Tert.am-ը գրում է.

Այնպես ստացվեց, որ այսօր ընդդիմության դաշտում ազդեցիկ ուժ չկա. այս կարծիքին է քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Կարեն Քոչարյանը:

Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե արդյոք դրանում դեր ունի իշխանական գործոնը, նա պատասխանեց. «Եթե ընդդիմությունը չցանկանա քանդվել, ապա իշխանությունը չի կարող քանդել, պարզապես կարծում եմ, որ ընդդիմությունն այնպիսինն էր, որ ցանկացավ քանդվել»։

Չնայած դրան, քաղտեխնոլոգը գտնում է, որ ընդդիմության այս վիճակը շատ կարճ կտևի.«Սուրբ տեղը դատարկ չի մնում»։

Ըստ նրա` առաջիկայում ավելի շատ պայքար կգնա աշխարհաքաղաքական, քան ներքաղաքական առումով՝ հատկապես երկու ուժերի միջև՝ մի կողմից ռուսամետ՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, իսկ մյուս կողմից՝ «Ժառանգությունը»,  «Ազատ դեմոկրատները», Նիկոլ Փաշինյանը, Ալիկ Արզումանյանը և այլ անհատներ:

Կարեն Քոչարյանն ամեն դեպքում գտնում է, որ ամբողջ քաղաքական դաշտը պետք է մաքրվի՝ գործող իշխանության գլխավորությամբ:

«Պետք է քաղաքական կամք դրսևորվի, գիծ քաշվի այս ամեն ինչի  տակ, ու նոր խաղի կանոններ գրվեն, որոնք չպետք է խախտվեն ոչ մեկի կողմից, և դրանցով փորձեն առաջ գնալ, որպեսզի հանեն երկիրն այս վիճակից: Հակառակ պարագայում՝ այս երկիրը դառնալու է սփյուռքահայության դաչա»,- ասաց նա:

Անդրադառնալով բիզնեսի և քաղաքական փոխկապակցվածությանը՝ նա ասաց, որ բիզնեսը բոլոր երկրներում՝ այդ թվում ԱՄՆ-ում, Եվրոպայում, կարող է ունենալ քաղաքական դաշտի վրա լոբբիստական ազդեցություն, ինչը նորմալ է:

«Երբ Մալաթիայից Կորյուն Նահապետյանն է ներկայացված, ես դա ողջունում եմ, իսկ երբ Սամվել Ալեքսանյանն է, ապա դա նոնսենս է:  Նույն Սամվել Ալեքսանյանը իր լոբբինգը կարող է անել այլ պատգամավորների միջոցով, ինչի մոդելը դրել է Հրանտ Վարդանյանը»,- ասաց նա:

Կարեն Քոչարյանն ասաց, որ ընդդիմության դաշտում մեծ դեր են կատարում ամբիցիաները, մասնավորապես՝ անձնական ամբիցիաները՝ ինչպես ամեն տեղ:

«Մեզ մոտ չկան առողջ, կոլեկտիվ ամբիցիաներ, այլ կա անհատի ամբիցիա, դրա համար էլ կա այդքան կուսակցություն: Մենք հիմա ունենք 70-ից ավելի կուսակցություն, որից մեծ մասին չենք ճանաչում, որովհետև դրանք բացվել են միայն այդ՝ մարդ-կուսակցության լիդերի ամբիցիաները բավարարելու համար»,- ասաց նա:

Անդրադառնալով ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնությանը` քաղտեխնոլոգը նշեց, որ դեռ վաղ է ասել, թե ինչ արդյունք կտա նրանց ծրագիրը, քանի դեռ սաղմնային վիճակում է:

«Նիկոլ Փաշինյանի անձը խարիզմատիկ է, և նա ունի Ազգային ժողովում ամբիոն, որը բավականին արդյունավետ օգտագործում է: Բոլոր շանսերը կան նրա շուրջ համախմբվելու համար: Հաշվի առնելով, որ ինքն ավելի շատ լիբերալ գաղափարախոսություն կրող է, ապա  եթե լիբերալները հավաքվեն նրա շուրջ և ստեղծեն ոչ թե օրինակ՝ ՀԱԿ-ի, ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի նման կուսակցություն, այլ՝ ՀՅԴ-ի նման կուսակցություն, ինչի մասին Նիկոլն ակնարկել է՝ ասելով, որ չի լինի լիդեր, այլ կլինի կոլեկտիվ, միգուցե ստացվի հաջողության հասնել»,- ասաց նա:

Անդրադառնալով ընդդիմության դաշտում «Ժառանգություն» կուսակցության դերին՝ նա ասաց, որ այսօր փաստորեն նա չունի ոչ մի ազդեցություն, ինչը ցույց տվեց Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հանրահավաքը, թեև դա իր համար պարզ էր դեռևս 2013 թվականի ապրիլի 9-ից հետո:

«Չնայած դրան՝ չկա կուսակցություն, որտեղ չլինեն կարող ուժեր, նույն «Ժառանգությունում» էլ կան բավականին գրագետ քաղաքական գործիչներ: Բացի այդ, պետք է նկատել, որ կուսակցությունը հեռու է բիզնեսից, կրիմինալից: Այնտեղ խնդիրն այն է, որ այնտեղ ավելի շատ հասարակական կազմակերպության կա, քան՝ քաղաքական ուժի մոտեցում»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել