Մեր շոու բիզնեսում մի տղա կա՝ Նորո անունով, ով «ցնցում» և «մեգաբումեր» է անում իր տեսահոլովակներով… Համենայն դեպս, երևի իրեն այդպես է թվում։ Մի կողմից Նորոյին պատրաստվում եմ հեղինակային իրավունքի կոպիտ խախտումների ու երևակայության բացակայության մեջ մեղադրել, բայց դե մյուս կողմից էլ հասկանում եմ, որ Պռոշյանի խորովածանոցում քյաբաբի ֆարշ բռնողի խարիզմայով ու Ֆարինելլի Թլպատվածի ձայնային տվյալներով այս սոխակին ոչ պլագիատը կօգնի, ոչ էլ առավել ևս՝ հեղինակայինը։
Բայցևայնպես, չի կարելի էս աստիճանի պրիմիտիվ լինել ու նման ակնհայտ կերպով կրկնօրինակել արևմտյան շոուբիզնեսյան աստղերի տեսահոլովակները, թե չէ ծիծաղելի է ստացվում… Նայում ես, մեկին մեկ թխած ա Պիտբուլի «Firball» կլիպը, մեկ էլ ալե՜-հո՛պ, գալիս ա քյաբաբի գուրուն ու սկսում ա մեղմիկ կլկլոցներով ինչ-որ ապուշություն երգել չամիչի մասին, ընդ որում, Նորոյի ու իրա կլիպը նկարողների մոտ երևակայությունն էն կարգի ա կաղում, որ թաթուլազգի երաժշտության ներքո Նորոյի հոլովակում աղջիկները պարում են գրեթե նույն պարը, ինչ Պիտբուլի կոմպոզիցիայում։ Դե համենայն դեպս, կարելի է փաստել, որ սա չամիչի մոտիվներով պարված ամենաէրոտիկ պարն էր։
(Դիտել միաժամանակ)
Ու եթե Նորոն էս մի պլագիատով բավարարվեր, դեռ կարելի էր լռել, բայց երեկվանից մեր բարի դեմքով ապերն ակտիվորեն իր նոր հոլովակն է տարածում, որի copy-paste-ությունը ոչ պակաս ակնառու է, քան «Չամիչ»-ի պարագայում։ Այս անգամ էլ գրեթե մեկին մեկ թխել են Maroon 5-ի «Sugar» երգի հոլովակը։ Նորոյի «Ամենալավ հարսանիքը» երգի հոլովակը սկսվում է նույն կերպ, ինչ «Sugar»-ը՝ էլի տարբեր ամուսնական զույգերի մասին պատմող սյուժե ու էլի հարսանեկան տոնակատարություն ու, բնականաբար, էլի լրիվ անհամապատասխանություն պատկերի, կերպարների և մատուցվող երգի ու երաժշտության մեջ։ Հատկապես ծիծաղելի էր, երբ չինացի-մինացիները տժժում են, մեկ էլ հավեսով շալախո ա միանում…
(Դիտել միաժամանակ)
|
Նորո ջան, YouTube-ի տեղը մենակ դու չի, որ գտել ես, բոլորս էլ գիտենք ու հետևում ենք դրանով հայտնվող նոր երաժշտական հոլովակներին։ Դրա համար, որպեսզի այս կերպ խայտառակ չլինես, ավելի լավ է էդքան փողը, որ ծախսում ես թանկարժեք հոլովակներ նկարահանելու համար, ուղղես լավ երգեր գնելուն ու ավելի հեղինակային հոլովակներ նկարելուն, թեկուզ ոչ այդքան պրոֆեսիոնալ ու բարդ, որովհետև հակառակ դեպքում արդյունքը, միևնույն է, ծիծաղելի է։