Այսօր պատահաբար դիտեցի Սուրեն Շահվերդյանի հեղինակած «Քաղցած չէին սպասում» հաղորդաշարի վերջին թողարկումը: Իսկ դիտելու պատճառն այն էր, որ այս անգամ հաղորդման հեղինակները հյուրընկալել էին Անժելա Սարգսյանին:
Հիշեցնեմ, որ նա ՀՀ-ում պայթած առաջին հայտնի սեքս-սկանդալի հերոսուհին էր, որը ժամանակին իր համբավով մթնեցրել էր թե՛ քաղաքական-հասարակական գործընթացները, թե՛ հայտնի շատ գործիչների, մի խոսքով ամեն ինչ և ամենքին, իսկ նրա անունը Google որոնողական ցանցում ամենաշատ փնտրվածն էր:
Ինչևէ, ինձ հետաքրքրում էր, թե արդյոք սկանդալային Անժելան, որը հաղորդման մեջ հանդես էր գալիս նոր ոճով, նոր սանրվածքով, մի խոսքով փոխված, փոխվե՞լ էր նաև մտոք, կա՞ր թեկուզ փոքր-ինչ զղջում նրա մոտ իր հետ կատարվածից հետո, որի արդյունքն այն է, որ նրա 9-ամյա դուստրն այսօր մեծանում է առանց հայր:
Բայց դատելով թե՛ Անժելա Սարգսյանի անկաշկանդ պահվածքից երկու տղամարդկանց առաջ, թե՛ նրա խոսքերից, թե՛ խոսելու ոճից, կարելի էր վստահ ասել, որ մեր առաջ, թերևս, նույն Անժելա Սարգսյանն էր՝ պարզապես մազերի փոխված գույնով: Բավական է մեջբերել մի քանի արտահայտություններ, որոնք թռչում էին՝ էկրաններին կրկին հայտնվելու շանսից բացարձակ էյֆորիայի ու տրանսի մեջ հայտնված Անժելա Սարգսյանի բերանից, ինչպես օրինակ՝ «Տղամարդիկ բավականին պրիմիտիվ կենդանիներ են, քանի որ կանայք նրանց կարող են հեշտ կառավարել» (երևի նա ուզում էր ասել ՝ հեշտ է դավաճանել, բայց վերջին պահին կանացի հոտառությունը զսպեց նրան), «Իմ սիրտը շատ դժվար է գրավել...» և մի ամբողջ շարք այն գծերի, որը պետք է ունենա որևէ տղամարդ Անժելա Սարգսյանի սիրտը գրավելու գոնե փորձ անելու համար և այլն: Իսկ չմոնտաժված կադրերում նրա խոսելաոճը կտրուկ տարբերվում էր այն ոճից, որ կար ողջ հաղորդման ընթացքում, հատկապես ամեն նախադասության սկզբում հնչող «կյանք» բառից: Մանսավորապես, Սուրեն Շահվերդյանի՝ «Անժելա, դու լավ ես պատրաստում» արտահայտությանն Անժելան արձագանքում է այսպես. «Կյանք, ես ամեն ինչն էլ լավ եմ անում»: Ամեն ի՞նչը... Չնայած, երևի…
Ինչևէ, սա այն դեպքերից է, որ չգիտես էլ՝ ում մեղադրես, Սուրենի՞ն, ով որոշել էր սեփական հաղորդմանը սկանդալայնություն հաղորդել և հյուրընկել ամենասկանդալայինին բոլոր սկանդալայիններից՝ Անժելա Սարգսյանին, թե՞ Անժելային, որը հերթական անգամ, տեսնելով տեսախցիկ, այնքան էր ուրախացել, որ երբեմն չէր կարողանում վերահսկել իր բառերն ու արտահայտությունները:
Ամեն դեպքում, դատելով Անժելա Սարգսյանին կենցաղային պայմաններից և նրա ազատ ու անկաշկանդ խոսելաոճից, թերևս պետք է փաստել, որ հայտնի իրադարձությունները նրա կյանքում միայն դրական տեղաշարժեր են բերել: