Այսօր լրանում է 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում կնքված ռուս-թուրքական պայմանագրի 97-րդ տարին: Այդ չարաբաստիկ օրերին փորձենք անդրադառնալ մոտ հարյուր տարի անց:
Ներկայումս Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին խոսելն արդիական է երկու պատճառով. նախ` որքան էլ տարօրինակ է, ՀՀ իշխանությունները հիշյալ պայմանագրերի մասին միջազգային որևէ ատյանում չեն արտահայտել մեր պետության դիրքորոշումը: Երկրորդ` մինչ օրս մենք պատմությունից չենք կարողանում դասեր քաղել` կապված ծայրահեղ ռուսաստանապաշտության հետ:
Ռուսական կողմից բանակցությունները վարում էին արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Գեորգի Չիչերինը և նրա տեղակալ, Կարախանը, Կորկմասովը, իսկ Թուրքիայի կողմից` պատվիրակության ղեկավար Յուսուֆ Քեմալ բեյը, Ռզա բեյը, Ալի Ֆուադ փաշան: Այս պայմանագրով Խորհրդային իշխանությունը համաձայնվում է չճանաչել Թուրքիային վերաբերվող և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից չընդունված որևէ միջազգային ակտ: Այս քայլով քեմալականները կասեցնում են Սևրի պայմանագրի երբևէ շահարկումը Ռուսաստանի կողմից: Բանակցությունների արդյունքում թուրքական կողմը Խորհրդային Ռուսաստանից օգնություն ստացավ 5 միլիոն ռուբլի` ոսկով և ռազմամթերք` օդանավեր, ավտոմեքենաներ, կապի միջոցներ: Առանձին կետով խոսվում է Նախիջևանի կարգավիճակի մասին. «Երկու պայմանավորվող կողմերը համամիտ են առ այն, որ Նախիջևանի մարզը սույն պայմանագրի 1-ն հավելվածում նշված սահմաններում կազմի ինքնավար տարածք՝ Ադրբեջանի խնամակալության ներքո, պայմանով, որ Ադրբեջանը սույն խնամակալությունը չի զիջի երրորդ պետության»:
Մոսկվա մեկնած Ասքանազ Մռավյանը հեռագրով կոնֆերանսի մանրամասներն արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Բեկզադյանին հաղորդելիս գրել է. «Մենք այցելել ենք Լենինին, Տրոցկուն, Չիչերինին և Կարախանին: Լենինը համաձայն էր Անկարայի կառավարության՝ կոմունիզմի դեմ դուրս եկող սոցիալական էության մեր կողմից հնչեցված գնահատականին, բայց ընդգծել է, որ Ռուսաստանը չի կարող և չի ուզում կռվել «թուրքերի դեմ», հատկապես Կարսի պատճառով, որը նրա կարծիքով թուրքական քաղաք է»: «Մենք ժամանակավորապես զոհաբերում ենք հայ աշխատավորության շահերը համաշխարհային հեղափոխության շահերին», այդ առիթով հայտարարել է պրոլետարների առաջնորդը:
Հայերին զոհաբերելու ճանապարհով Խորհրդային Ռուսաստանը թուրքերից «այլ հարցերում» որևէ զիջում չստացավ, իհարկե, փոխարենը Խորհրդային Ռուսաստանի դիվանագիտությունը շարունակեց կախված մնալ թուրքական ազգայնական պահանջատիրությունից և, չնայած Թուրքիային ցուցաբերած հսկայական օժանդակությանը՝ բանակցությունները վարում էին խնդրողի կարգավիճակով:
Հարկ է հիշել մի հետաքրքրիր դրվագ, երբ Մոսկվայի կոնֆերանսից առաջ Լենինին փետրվարի 16-ին նամակ է գրում նաև Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովը, ով իր հերթին հավատացնում է, որ «հայերի հարցը» թուրքերի խիստ զգայուն խնդիրն է, և եթե Խորհրդային Ռուսաստանը զիջման չգնա, Թուրքիան պատրաստ է նետվելու Անգլիայի գիրկը: Իսկ այդ պարագայում կարող է բարձրանալ նաև Ադրբեջանի ապաբոլշևիկացման հարցը:
Մոսկվայի կոնֆերանսի հակահայկական լինելու մասին պահպանվել է ևս մի հետաքրքիր միջադեպ: Թուրքական պատվիրակության ներկայացուցիչ, նախկին իթթիհատական Ալի Ֆուադի և Ստալինի խոսակցությունից տեղեկանում ենք, որ Ֆուադի այն հարցին, թե կոնֆերանսին քննարվելու է հայկական հարցը, Ստալինը պատասխանել է. «Դուք ինքներդ ամբողջովին լուծել եք Հայաստանի պրոբլեմը: Եթե դեռևս որևէ պրոբլեմ մնացել է, գործեք ու լուծեք ինքներդ»:
Ռուս-թուրքական կոնֆերանսին փաստացի չեն քննարկվել ոչ վաղ անցյալի և ընթացիկ հայկական կոտորածների հարցերը, չնայած թուրքական կողմն անընդհատ հղում է արել մահմեդական բնակչության կորուստներին և միշտ պնդել, որ սահմանների հարցը քննարկելիս պետք է առաջնորդվել տարածքների ներկայիս ազգային կազմով (հայերն այստեղ արդեն չկան, քանի որ կազմում են «չնչին քանակություն»): Չարաբաստիկ` «Եղբայրության և բարեկամության պայմանագիրն» արդեն Արևելքի ժողովուրդների խորհրդայնացման հարցը չէր դնում, նաև զրկում էր Ցեղասպանությունից փախստական թուրքահայությունը հայրենիք վերադառնալու իրավունքից:
Կոնֆերանսում Նախիջևանի հարցի բարձրացումը բխում է ինչպես պատմական, այնպես էլ իրավական անհրաժեշտությունից: Մոսկվայի պայմանագրի (նաև Կարսի պայմանագրի) մի շարք հոդվածների միակողմանի խախտումներ են արձանագրված, որոնք պետք է հիմնավորապես կարգավորվեն հայ-ռուսական հարաբերությունների ձևաչափով: Չնայած Մոսկվայի պայմանագիրը կնքվել է առանց հայերի մասնակցության (ուղղակի հիշեցնենք, որ մինչ հայ բոլշևիկների պատվիրակությունը` Ալեքսանդր Բեկզադյանի գլխավորությամբ մեկնել էին Մոսկվա այդ ժամանակ, Հայաստանում ժողովուրդը Հայրենիքի փրկության կոմիտեի և Սիմոն Վրացյանի առաջնորդությամբ ոտքի էր կանգնել` տապալելու բոլշևիկ իշխանությունը և երկիրն ազատագրելու ստրկական լծից, ինչի արդյունքում քեմալականների պնդմամբ հայկական պատվիրակությունը չմասնակցեց կոնֆերանսին, քանի որ նրանք ներկայացնում էին մի պետություն, որտեղ նրանք այլևս իշխանության չէին), և ապօրինի է ու մեզ համար ու անընդունելի, այնուամենայնիվ, ներկայումս կարող է դառնալ «շահեկան» հայերիս համար մեր արտաքին քաղաքականության մեջ, եթե ՌԴ-ն հստակեցնի իր քաղաքականությունը տարածաշրջանում և վերջնականապես ճշտի իր հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Ակնհայտորեն խախտվել է վերոնշյալ պայմանագրի Նախիջևանի կարգավիճակի մասին հոդվածը: Սակայն, «համայնավարական եղբայրության» պայմաններում Ադրբեջանի կենտգործկոմի որոշմամբ 1924թ. փետրվարի 9-ին Նախիջևանի մարզը հայտարարվեց ինքնավար (ավտոնոմ) հանրապետություն և մտցվեց Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ՝ որպես նրա անքակտելի տարածք: Այս դեպքում խախտվել է նույնիսկ անօրինական պայմանագիրը, և տարածքային ամբողջականության անձեռնմխելիության իրավունքի մասին խոսելն անհեթեթ է:
Խորհրդային Ռուսաստանը «եղբայրաբար» վաճառքի հանեց Հայաստանի առանց այն էլ բզկտված հողերը` հանուն համաշխարհային հեղափոխության հովերով տարված մի խումբ մոլագարների ցնորքների:



