտական գործողությանը մասնակցել եմ նաև ես, որպես 43-դ բանակին կից կրտսեր լեյտենանտների դասընթացների կուրսանտ: Ընդ որում մեզ` որպես ապագա սպաների, միշտ վստահում էին ռազմաճակատի ամենադժվար հատվածները:
Անհամեստություն թող չհամարվի, եթե այստեղ բերեմ մի հատված իմ մասին գրված մարտական բնութագրից (բնութագիրն ամբողջությամբ պահվում է ՀՀ զինվորական կոմիսարիատում).
«Կուրսանտ Ս. Մ. Մովսիսյանը մասնակցել է դասընթացներին հանձնարարված մարտական գործողություններին: Կալիշկի բնակավայրի մոտ տեղի ունեցած մարտերի ժամանակ նա իրեն ցույց տվեց որպես համարձակ ու տոկուն կուրսանտ»:
Գորոդոկի ազատագրումից հետո մեր զորամասերն անցան պաշտպանական դիրքերի: Անհրաժեշտ էր լրջորեն նախապատրաստվել նոր հարձակման: Այդ ժամանակ ես ավարտեցի կրտսեր լեյտենանտների դասընթացը: 1944 թ. ապրիլի 5-ին 43-րդ բանակի հրամանատար գեներալ լեյտենանտ Կ. Գոլուբևի հրամանով ինձ շնորհվեց կրտսեր լեյտենանտի կոչում և ուղարկեցին իմ նախկին` 145-րդ դիվիզիան, որի հրամանատարն էր գեներալ մայոր Ա. Պ. Դիբրովան (նրա ազգանունն այդպես էր, և ոչ թե Դիբրով): Նշանակվեցի 599-րդ հետևակային գնդի ականանետային դասակի հրամանատար: Որոշ ժամանակ անց ստացա լեյտենանտի կոչում ու նշանակվեցի վաշտի հրամանատար: Ապա նույն թվականի հոկտեմբերին նշանակվեցի գումարտակի շտաբի պետ, որ այն ժամանակ կոչվում էր ադյուտանտ-ավագ: 1945 թ. հունվարին ինձ շնորհվեց ավագ լեյտենանտի կոչում, երբ մեր դիվիզիան մտել էր 4-րդ Հարվածային բանակի կազմի մեջ: Ի դեպ նշենք, որ դա առաջին դեպքը չէր, երբ դիվիզիան մի բանակից մյուսին էին փոխանցում: Այդ փոփոխոթյունները կապված էին ռազմաճակատի այս կամ այն հատվածում որոշակի մարտական առաջադրանքներ կատարելու հետ։
145-րդ կարմրադրոշ Կուտուզովի շքանշանակիր Վիտեբսկու անվան հետևակային դիվիզիայի 599 կարմրադրոշ գնդում ծառայեցի մինչև 1945 թ. մարտ ամիսը, որից հետո ինձ տեղափոխեցին 2-րդ Բելոռուսական ռազմաճակատի, 2-րդ Հարվածային բանակի 346-րդ Դիբալցյան կարմրադրոշ դիվիզիայի 1166 կարմրադրոշ գունդ` գումարտակի շտաբի պետ: