Նորվեգիայի վարչապետը հայտարարել է, որ չի մասնակցելու Ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին, քանի որ Նորվեգիայի համար ավելի կարևոր են Թուրքիայի հետ հարաբերությունները։ Մեծ Բրիտանիայի պարագայում արդեն այնպիսի տեղեկատվական խառնաշփոթ է, որ չես էլ հասկանում, թե ով է մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներին Թուրքիայում, իսկ ով է ներկա լինելու Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին Հայաստանում։ Հայտնի է միայն, որ Քեմերոնը չի գալու։

Ուկրաինական քաղաքացիական պատերազմում պայմանականորեն «պրոռուսական» կողմի ամեն ծուռ փռշտոցին հետևում են կոշտ պատժամիջոցներ Ռուսաստանի հանդեպ, իսկ վերջին մեկ տարում մի քանի տասնյակ հայ զինվորականների մահվան բերած սահմանային բախումների պատասխանատու Ադրբեջանին միայն քննադատում են։

Հարավսլավիայի, իսկ հետագայում Սերբիայի տարածքային ամբողջականության վրա «Համաշխարհային հանրությունը» (որն իրականում համաշխարհային չէ, այլ անգլոսաքսոնական դիրիժորության տակ վերջին տասնամյակների ընթացքում նվագող Արևմուտք) թքած ուներ, երբ մաս-մաս պոկում էր այդ երկրի բաղկացուցիչ մասերը և օտարում էր Կոսովոն, բայց էդ «համաշխարհային» հանրությունը շատ ցավոտ է ընկալում, ասենք, Ուկրաինայի կամ էլ ինչո՞ւ ոչ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը...

Եվ այսպես շարունակ... Իսկ մենք ի՞նչ ենք անում...

Իսկ մենք, ավելի ճիշտ՝ մեր քաղաքական իսթեբլիշմենթի ու հասարակության արևմտամետ զանգվածի մի մասը, սոված ու նվիրված դվոռնյաժկայի նման տխուր ու զարմացած հայացքով նայում է «Համաշխարհային հանրության» վրա այս ապտակներից յուրաքանչյուրից հետո, իսկ ոմանք էլ անկեղծորեն սկսում են հավատալ, որ այդ ապտակներին մենք իրականում արժանի էինք, ու կրկնվում է հին հայկական ավանդական պետական սխալը. չենք զգում աշխարհի փոփոխություններն ու տեկտոնական շարժերը և կառչում ենք անցյալից, փոխանակ օգտվենք այդ տեկտոնական շարժերի կողմից ընձեռվող պատմական հնարավորություններից։

Այո՛, ու ցավոք, Հայաստանը չափազանց փոքր է՝ «Համաշխարհային» հանրությանը գլոբալ հարցերում ինքնուրույն հակադրվելու համար, բայց այսօրվա փոփոխվող աշխարհում ստեղծվել է մի իրավիճակ, երբ «Համաշխարհային» հանրությանը հակադրվում է Ռուսաստանը ու հակադրվում է այնպիսի կետերով, որոնք նաև մեր շահերից են բխում։ Օրինակ՝ նույն տարածքային ամբողջականության խնդիրը։

Երեկ էդ Եվրանեսթյան անհասկանալի տուսովկում, որը, չգիտես ինչու, մեր քաղաքական գործիչների համար դեռ ակտուալ ա, թեև հանդիսանում է «Եվրաինտեգրման» մեր չեղարկված փորձի ռուդիմենտար մնացորդ, ուկրաինացի պատվիրակն իսկական հիստերիկա էր ունեցել ու հայտարարել, որ քանի դեռ մենք Ռուսաստանին չենք ճանաչում ագրեսոր, մենք իրավունք չունենք ակնկալել, որ Աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

Իհարկե, մեկ ապուշի ասածը մեծ մի բան չէ, անգամ եթե դա ասվում է միջազգային տրիբունից, բայց ինչո՞ւ չենք օգտագործում սա որպես պատրվակ՝ մեր «ռադիկալ» դիրքորոշումները հնչեցնել սկսելու համար։ Մասնավորապես, չե՞ք կարծում, որ ժամանակն է, որ մենք էլ սկսենք գոնե այսպիսի կիսաֆորմալ մակարդակում հնչեցնել մեր այն դիրքորոշումը, որ թքած ունենք տարածքային ամբողջականության վրա, եթե խոսքը վերաբերվում է մեր պատմական հողերին ու պատմական արդարությանը։ Գիտե՞ք՝ ինչու չեն հնչեցնում սա մեր քաղաքական այրերը։ Որովհետև «Համաշխարհային» հանրությունը մեզ կարող է սկսել քիչ սիրել դրանից հետո։

Մինչդեռ, բացի նրանից, որ մենք պետք է թքած ունենանք էդ հանրության սիրել-չսիրելու վրա, առավել ևս, երբ նույն այդ «համաշխարհային» հանրությունը պարբերաբար թքած է ունենում մեզ վրա, մենք պետք է առաջին հերթին մեր հանրության միջից արմատախիլ անենք «աշխարհն ի՞նչ կասի մեր մասին» մտածելակերպը։ Մենք ունենք Արցախի խնդիր, մենք հեռանկարում ունենք այլ հողեր, որ պետք է վերադարձնել՝ Դաշտային Ղարաբաղ, Նախիջևան, Արևմտյան Հայաստան... Ու առանց տարածքային ամբողջականություն բռնաբարելու դա անհնար կլինի, ուստի օր առաջ պետք է կոտրել այդ կարծրատիպը մեր մեջ, իսկ եթե կապենք այդ խնդիրն այսօրվա իրականության ու այսօրվա նպաստավոր պայմանների հետ, ապա դա պետք է անենք հենց նույն Ղրիմի օրինակով՝ ավելի ընդգծված ու հետևողական կողմնորոշում զբաղեցնելով այս հարցում. Ռուսաստանը լավ է արել, որ վերադարձրել է թերակղզին ու վերջ, մենք իրեն աջակցում ենք։ 

Սա ոչ թե զուտ Ռուսաստանին հաճոյանալու կամ էլ Արևմուտքի երեսին թքելու համար է պետք անել, այլ հետագայում ավելի լեգիտիմ ու ծանրակշիռ փաստարկներ ունենալու համար, երբ հերթը հասնի մեզ։ Ու ընդհանրապես, ասել եմ, ասում եմ և ասելու եմ. մի տուտուզով երկու աթոռի վրա նստելու ու կոմպլեմենտարիզմ խաղացնելու ժամանակները մնացին անցյալում, և պետք է, դա հիմք ընդունելով, ավելի վստահ սկսենք խաղալ մեր դերը նոր իրականությունում, որտեղ «Համաշխարհային» հանրությունն այդքան էլ մեր բարեկամը չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել