Lurer.com–ը գրում է.

Հայաստանն ու Կանադան ունեն հնարավորություն՝ ավելացնելու առևտրի ծավալները, սակայն հայ արտադրողի համար համար գլխավոր ուղղությունը մնում է Ռուաստանը, հետո միայն Եվրոպան և մյուս երկրները: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ-ում Կանադայի դեսպան (համատեղության կարգով, նստավայրը՝ Մոսկվա) Ջոն Ռոնալդ Քյուրը, խոսելով հայ-կանադական առևտրային կապերի մասին: Նրա խոսքով՝ Կանադայում կան գործարարներ, ովքեր հետաքրքրված են Հայաստանից արտահանումներ կատարելով, սակայն նրանց համար կա մի խոչընդոտ:

«Եթե Կանադացի գործարարը պատվիրում է ինչ-որ ապրանք Հայաստանից, ապա շատ ժամանակ է ծախսվում՝ այն տեղ հասցնելու համար: Այդ ապրանքը պետք է հստակ ժամանակում հայտնվի Կանադայում, որպեսզի բիզնեսմենը կարողանա կազմակերպել իր գործը: Սակայն Հայաստանում գործարարները չունեն հնարավորություն, որ ճիշտ ժամանակին հասցնեն արտադրանքը պատվիրատուին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց դեսպանը:

Դեսպան Քյուրը հայտնեց, որ նախորդ տարի Հայաստան-Կանադա առևտրաշրջանառության ծավալը կազմել է մոտ 100 մլն դոլար, աճելով շուրջ 15 տոկոսով: «Անշուշտ կա պոտենցիալ ավելացնելու այս ծավալը և մեր առևտրային այցի նպատակն էլ հենց սա է»,- հավելեց դեսպանը:

Կանադացի գործարարները Երևան են ժամանել մարտի 15-ին: Նրանք արդեն հանդիպել են մի շարք պետական կառույցների ղեկավարների և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Այցի շրջանակում կայացել է շուրջ 160 երկկողմ հանդիպում հայ և կանադացի գործարարների միջև: Մարտի 16-ին տեղի է ունեցել նաև հայ-կանադական գործարար համաժողով, որի շրջանակում ներկայացվել են Հայաստանի ներդրումային միջավայրի, ՀՀ-ում գործող ազատ տնտեսական գոտիների, հանքարդյունաբերության, հեռահաղորդակցության և ինտերնետային կարգավորումների, գյուղատնտեսության և ագրովերամշակող արդյունաբերության վերաբերյալ ոլորտային շնորհանդեսներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել