Tert.am-ը գրում է.

Թեև Արցախում Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հրապարակային քննարկումներ   չեն եղել, ընդամենը Հայաստանում փոփոխությունների ֆոնին հատուկենտ տեսակետներ կամ հոդվածներ են հայտնվում, բայց այստեղ ևս խնդիրը հասունացած է:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հայ Յեղափոխական Դաշնակցության» Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

«Արցախում  2017-ին մենք կունենանք 10 տարեկան Սահմանադրություն, և այդ իսկ առումով  ունեցել ենք որոշ, այսպես ասած, բախումներ Սահմանադրության որոշ հոդվածների հարցում և հանգել նման փոփոխությունների անհրաժեշտությանը»,-ասաց Դավիթ Իշխանյանը:

Նա հավելեց, որ այժմ Արցախը «խորհրդարանական ընտրությունների նախօրյակում է», և    Ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո, եթե սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն լինի, դրան կանդրադառնան:

«Բայց որ նման անհրաժեշտություն կարող է լինել... Այդ առումով, կարծում եմ, կարիք կա, բայց թե ի՞նչ ձևով, ի՞նչ ձևաչափով, դեռևս վաղ է դրա մասին խոսելը»,-հավելեց նա:  

Հիշեցնենք, որ օրերս «Ազատություն» ռադիոկայանը հայտարարեց, որ մայիսին սպասվող խորհրդարանական ընտրությունների շեմին՝ Լեռնային Ղարաբաղում քաղաքական վերնախավը ևս խոսում է սահմանադրության փոփոխության մասին` «Ազատ Արցախ» կուսակցության համագումարի ժամանակ:

«Մեր տեսլականն անկախ է Հայաստանում շրջանառվող սահմանադրական փոփոխություններից: Մեր պատկերացմամբ՝ պետք է տարբերակել այն մոդելը, որը առաջարկվում է Հայաստանում, կամ որը քննարկման թեմա է: Ես չեմ համարում, որ անպայման նույն մոդելը պետք է լինի, այսինքն՝ սահմանադրական բարեփոխումները Արցախում ես դիտում եմ անկախ Հայաստանում տեղի ունեցող նման աշխատանքներից», - ասել է ԼՂՀ վարչապետը:

Tert.am-ի հետ զրույցում Արցախի վարչապետի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ի պատասխան հարցի, թե սեղանին կա՞ փաստաթուղթ, կա՞ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողով և այլն, նկատեց, որ առայժմ խոսքը նման գաղափարի մասին է:

«Սակայն վարչապետը իր ելույթում նշեց, որ ցանկալի կլինի անցում կատարել խորհրդարանական համակարգին»,-մանրամասնեց Արտակ Բեգլարյանը:

Արցախի խորհրդարանի պատգամավոր Վահան Բադասյանը կողմնակից է սահմանադրական փոփոխություններին՝ ասելով, որ դա համարում է առաջադեմ քայլ:

«Հայաստանում ուրիշ հարց է, այստեղ ուրիշ հարց է, որովհետև այստեղ նախագահը որևէ կուսակցության անդամ չէ և չի ղեկավարում որևէ կուսակցություն, որը բացարձակ մեծամասնություն ունի, և նա փորձի 2017-ին, երբ ավարտվում է իր ժամկետը, նորից ղեկավարել այլ պաշտոնում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Հիշեցնենք, որ կիսանախագահական համակարգի մոտեցման կողմնակիցները արձանագրում են, որ այդ համակարգը ընդունվել է պատերազմից անմիջապես հետո և   հետևաբար, ըստ այդ համակարգի կողմնակիցների, սառեցված հակամարտության խնդիր ունեցող երկիրը չի կարող անցնել խորհրդարանական համակարգին, քանի որ կիսապատերազմական և պատերազմական իրավիճակներում պետք են միանձնյա որոշումներ:

Ի պատասխան այս դիտարկման, Վահան Բադասյանը նկատեց. «Ղարաբաղին առավել ևս պետք է կոլեգիալ ղեկավարում, առավել ևս, եթե մենք կիսապատերազմական վիճակում ենք, քանի որ ամբողջ պատերազմը մենք հաղթել ենք կոլեգիալ որոշումներով, այլ ոչ թե միանձնյա որոշումներ են եղել»:

Դավիթ Իշխանյանն էլ նույն հարցի կապակցությամբ կրկնեց, որ խոսքն առայժմ ընդհանուր փաթեթում փոփոխություններ անելու հասունացած անհրաժեշտությանն է վերաբերում, իսկ կառավարման մոդելի հետ կապված փոփոխություններին դեռ կանդրադառնան, կքննարկեն:

Ինչպես հաղորդել էր «Ազատություն» ռադիոկայանը, ընդդիմադիրները մտավախություն ունեն, որ այս փոփոխությունների միջոցով Ղարաբաղի իշխանությունն իրականում փորձում է կանխել նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի վերադարձը իշխանության:

Ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության թիմի անդամ Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ ընդդիմությունը դեմ կլինի փոփոխություններին, քանի որ անընդունելի է երկրի Սահմանադրությունը ներիշխանական խաղերի գործիք սարքելը:

Ի պատասխան հարցի, որ իր ընդդիմադիր հայացքներով առանձնացող Վահան Բադասյանը չունի՞ նման մտավախություն, վերջինս ասաց. «Ի՞նչ տարբերություն՝ ո՞ր իշխանությունն է նման խնդիր լուծում, իշխանությունը պետք է լինի համակարգված, համակարգային, և համակարգը պետք է փոխվի, թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել