Lragir.am-ը գրում է․
Վիրտուալ-ֆուտուրիստական հարցազրույց
Ողջույն, պարո՛ն Ըն:
Ոչ:
Ներեցե՞ք:
Ոչ թե պարոն, այլ առաջնորդ:
Ողջույն, առաջնո՛րդ:
Ողջույն, հպատա՛կ:
Դուք աշխարհի ամենից երիտասարդ պետության ղեկավերն եք:
Ոչ թե ամենից երիտասարդ պետության ղեկավարը, այլ պետության ամենից երիտասարդ ղեկավարը:
Ձեր ծննդյան հստակ տարեթիվը մինչ այսօր հայտնի չէ: Դա ի՞նչ գաղտնիք է:
Կարևորը իմ ծննդյան փաստն է, ոչ թե տարեթիվը:
Տարեթիվը երբ ուզեք, կարող եք փոխել` ինչպես Ձեր սանրվածքը:
Ճիշտ եք:
Իսկ Ձեր սանրվածքը ի՞նչ է խորհրդանշում:
Կորեացի ժողովրդի հաղթանակը թշնամիների նկատմամբ:
Ձեր սանրվածքը խորհրդանշում է կորեացի ժողովրդի.... Այդ ինչպե՞ս:
Ներքևում` որտեղ մազեր չկան, մեր թշնամիներն էին: Մենք նրանց իսպառ ոչնչացրել ենք: Իսկ վերևում` գագաթին, փարթամորեն հառնել է հպարտ Կորեան:
Գրողը տանի՜:
Կորեայի՞ն:
Ոչ-ոչ, թշնամիներին:
Կեցցե՛ս:
Թշնամիները, փաստորեն, անընդհատ աճում են: Պետք է նորից ու նորից ոչնչացնել նրանց:
Այո, թշնամիները անպետք մազերի պես են` աճում են անընդհատ և ամենից անհարմար տեղերում:
Բայց իրական թշնամիներին մազերի պես հեշտ չես հաղթի:
Ամեն ինչ սկսվում է մի մազաչափ հաղթանակից:
Օրինակ, ինչպե՞ս եք հաղթելու ԱՄՆ-ին:
Միջուկային զենքով: Մենք արդեն ունենք:
Բայց նրանք էլ ունեն միջուկային զենք` ձեզանից ավելի շատ:
Ոչ, նրանք չունեն:
Պարոն Կիմ… այսինքն` առաջնորդ, ներեցեք, բայց ԱՄՆ-ը աշխարհի ամենահզոր բանակն ունի, այդ թվում` միջուկային զենք:
Մեր հետախուզական ծառայությունների տվյալներով` ԱՄՆ-ը չունի զանգվածային ոչնչացման զենք:
Անհնար է: Չեմ հավատում:
Մեր հետախուզական ծառայության նախկին ղեկավարն էլ չէր հավատում: Իսկ ու՞ր է նա այժմ, գիտե՞ք:
Ոչ:
Ես էլ չգիտեմ, ոչ ոք չգիտի: Ով չի հավատում առաջնորդի խոսքին, շուտով նրա տեղը ոչ ոք չի իմանում:
Կարծում եմ` հասկացա:
Կեցցես, հպատա՛կ:
Դուք մահապատժի եք դատապարտել Ձեր սեփական հորեղբորը:
Դատարկ բան է:
Դատա՞րկ: Հորեղբորը սպանելը դատարկ բա՞ն է:
Նախ` ես չեմ սպանել, այլ որոշումն եմ կայացրել: Եվ հետո` նա հայրենիքի դավաճան էր:
Ինչու՞ եք ծիծաղում: Դուք մի՞շտ եք ծիծաղում, երբ խոսում եք Ձեր հորեղբորը մահապատժի ենթարկելու մասին:
Նկատեցի՞ք:
Ի՞նչը:
Երբ ծիծաղում եմ, մազերս թռչկոտում են վեր-վեր: Գեղեցիկ է, չէ՞:
Եվ փորը:
Ի՞նչ:
Ծիծաղելիս… թռչկոտում է… Դե, դուք երևի…
Այո, ճիշտ եք, գիրացել եմ: Պետք է հաճախեմ մարզասրահ: Միայն թե, մարզիչը կորել է: Ոչ ոք չգիտի, թե ուր է:
Նա է՞լ չի հավատացել Ձեր խոսքին:
Ոչ-ոչ: Պարզապես կորել է:
Դուք կորեական բանակի մարշալ եք: Այսքան երիտասարդ և արդեն մարշա՞լ:
Այո:
Իսկ ինչի՞ համար, ո՞ր պատերազմում եք հաղթել:
Ներքին պատերազմում: Ներքին թշնամու և ազգի դավաճանների դեմ տարած ջախջախիչ հաղթանակների համար:
2010թ. Դուք արդեն բանակի գեներալ էիք: Եթե հավատանք, որ ծնվել եք 1984թ.-ին, ինչպես կարծում են շատերը, ապա 26 տարեկանում գեներալ եք դարձել:
Այո (հպարտ ժպիտով):
Իսկ Նապոլեոնը 25 տարեկանում դարձավ գեներալ:
Չի կարող պատահել:
Արդեն պատահել է:
Մի կողմ քաշվե՛ք (բարկացած վերցնում է հեռախոսի լսափողը): Հրաման N 17899. Ժողովրդի առաջնորդը ծնվել է 1986թ.: Կատարե՛լ անհապաղ:
Փաստորեն…
Այո, ես գեներալ եմ դարձել 24 տարեկանում:
Բայց…
Չե՞ք հավատում:
Հավատում եմ:
Կեցցե՛ս:
Առաջնորդ, Դուք մահապատժի եք ենթարկել նաև Ձեր նախկին սիրեցյալին` պոռնո ֆիլմերում նկարահանվելու մեղադրանքով: Այդ մեկը շատ դաժան չէ՞ր:
Մոտեցի՛ր:
(մոտենում եմ):
Անջատի՛ր այդ սարքը (շշուկով): Նրան մահապատժի չեմ ենթարկել: Այդ ամբողջը խաղ է:
Ինչպե՞ս թե: Ինչու՞:
Կինս չափազանց խանդոտ է: Ասաց` եթե սիրում ես ինձ, հրամայիր գնդակահարել բոլոր նախկիններիդ: Ես էլ մի նախկին ունեի: Նույնիսկ մտածեց մեղադրանքը: Հիմա բոլորը գիտեն, թե նրան գնդակահարել են, բայց նա արտասահմանում է: Մեծ դղյակ եմ գնել նրա համար: Ժամանակ առ ժամանակ ծլկում եմ մոտը, մի լավ զվարճանում ենք ու հետ եմ գալիս:
Իսկ դուք շա՜տ կնամոլն եք:
Լռի՛ր: Ցա՛ծր: կարող է պատահի, մեզ հետևում են:
Առաջնորդ, դուք կրում եք «Հանճարների հանճար» տիտղոսը:
Իհարկե:
Իսկ ո՞րն է ձեր կարդացած վերջին գիրքը:
Մաո Ձեդունի «Աֆորիզմների ժողովածուն»:
Հետաքրքի՞ր էր:
Շա՜տ:
Օրինակ, ո՞ր միտքն եք ամենից շատ հավանել:
Երկինքը բարձր է երկրից, առաջնորդը կանգնած է երկրի վրա, բայց առաջնորդը բարձր չէ երկնքից:
Հանճարեղ է:
Կատարյա՜լ է:
Հիմա, մի քանի բլից հարց, առաջնորդ:
Սիրում եմ բլից բաներ:
Ձեր սիրելի զբաղմունքը:
Առաջնորդել:
Ձեր սիրելի քաղաքական առաջնորդը:
Վլադիմիր Պուտին:
Ձեր սիրելի դերասանը:
Ժան Կլոդ Վան Դամ:
Ձեր սիրելի քաղաքը:
Մայրաքաղաքը:
Ձեր սիրելի սպորտաձևը:
Բասկետբոլ:
Ձեր սիրելի բասկետբոլային թիմը:
Լոս Անջելես Լեյքերս: Օյ, ոչ-ոչ, ջնջե՛ք դա: Դա չպետք է ձայնագրվեր:
Լավ, մի անհանգստացեք, կջնջեմ:
Շնորհակալություն:
Իսկ այդ ի՞նչ եք խմում, առաջնորդ:
Գարեջուր:
Տեղակա՞ն:
Այո, ազգային:
Կարելի՞ է:
Սառնարանից վերցրա մեկ շիշ` քեզ և օպերատորի համար:
Երկուսիս համար` մեկ շի՞շ:
Այո: Սա Հյուսիսային Կորեան է` այստեղ կոմունիզմ է:



