Lurer.com–ը գրում է.
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը հրաժարական է տվել միջազգային միջնորդների Մերձավոր Արևելքի «քառյակի» հատուկ ներկայացուցչի պաշտոնից, գրում է The Financial Times-ը` վկայակոչելով աղբյուրներին: Ինչպես հայտարարել է թերթը, ԱՄՆ-ը և Եվրոպան ուսումնասիրում են իրենց քաղաքականության այլընտրանքային տարբերակներն Իսրայելի ընտրություններից առաջ, որոնք տեղի կունենան այս շաբաթ:
Բլերը զբաղեցրել է հատուկ բանագնացի պաշտոնը վերջին ութ տարիների ընթացքում: Հայտնի է, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը մտադիր է շարունակել իր մասնակցությունը Մերձավոր Արևելքում իրավիճակի խաղաղ կարգավորման գործում: Այդպիսով, անցյալ շաբաթ նա հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ Շարմ էլ- Շեյխում` հնարավոր «դերափոխությունը» քննարկելու համար, ասվում է հոդվածում: Բացի այդ, նշվում է, որ Բլերը զրուցել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
Վերջնական որոշումը դեռևս առկախ է, բայց իրավիճակը Բլերի դերի հետ կարող է դառնալ հստակ այս շաբաթ: Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի գրասենյակից հրաժարվել են մեկնաբանություններ տալուց:
Մերձավոր Արևելքի քառյակը բաղկացած է Ռուսաստանից, ԱՄՆ-ից, ԵՄ-ից և ՄԱԿ-ից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բլերը ը դարձել է Սերբիայի վարչապետի խորհրդատու` Բելգրադի ռմբակոծություններից 16 տարի անց:



