Մի պահ ուզում եմ պատկերացնել, թե մեր երկիրը բարեկեցիկ դարձնելու և ժողովրդի հոգսերը փոքրիշատե հոգալու համար որքան ժամանակ և ինչպիսի ռեսուրսներ պետք կլինեին: Իհարկե, նշված բարդ խնդիրը միանգամից հասկանալ և հստակ պատկերացնել հնարավոր չէ: Դրա համար նախ պետք է հասկանալ, թե ինչից սկսել: 
Մարդկանց մեծ մասը երազում է ունենալ զարգացող տնտեսություն, մյուսները հույսները կտրել են և որոշում են կայացնում փրկություն գտնել դրսում: Երրորդները պասիվ դերում են և յոլա են գնում՝ բավարարվելով կամ էլ չբավարարվելով եղածով:
Բոլորիս համար հասկանալի է, որ նշված մոտեցումներով ոչ երազած երկիրը և ոչ էլ արտագաղթով փրկվելու հույսը չի իրականանա: Սա դանդաղ մահ է, որին կուրորեն հետևում են հասարակության ստվար զանգվածներ: Խնդիրը մեր մեջ է, որի պատասխանատվությունից մենք յուրաքանչյուրս առանձին-առանձին խուսանավում ենք: 
Այսօր լավ կլիներ կուսակցական դարձող ու հետո հուսալքվող զանգվածները զինվորագրվեին Ընտանիքի պաշտպանության գործին: Զոհասեղանին դրված է Հայ ընտանիքը, քանզի բոլոր օտարները գիտեն, որ առանց ընտանիքը թուլացնելու հնարավոր չէ Հային հաղթել: Բոլորը գիտեն ու պայքարում են մեր ամուր ընտանիքը քանդելու համար՝ չխնայելով ջանքեր ու միջոցներ, իսկ մենք ինքներս դանդաղորեն ու ծուլորեն չենք ուզում հասկանալ դրսինների ազգաքանդ ծրագրերը՝ ակամայից ջուր լցնելով նրանց ջրաղացին:
Բոլոր դրսինները լավ գիտեն, որ Հայ Ընտանիքի մոդելն Աստվածայինն է, տղամարդն է գլուխը, կինը՝ նրա օգնականը: Այդպես է եղել դարեր առաջ, այդպես կա այսօր, այդպես պետք է...
Այո, ճիշտ եք կռահում ասվածի տրամաբանությունը, թե ուր են տանում՝ թուլացնելով Հայ տղամարդուն: Ընդ որում, թուլացնում են ոչ միայն աշխատանք չտալով, արտագաղթով, գենդերային քաղաքականություններով: Թուլացնում են նաև սովորույթների և կենցաղի մակարդակով, ինչն ամենավտանգավորն է ազգի համար: Չէ՞ որ մեր ազգը դեռևս առաջ է ընթանում, ոչ թե ժողովրդավարական օրենքներով, այլ սովորույթների իներցիայով:
Նայեք այսօրվա իրողությունները դատական և իրավական հարթություններում, մնացածը պարզ կլինի: Ու եթե այսօր որևէ կուսակցություն ստեղծելու անհրաժեշտություն կա, դա տղամարդկանց ու Ընտանիքի կուսակցությունն է, որին պետք է անդամագրվենք ազգովի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել