Մարտի 18-ն ինձ համար նշանակալից օր է։
1945 թ. մարտի 18-ին, զորամասերի վերախմբավորման առիթով, ինձ տեղափոխեցին 2-րդ Բելոռուսական ռազմաճակատի 4-րդ հարվածային բանակի 346 Դիբալցևյան կարմրադրոշ հետևակային դիվիզիայի 1166 Կուտուզովի շքանշանակիր գնդի 3-րդ գումարտակի շտաբի պետ: Պատերազմը շարունակվում էր նույն դաժանությամբ: Սակայն մենք ավելի լավ էինք զգում մեզ, ոչ միայն մատակարարման առումով, այլև հոգեբանական ու ֆիզիկական տեսակետից, որովհետև մենք հաղթողի դերում էինք և գտնվում էինք ֆաշիզմի օրրանում` Արևմտյան Պրուսիայում և զգում էինք մոտալուտ պատմական հաղթանակի քաղցրությունը: Իսկ հաղթողները միշտ էլ իրենց լավ են զգում:
1945 թ. մայիսի 1-ին բոլոր զորամասերում կայծակնային արագությամբ տարածվեց, որ մեր զորքերը մտել են Բեռլին, և Խորհրդային դրոշը ծածանվում է Ռեյխստագի վրա: Մեր ուրախությանը սահման չկար:
346-րդ ԴԿ դիվիզիայի կազմում էլ ես դիմավորեցի բաղձալի հաղթանակի օրը` 1945 թ. մայիսի 9-ը, Գերմանիայի Մեկլենբուրգի երկրամասի Վիտտենբերգ և Նոյշտրելից քաղաքների շրջանում: Այդ օրն իմ հիշողության մեջ մտել է նաև մի ուրիշ առիթով: Մեր զորամասը կանգ էր առել մի փոքրիկ բնակավայրի մոտ: Հրաշալի, արևոտ, տաք եղանակ էր: Մենք ուրախությունից գլուխներս կորցրել էինք: Զորամաս էին բերել զանազան ալկահոլային խմիչքներ, մասնավորապես մաքուր սպիրտ: Լավ խմել էինք: Լիակատար ազատություն էին տվել մեզ, զվարճանում էինք` ով ինչպես կարող էր: Մեր հարևանությամբ կանգ էր առել նաև մի հրետանային զորամաս: Մեր գումակում կային գերմանական լավ ձիեր: Ես փոքր հասակից սիրում էի ձի նստել: Գումարտակի հրամանատարի հետ որոշեցինք մի փոքր զվարճանալ` յուրատեսակ ձիարշավ անցկացնելով: Նստեցինք ձիերին և քառատրոփ քշեցինք հրետանային զորաջոկատների մոտով: Հրետանավորները շոգից վերնաշապիկները հանել էին և մեքենաների ստվերում պառկել: Մի մեքենայի մոտով անցնելիս հանկարծ տակից դուրս թռավ մի զինվոր` վերնաշապիկը թափ տալով: Իմ ձին խրտնեց, կտրուկ ուղին փոխեց, թափով թռավ դիմացի ցածր ցանկապատի վրայով և ինձ վայր գցեց քարերի վրա: Ես շատ վատ զգացի, շունչս կտրվում էր, ոչ միայն չէի կարողանում շարժվել, այլև խոսել: Զինվորները վազելով մոտեցան ինձ, ջուր տվեցին խմելու, կանչեցին մեկին, որը երևի սանիտար էր, մերսում արեցին ու հանգստացրին: Խրտնած ձիուն բռնեցին: Ձիուն խրտնեցնող զինվորը ներողություն էր խնդրում և արդարանում, որ ինքը ոչ թե դիտավորյալ, այլ պատահականորեն է դա արել:
Մի քանի օր հետո Դիվիզիայի հրամանատարը հաղթանակի առթիվ դիվիզիայի ողջ սպայական կազմի ընդունելություն էր կազմակերպել դիվիզիայի շտաբի մոտակայքում գտնվող անտառի մեջ, որը մեզանից հեռու էր 15-20 կմ.: Այդ օրերին մեր սպաները գումարտակի կայանատեղ էին բերել մի քանի հատ մոտոցիկլետ, որոնցից մեկը, կարծեմ ֆրանսիական «Յուվել» մակնիշի ռազմաավարային մոտոցիկլ, նվիրեցին ինձ: Դիվիզիայի հրամանատարի ընդունելությանը մեր սպաները գնացին տարբեր մեքենաներով: Ես որոշեցի գնալ այդ մոտոցիկլետով, թեև գումարտակի հրամանատարը խորհուրդ չէր տալիս, որովհետև գիտեր, որ ընդունելությունից հետո ինչ վիճակում ենք լինելու, բայց համաձայնվեց: Դե, մոտոցիկլետ էր ընկել ձեռքս, պետք է օգտագործեի: Հավանաբար ինձ այդ քայլին մղում եր նաև իմ հայկական տաքարյունությունը և երիտասարդական ոչ այնքան տեղին ինքնավստահությունը: Անտառում տախտակներից երկար սեղան էին պատրաստել, շուրջը տախտակե նստարաններ, որոնց վրա պետք է նստեին երևի երեք հարյուրից ավելի սպաներ: Սեղանի վրա դրել էին զույգ զույգ բիդոններ, որոնցից մեկի մեջ լցված էր մաքուր սպիրտ, մյուսի մեջ` ջուր, և զանազան ուտելիքներ: Մի քանի ժամ տևեց ընդունելությունը: Բնականաբար, առաջին կենացն ուղղված էր ընկեր Ստալինին, հետո` հաղթանակի օրվան, ապա մյուսներին: Ես սովոր չէի սպիրտ խմելու: Մի քիչ սպիրտ էի լցնում, վրան ջուր ավելացնում: Իմ կողքին նստած մի ավելի տարիքավոր մայոր ասաց. «է՜, տղաս, այդպես չեն խմի, այդպես ավելի շուտ կհարբես, դու խմիր մաքուր սպիրտը, հետո վրայից ջուր խմիր»: Ես այդպես էլ արեցի, բայց սպիրտը մնում է սպիրտ, և նա իր ուժը ցույց տվեց: Համարյա բոլորը հարբել էին: Երեկոյան կողմը վերադառնում էինք մեր զորամասը: Ես իմ մոտոցիկլետով առաջ ընկա: Ճանապարհի կեսին մի առվակ կար, որի վրա մի քանի տախտակից խարխուլ կամրջակ էր կապված: Չգիտեմ ինչպես պատահեց՝ տախտակների վրա մոտոցիկլետի անիվը սահելով թեքվեց և ինձ հետ միասին թռավ ջրի մեջ: Բարեբախտաբար, առվակը խորը չէր: Ես ընկա կողքի, մեքենան՝ աջ ոտքիս վրա, շարժիչը լռեց: Փորձում եմ վեր կենալ, չի հաջողվում, չեմ կարողանում ոտքս մեքենայի տակից հանել, շատ ուժեղ ցավում է: Իմ բախտից, մի քանի րոպե հետո, բեռնատար մեքենայով եկան մեր գնդի մի խումբ սպաներ: Նրանք տեսան ինձ, կանգնեցին և, մեքենայից վայր թռչելով, օգնեցին ինձ դուրս գալ առվակից, բարձրանալ ավտոմեքենա: Մոտոցիկլետը նույնպես դրին մեքենայի վրա: Գումարտակի հրամանատարն ուրիշ մեքենայով էր: Երբ զորամաս հասանք, նա ինձ հանդիմանեց. «Տեսնում ես, որ խորհուրդ չէի տալիս մոտոցիկլետով գնալ, հենց դա նկատի ունեի: Իսկ դու ինձ ասում էիր, որ երբեք չես հարբում»: Ես փորձում էի մեղքը գցել կամուրջի խարխուլության վրա: Թեև դա էլ, իհարկե, նշանակություն ուներ:
Հաջորդ օրը, երբ արդեն անցել էր ալկահոլի ազդեցությունը, դիվիզիայի հրամանատարի ջերմ ընդունելության տպավորության տակ, ուրախ ու երկարաշունչ նամակ գրեցի տուն, որն ավարտեցի մի փոքրիկ բանաստեղծությամբ...
Քայլել ենք մենք կյանքի քառուղիներով,
Անցել անհայտ ու մութ կածաններով,
Մագլցել լերկ ժայռերն ի վեր,
Տեսել գյուղեր, քաղաքներ ավեր:
Մահն է նայել մեզ` աչքերով ագահ,
Բայց մենք քայլել ենք հաստատ ու անահ,
Արհամարհելով ամեն մի վտանգ,
Հայացքներս հառած դեպի նոր կյանք:
Այսպես ավարտվեց 1942 թ. սեպտեմբերից մինչև 1945 թ. մայիսի 9-ը տևած իմ պատերազմական ոդիսականը: Հայ ժողովրդի քանի՜-քանի՜ զավակներ ապրել են այդ ոդիսականը և իրենց արժանի ավանդը ներդրել Հայրենական Մեծ պատերազմի պատմական հաղթանակի գործում: