Lurer.com–ը գրում է.

Եվրամիության երկրների ղեկավարները համաձայնության են եկել այն բանի շուրջ, որ մարտի 19-20-ը Բրյուսելում կայանալիք ԵՄ-ի գագաթնաժողովում չպետք է որոշում ընդունել ՌԴ- ի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները երկարացնելու վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է The Wall Street Journal-ը:

«Սկսել են նշմարվել ԵՄ-ի երկրների միջև քաղաքական պայմանավորվածությունների ուրվագծերը, ինչը Եվրոպային թույլ կտա շրջանցել տարաձայնությունները Ռուսաստանի նկատմամբ վարվող քաղաքականության կապակցությամբ: Դրա համար, բանակցություններին մասնակցող անձանց տվյալների համաձայն, որոշվել է ավելի ուշ ժամկետ տեղափոխել Մոսկվայի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների երկարացման հարցի վերաբերյալ որոշման ընդունումը»,-նշում է հրատարակությունը:

Նրա տեղեկատվության համաձայն՝ «պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ պատժամիջոցների մեղմացումը հնարավոր կլինի միայն զինադադարի շուրջ անցած ամսին Մինսկում ստորագրված համաձայնությունների ամբողջական և վերջնական կատարման դեպքում»:

Թերթը գրում է, որ վերջին օրերին Բրյուսելում, Փարիզում և Բեռլինում այդ թեմայի շուրջ ընթացող բանակցություններում նպատակ է դրվել ԵՄ-ի ղեկավարների՝ այս շաբաթ կայանալիք գագաթնաժողովից առաջ հասնել փոխհամաձայնության, ըստ որի հունիսին կամ հուլիսին կայանալիք հաջորդ նման բարձր մակարդակի հանդիպմանը որոշում կընդունվի ՌԴ-ի դեմ պատժամիջոցները երկարացնել մինչև 2015 թվականի վերջը:

«Սպասվում է, որ հայտարարության մեջ, որին հավանություն կտան ԵՄ-ի ղեկավարները, կնշվի, որ պատժամիջոցների հարցը կախված կլինի այն բանից, թե ՌԴ-ն կկատարի արդյոք Մինսկի համաձայնությունների շրջանակներում ստանձնած պարտավորությունները: Մասնավորապես, խոսքը վերաբերում է խիստ կարևոր քայլի՝ 2015 թվականի վերջին սահմանների հսկողությունն Ուկրաինային հանձնելուն (Ուկրաինայի արևելքում)»,-գրում է թերթը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել