Tert.am-ը գրում է.
Սահմանադրական բարեփոխումների գործընթացը թևակոխեց երկրորդ փուլ, դրանք արդեն մտել են քաղաքական քննարկումների շրջափուլ: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարեց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը՝ նշելով, որ այդ բարեփոխումները հանրային կյանքն արդյունավետ դարձնելու ինստիտուցիոնալ մոտեցումներ են:
«ՀՀ Նախագահը փորձ է կատարում քաղաքական, միջկուսակցական, կառուցողական քաղաքական նոր մշակույթ ձևավորել, սա բնորոշ է ՀՀ նախագահին, և Սահմանադրական բարեփոխումն էլ դրանցից մեկն է,-ասաց Խոսրով Հարությունյանը,–այսօրվա գործող սահմանադրության մեջ թեև իրավունքի գերակայությունը նշված է, սակայն իրավունքի պաշտպանություն չի կարողանում իրականացվել՝ գործիքակազմի բացակայության պատճառով: Ներկա կիսանախագահական համակարգում նախագահին վերապահում ենք այնպիսի պարտականություններ, որոնք ավտոմատ կերպով նախագահին դարձնում են գործադիրի ղեկավար: Նմանատիպ շատ հարցեր կան, որոնք էլ սահմանադրական բարեփոխումներ իրականացնելը դարձրել են կարևոր»:
ՀՀԿ-ական պատգամավորի գնահատմամբ՝ ՀՀ Նախագահի առաջարկը բոլոր քաղաքական կուսակցություններին՝ մասնակցել քննարկումներին, որ այլ ինչ է, քան սեփական մտահոգությունները ներկայացնել հանրությանը, ինչը շատ պատասխանատու քաղաքական փուլ է:
Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ Խոսրով Հարությունյանն ասաց, թե հայաստանյան ընդդիմությունը փնտրտուքի մեջ է, ինստիտուցիոնալ կայացման մի նոր շրջանում է գտնվում:
«Դա ընդդիմությանն առողջանալու հնարավորություն է տալիս: Ւնձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեր ընդդիմությունը կոմպլեքսավորված է, որևէ կառուցողական բան չկա ընդդիմության ներսում,-նկատեց Խոսրով Հարությունյանը,-ընդդիմադիր չի նշանակում միայն հայհոյել, չի նշանակում որևէ կառուցողական գործընթացների չմասնակցել: Շատ կուզենայի, որ վերակազմավորվելուց հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այդ բարդույթներից ազատվեր:



