Ո՞րն է, ըստ Ձեզ, կնոջ երջանկության բանաձևը:
- Երևի թե յուրաքանչյուր գեղեցիկ սեռի ներկայացուցչի համար կարևորը ներդաշնակությունն ու հանգստությունն է: Իսկ դրա համար պետք է ուղղակի խոհեմ և զուսպ լինել: Մնացածն ինքնըստինքյան կստացվի:
- Ըստ Ձեզ` որոնք են կանացի երջանկության բաղադրիչները:
- Կնշեմ կարևորագույն բաղադրիչներից մեկը` կինը չպետք է անգործ մնա: Երբ նա «պարապուրդի» է մատնվում, ծնվում են տհաճ խոսակցություններ, խնդիրներ... Ուստի յուրաքանչյուր տղամարդ պետք է հասկանա, որ իր կողակիցը պետք է աշխատի, լինի ընկերների շրջապատում, որպեսզի անիմաստ բաների համար ժամանակ չմնա...
- Ինչն է այսօր Ձեր կյանքում պակասում կատարյալ երջանիկ լինելու համար:
- Ես այսօր կատարյալ երջանիկ եմ` երիտասարդ եմ, վայելում եմ կյանքը: Ես ամեն օր, ամեն ժամ ինքս եմ կերտում իմ երջանկությունը` լինի աշխատանքիս, շրջապատիս մարդկանց կամ անձնականիս միջոցով... Ես չեմ ծուլանում հասնել երազանքներիս, այն ամենին, ինչին ձգտում եմ:
- Վերջերս Ավետ Բարսեղյանը երկու անգամ, ի լուր ամենքի, հայտարարեց, որ ԱՄՆ եք գնացել անձնական երջանկության հետևից: Մի՞թե դա ծուխ է առանց կրակի...
-...Եթե նկատել եք` ես անձնական թեմաներով չեմ խոսում:
- Մինչդեռ դրա մասին խոսում են որոշ լուսանկարներ, որոնք տեղադրում եք սոցկայքերում: Վերջերս որոշակի ենթադրությունների առիթ տվեց մի երջանիկ լուսանկար, որտեղ մի երիտասարդի հետ լեռներում դահուկներով սահում եք:
- Երևի մարդիկ չեն նկատել լուսանկարի վերևում արված մակագրությունը, որ այդ տղամարդն ընդամենը իմ դահուկասահքի մարզիչն է...
- Երջանկության բաղադրիչների Ձեր սանդղակում ստեղծագործական կյանքը ո՞ր հորիզոնականում է:
- Ինչպես արդեն ասացի` աշխատանքն առաջնային հորիզոնականում է: Ես երջանիկ եմ այն ժամանակ, երբ երաժշտությունն առկա է իմ կյանքում:
- Ի դեպ, Նադեժդա Սարգսյանը վերջերս ասել էր, որ ԱՄՆ-ում բուռն գործունեություն եք ծավալում: Կմանրամասնեք...
- Անշուշտ, բազմաթիվ գործեր կան, որոնց մասին սակայն կխոսեմ այն ժամանակ, երբ պատրաստ լինեն: Դեռևս կարող եմ ասել, որ պատրաստվում եմ ներկայանալու Գերմանիայում առաջին անգամ կազմակերպվող «Big apple» մրցանակաբաշխությանը, որին մասնակցում են տարբեր երկրների լավագույն կատարողները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել