Lurer.com–ը գրում է.

Սիրիական հակամարտությունը արտացոլեց Մերձավոր Արևելքում ուժերի իրական բաշխումը: «Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները ցույց տվեցին, որ տարածաշրջանում իրական ուժերի բաշխումը ոչ մի կերպ չի համընկնում երկրների գծված սահմանների հետ: Այժմ այդ երկու իրականությունների բախումը տեղի է ունենում նաև Սիրիայում, և ճգնաժամը կտևի այնքան, մինչև տեղում չգնահատվեն ուժային իրական հարաբերություննե րը,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ մարտի 16-ին կայացած հանդիպմանը նման կարծիք հայտնեց արաբագետ Հայկ Քոչարյանը:

Ասուլիսին մասնակից մեկ այլ արաբագետ՝ Սարգիս Գրիգորյանն, անդրադառնալով սիրիական ճգնաժամի հետևանքներին` նշեց. «Սիրիական հակամարտությունն ի հայտ բերեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որի պատճառով տարածաշրջանում արձանագրվեց ծայրահեղական միտումների աճ, տարածաշրջանում ավելի են սրվում էթնոդավանաբանական հակասությունները, խաթարված է քրիստոնյաների անվտանգությունը, բացի այդ, ոչնչացվում են պատմամշակութային հուշարձանները»,- շեշտեց նա:

Նա հավելեց նաև, որ Սիրիական հակամարտության հետ կապված մյուս կարևոր գործոնը քրդերի ակտիվացումն է, ինչն ուղղված է քրդական առանձին շրջանակների՝ քրդական պետականություն ստեղծելու ցանկության իրագործմանը:

Արաբագետները միակարծիք են, որ Արևմուտքը և Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսել են համագործակցության եզրեր փնտրել Սիրիայի Նախագահ Բաշար Ալ Ասադի հետ: «Մի քանի օր առաջ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարեց, որ պատրաստ է համագործակցել Սիրիայի Նախագահ Բաշար Ալ Ասադի հետ, ինչը Սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման հույս է ներշնչում»,- նկատեց Սարգիս Գրիգորյանը և հավելեց, որ Սիրիայի տարածքի 60 տոկոսը վերահսկում է Սիրիայի կառավարությունը, 35 տոկոսը՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, զգալի տարածքներ վերահսկում են քրդական ուժերը և մի մասն էլ՝ սիրիական ընդդիմադիր այլ ուժեր:

ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ Սիրիական հակամարտության սկզբից (2010թվական) ի վեր Սիրիայում սպանվել է ավելի քան 200.000 մարդ, մոտ 3 միլիոն մարդ կորցրել է աշխատանքը, կյանքի միջին տևողությունը կրճատվել է 21 տարով: Բացի այդ՝ տեղահանվել է մոտ 2 միլիոն երեխա, ընդ որում՝ նրանցից 800.000-ը ծնողազուրկ են դարձել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել