Newmag.am-ը գրում է․
2012-ի դեկտեմբերի 22-ին «Ռեալի» տարեվերջյան հանդիպումն էր «Մալագայի» հետ: «Ռեալի» սուպերմենը դարպասին կանգնած չէր: Իկերը վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ պահեստայինների նստարանից է հետևում խաղին: Ժոզե Մոուրինիո. «Եվ ի՞նչ. ե՛ս եմ որոշողը։ Այդպես էր պետք, այդպես էլ արել եմ: Իմ ղեկավարած թիմում, ինձնից բացի, մշտականի կարգավիճակ ուրիշ ոչ ոք չի կարող ունենալ»:
Պարոն Յուրահատուկի էքսպերիմենտը վատ ավարտ ունեցավ: «Ռեալը» 3-2 հաշվով պարտվեց «Մալագային»: Հաջորդ խաղը «Ռեալը» նորից սկսեց առանց Իկերի: Բայց Ադանը այդ խաղում հեռացվեց, Ժոզեն ստիպված էր նայել Իկերի կողմը: Փոխարինում: Մադրիդիստները հանգստացած շունչ քաշեցին. Իկերն իր դարպասի առջև է: Մոուրինիոյին ներեց ու վերապրեց: Եկավ Պապա Կարլոն։ Իկերը նոր պատերազմ սկսեց նոր մարզչի հետ….
1981 թվականի գարունն էր. անձրևոտ եղանակ էր: Կասիլաս-Ֆերնանդես ընտանիքը սպասում էր առաջնեկին: Մարի Կարմենը դուստր էր ցանկանում, Խոսե Լուիսը՝ որդի:
Մի առավոտ Մարի Կարմենը գնաց մանկական խանութ: Աչքն ընկավ փոքրիկի կոշիկներին: Տղայի համար էր: Գնեց: Վաճառողն էլ համոզեց. «Տիկի՛ն, որդի եք ունենալու, և նա ֆուտբոլիստ է դառնալու»: Մարի Կարմենը տխրեց ու շտապ դուրս եկավ խանութից: «Տղա՞, այն էլ ֆուտբոլի՞ստ»: Չէ՛, ինքն աղջիկ է ունենալու, որը ֆուտբոլ չի սիրելու իր պես:
Առաջնեկի անունը վաղուց էին որոշել: Եթե աղջիկ ծնվեր, անվանելու էին Իկերն, տղա՝ նույն անվան արական տարբերակը՝ Իկեր:
Իկեր՝ իսպանացիներիամենասիրելի անունն է, նշանակում է «ավետաբեր»:
1981-ի մայիսի 20-ին Մարի Կարմենն ու Խոսե Լուիսը լսեցին անդրանիկ որդու ծննդյան ավետիսը:
Կասիլաս-Ֆերնանդես ընտանիքում ամենաերջանիկը Խոսե Լուիսն էր: Հենց Իկերը սկսեց քայլել, ոտքը գնդակին մեկնեց:
Ու կիրակի չէր լինում, որ «Խուան Միրո» դպրոցի խաղահրապարակում հայր ու տղա ֆուտբոլ չխաղային: Իկերը դարպասից այն կողմ չէր գնում։ Որոշված էր՝ Կասիլասը դարպասապահ է դառնալու և ամենահուսալին ու ամենանվիրվածն է լինելու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

