«Որակի նշանից» ու «Կռունկից» մինչև «Ամենախելացին». սկզբում Նազենի Հովհաննիսյանին ընկալում էին որպես գեղեցիկ աղջնակի, սակայն ժամանակի ընթացքում նա կոտրեց գեղեցիկի և խելացիի անհամատեղելիության կարծրատիպը: Այսօր արդեն հաղորդավարուհուն տեսնում ենք նոր ձևաչափում։ BlogNews.am-ը Նազենիի հետ զրուցել է «Ամենախելացին» նախագծի մասին։

Հաղորդավարուհին խոստովանում է, որ նման ձևաչափի հաղորդում վարելու համար փորձառությունն անհրաժեշտ է։ «Իմ 14-ամյա փորձն ինձ չօգնեց այնքան, որպեսզի ես չհուզվեմ,- ասաց նա ու հավելեց,- ի վերջո, սա միայն խելքի կամ գիտելիքների փաստի արձանագրությունը չէ, միայն այն չէ, որ լինես պրոֆեսիոնալ, լավ բացում, փակում անես, մի քիչ էլ հայերեն իմանաս։ Այստեղ իսկապե՛ս լուրջ գիտելինքներ են պահանջվում բոլոր ոլորտներից՝ և՛ հաղորդավարական, և՛ խոսքի մշակույթի, և՛ ընդհանուր գիտելիքների առումով, որովհետև որքան էլ իմանաս հարցը կամ դրա պատասխանը, շատ կարևոր է, թե ինքդ որքանո՞վ ունես այդ գիտելիքներն իրականում։ Կարևոր է ստեղծել մի միջավայր, որը և՛ հասանելի է, և՛ հասկանալի, և՛ հետաքրքիր, և որ այդ ամենը կառուցված լինի մասնագիտորեն։ Այս ամենի միասնությունն է ստեղծում այս ձևաչափի ավարտուն նկարագիրը»։
Դիտարկմանը, որ չնայած դեռ 1 հաղորդում է եթերում եղել, մարդիկ արդեն հարցնում են՝ իսկ Նազենին որտեղի՞ց այսքան բան գիտի, հաղորդավարուհին արձագանքեց. «Այդքա՞ն... Ցավոք, դեռ շատ բացեր կան և կուզեի իմանալ շա՜տ ավելին...»։ Նա հայտնեց, որ նախապատրաստվում է ծրագրին։ «Անշուշտ, նախապատրատվելը գործի 70 տոկոսն է, եթե ոչ ավելին։ Ինչ վերաբերում է ընդհանուր գիտելիքներին, որոնք ակամայից երևելի են դառնում այսպիսի հաղորդումների ժամանակ, ես մանկուց եղել եմ «ինչուիկ», որն ինձ լավ ծառայություն է մատուցում մինչ օրս,- ասաց հաղորդավարուհին՝ ավելացնելով, որ լինում են նաև շատ հարցեր, որոնց պատասախանները չգիտի։ Նրա խոսքով՝ այդ ժամանակ ոչ միայն պատասխանով է բավարարվում, այլև փորձում է գտնել դրա հենքը։ «Սա ամենևին անվստահություն չէ խմբագրական անձնակազմի նկատմամբ, նրանք շատ խելացի են, և յուրաքանչյուրն ունի գիտելիքների մեծ պաշար, սակայն ես իմ հերթին, փորձում եմ շրջագայել այն հարցաշարով, որը կազմվում է՝ իմ հետաքրքրությունները բավարարելու, գիտելիքներիս բացը լրացնելու, պատրաստ լինելու համար»,- ընդգծեց հաղորդավարուհին։

Ըստ նրա՝ շատ կարևոր է ոչ միայն գիտելիքներ ունենալը, այլև դրանք կիրառելու հմտությունը։ «Հաղորդումը հնարավորութուն է տալիս հասկանալու՝ լավ սովորող երեխան իր գիտելիքներն արդյոք կարողանո՞ւմ է կիրառել, թե՞ ոչ»,- ասաց հաղորդավարուհին։ «Ես երբեք գերազանցիկ չեմ եղել, բայց ունեցել եմ անհրաժեշտ գիտելիքներ։ Մասնակիցներից շատերը գուցե գերազանցիկ են, բայց գերազանց գնահատականը միշտ չէ, որ գիտելիքի ցուցանիշ է»,- նկատեց Նազենին։
Հաղորդավարուհին նշեց, որ ունենում է ֆավորիտներ, սակայն չի բաձրաձայնում այդ մասին։ «Ես իմ ֆավորիտներին չեմ ընտրում գիտելիքներով, կան մասնակիցներ, ովքեր փայլուն աստղ ունեն իրենց ներսում. այդ լույսն անգամ հեռվից նկատելի է։) Ոմանք չեն անցնում երկրորդ փուլ, ինչի համար շատ եմ ցավում. ես վստահ եմ, որ նրանք ունեն գիտելիքներ, սակայն խաղում մի վայրկյան դանդաղելը, կամ մի հարցը կարող է որոշիչ լինել։ Այդ իսկ պատճառով ես միշտ ասում եմ նրանց, որ այս խաղը գիտելիքի ցուցադրման համար ամենակարևոր ցուցանիշը չէ։ Սա ընդամենը մի քայլ է դեպի ավելի մեծ ասպարեզ՝ ֆիլտրելու իմացածը, լրացնելու գիտելիքների բացը, նոր ոգևորություն առաջացնելու սերնդակիցների մեջ։ Սա շատ կարևոր առաքելություն է, որը մասնակիցները ստանձնել են նույնիսկ առանց իմանալու»,- նկատեց Նազենին, ով կարևորեց հոգեբանական մոտեցումը, որը ցուցաբերվում է երեխաներին և նշեց, որ թիմային շատ մեծ աշխատանք է արվում, յուրաքանչյուրին անհատական մոտեցում է ցուցաբերվում։

Հաղորդավարուհու խոսքով՝ ինքն էլ փորձում է ճիշտ մոտեցում ցուցաբերել երեխաներին։ «Երբ ես երեխաների հետ եմ, ոչ թե խիստ եմ կամ ուսուցչուհի, այլ ակամայից փորձում եմ մի քիչ էլ ինձնից ինչ-որ բան տալ նրանց։ Երբ ենթադրենք, նրանք չգիտեն Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրնը», փորձում եմ ասել ոչ միայն ճիշտ պատասխանը, այլ նաև մանրամասնել։ Իրական կյանքում ես ավելի խիստ եմ, քան մարդիկ ինձ տեսնում են հեռուստատեսությունում։ Խիստ եմ առաջին հերթին ինքս իմ նկատմամբ, իսկ էստեղ փորձում եմ մեղմել իմ խստությունը։ Գուցե մարդիկ ակամայից ասոցացնում են ուսուցչի կերպարի հետ՝ հաշվի առնելով ձևաչափը և գիտելիքնրի ստուգման փաստը։ Ես նրանց ուսուցիչը չեմ այստեղ, այլ նրանց ընկերը, տարեկիցը, կողմնակիցը»,- ասաց Նազենին։
Ամենամեծ պահանջը, որ նա ներկայացրել է իրեն առաջին հաղորդումից հետո եղել է ամեն ինչ ջնջելն ու նորից սկսելը։ «Սա գուցե հիվանդության հասնող ինքնաքննադատություն է, սակայն հազարից մեկ է լինում, որ ես նայեմ իմ մասնակցությամբ ինչ-որ բան և գոհանամ ինքս ինձնից։ Շատ ավելի հեշտ ես գոհանում եմ գործընկերներիս արվեստով, գործունեությամբ։ Գուցե դա լավ է և դա է պատճառը, որ 14 տարվա փորձի առկայության դեպքում, երբ սկսեցի վարել այս նախագիծը, հուզվում էի այնքան, որքան կհուզվեր սկսնակ մի հաղորդավար»,- ավելացրեց նա։

«Ամենախելացիի» հայկական տարբերակի մասնակիցներին որևէ այլ երկրի մասնակիցների հետ համեմատել Նազենին չցանկացավ, որովհետև ամեն պետություն և հասարակաություն ունի իր օրենքներն ու առանձնահատկությունները, որոնք ձևավորում են երեխաներին։ «Մեր երեխաները ոչ մեկից հետ չեն, դա հաստատ, բայց չեմ էլ համարձակվի ասելու, թե ինչ-որ մեկից առաջ են։ Ո՞վ է որոշում այդ առաջն ու հետը»,- նշեց նա։
Ըստ Նազենիի՝ արձագանքներից հասկացել է, որ հեռուստադիտողն իսկապես սպասում էր այսպիսի նախագծի. «Սա բոլորիս աշխատանքի լավագույն գնահատականն է։ Մեծ ֆինանսական, մարդկային ռեսուրսների, ժամանակի, էներգիայի ներդրումը, որ արվել է «Արմենիա» հեռուստաընկերության թիմի կողմից, իսկապես արդարացված է»։
Նա նշեց նաև, որ շատ է սիրում քննադատություններ կարդալ և լսել ու ակնկալում է այդպիսիք նաև հաղորդման վերաբերյալ։ «Ինքս էլ, չնայած 32 տարեկան եմ, դեռ ձևավորման փուլում եմ, որը կշարունակվի մինչև կյանքիս վերջին շունչը։) Գրեք քննադատություններ, առաջարկներ արեք, սակայն խնդրում եմ, հաշվի առեք, որ գոյությունի ունի ձևաչափ և թե՛ նկարահանումների, թե՛ հարցերի ընտրության, թե՛ խաղի կանոնների հետ կապված, կան հստակ օրենքներ, որոնք փոխելու իրավունք չունենք. սա անգլիական «Sony Pictures» ընկերության ստեղծած ձևաչափն է, և մենք պարտավոր ենք հետևելու «Ամենախելացին» («Brainiest») կանոնագրքին։ Եվ մի խնդրանք, քննադատելիս չմոռանաք, որ գործ ունեք երեխաների հետ, պետք է լինել, առավել ուշադիր և նրբանկատ»,- լսարանին դիմեց Նազենին։

Հաղորդավարուհի նշեց, որ ունենք լավ, պայծառ, հետաքրքիր նոր սերունդ։ «Նրանց տարեկիցների մեջ պետք է փոխենք կյանքի ուղեծիրը, որպեսզի վաղը վայելենք կիրթ ու գիտակ սերնդին և նրանց մտքի ու գիտելիքի շնորհիվ ստեղծենք բովանդակային «վաղը»»։ Ի հավելումն այս ամենի՝ չեմ կարող չնշել. իմ պրակտիկ գործունեության ընթացքում այժմ «Ամենախելացին» հեռուստանախագծի ստեղծող խումբը լավագույնն է, որի հետ ես կարող էի աշխատել, մարդիկ տեսնում են ինձ կադրում, բայց կադրից դուրս գտնվող հզոր «գեներատորն» այն անձնակազմն է, որը կարողանում է ստեղծել նոր ուղի, նոր ուժեր բացահայտել, կոտրել կարծրատիպեր և, ի վերջո, լինել շա՜տ ամուր թիկունք ինձ համար և ամբողջ «Պանարմենիան» մեդիահոլդինգի համար»,- եզրափակեց Նազենին։

Ամալյա Հովհաննիսյան



