serjAraratnews.am-ը գրում է.

Հարգելի՛ լրագրողներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում՝ այս կարևոր և մասշտաբային միջոցառման շրջանակներում: Աշխարհի տարբեր անկյուններից 150 անվանի լրագրողների ներկայությունն արդեն իսկ խոսում է այս համաժողովի նկատմամբ միջազգային հանրության ուշադրության, ինչպես նաև Հայաստանի հանդեպ ունեցած հետաքրքրության մասին: Հուսով եմ, որ «Արարատի ստորոտին» գեղեցիկ խորագիրը կրող համաժողովի մասնակիցներդ աշխատանքից բացի հնարավորություն կունենաք ծանոթանալու հայկական մշակույթին և խոհանոցին, հմայվելու բիբլիական Արարատ լեռան հիասքանչ տեսարանով:

Ակնհայտ է, որ մեր օրերում լրատվամիջոցները համամարդկային արժեքները տարածելու, դրանց ոտնահարման դեմ պայքարելու և միջազգային հանրությանը համախմբելու հսկայական ներուժ ունեն: Այսօր մեկ հարկի տակ է հավաքվել միջազգային լրատվամիջոցների խիստ ներկայացուցչական մի կազմ, որն արդեն իսկ ձևավորել է Հայոց ցեղասպանությանն առնչվող քննարկումների արդյունավետ մեդիա հարթակ՝ միտված ևս մեկ անգամ վեր հանելու 20-րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկի հետ կապված իրողությունները։ Այս համաժողովը, ինչու չէ, նաև յուրօրինակ հարթակ է առավել հանգամանալից և համակողմանի ներկայացնելու տարբեր ոլորտներում Հայաստանի Հանրապետության ձեռքբերումներն ու մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները:

2015 թվականին Հայաստանը, աշխարհասփյուռ հայությունը միջազգային հանրության հետ հիշում և ոգեկոչում են մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը, որին զոհ դարձավ 1.5 միլիոն հայ, հարյուր հազարավորներն էլ դարձան գաղթական կամ բռնի կրոնափոխ եղան։ Յուրաքանչյուր հայ, աշխարհի որ անկյունում էլ գտնվի, զգում է Մեծ եղեռնի հետևանքները թե՛ բարոյահոգեբանական, թե՛ մշակութային, թե՛ լեզվական և թե՛ քաղաքական առումներով:

Մենք կցանկայինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչել նաև թուրք ժողովրդի հետ միասին՝ դրանով իսկ ազդարարելով երկու ժողովուրդների միջև հաշտեցման և հարաբերությունների հաստատման մի նոր հանգրվան, որին էլ միտված էին 2009 թվականին Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները և իմ հրավերը Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց եղեռնի զոհերի հիշատակը: Ցավոք, այս անգամ էլ մենք բախվեցինք ժխտողականության հետ, որն այս տարի առանձնահատուկ դրսևորում ստացավ:

Վստահ եմ՝ տեղյակ եք, որ այս տարի Թուրքիայի իշխանությունները որոշում կայացրեցին Գալիպոլիի մարտերի հարյուրամյակը տոնել հենց ապրիլի 24-ին, որի միակ դրդապատճառը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու պարզունակ նպատակն էր: Ի դեպ այս առիթով ձեր նորվեգացի գործընկեր Բորդ Լարսենը ս.թ. փետրվարին հրապարակած «Անօգուտ դիվանագիտություն» վերտառությամբ իր հոդվածում շատ դիպուկ նկատել է, թե «սա նման կլիներ նրան, որ, ասենք, Գերմանիան Հոլոքոստի միջազգային հիշատակման օրը տոներ Վերմախտի հերոսական հաղթանակներն Արևելյան ճակատում` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»:

Ցավում եմ, որ Թուրքիայի իշխանություններն այս տարելիցը որպես սեփական պատմության հետ առերեսման և հաշտեցման առիթ օգտագործելու փոխարեն, իրենք իրենց դրեցին անհարմար իրադրության մեջ՝ ակնհայտ կերպով խեղաթյուրելով Գալիպոլիի մարտերի՝ քաջ հայտնի ժամանակագրությունը և այդպիսով համեմելով ժխտողականության քաղաքականությունը նոր դրսևորումներով:

Թուրքական իշխանություններն իրենց ժխտողական քաղաքականությամբ ոչ միայն արդարացնում են Օսմանյան իշխանությունների հանցագործությունը՝ հայերի հայրենազրկումը, այլև վտանգավոր նախադեպ ստեղծում նոր ցեղասպանությունների իրագործման համար: Դրա վառ օրինակներից են Հոլոքոստը, Ռուանդայի, Կամբոջայի ցեղասպանությունները, վերջին տարիներին «Իսլամական պետության» կողմից իրականացվող էթնիկ զտումներն ու մշակութային ժառանգության ոչնչացումը: Նրանց՝ պատասխանատվությունից խուսափելու կամ Հայոց ցեղասպանությունը մոռացության մատնելու փորձերը կարելի է որակել որպես շարունակական հանցագործություն և նոր ցեղասպանությունների խրախուսում:

Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ Թուրքիայի մտավորականության և առաջադեմ երիտասարդության ավելի ու ավելի շատ հատվածներ խիզախում են առերեսվել իրենց պատմական անցյալի հետ՝ ցանկանալով ապրել արժանապատիվ և չկրել մեղքի այդ ծանր բեռը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել