Tert.am-ը գրում է.

Վրացական Տաբացկուրի գյուղի բնակիչները դատավարության մեջ են Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի հետ, տեղեկացնում էГрузия online-ը:

Տեղի բնակիչները պահանջում են չեղարկել Վրաստանի էկոնոմիկայի նախարարության կողմից հայ պատգամավորին տրված արտոնագիրը, համաձայն որի սահմանափակվել է Տաբացկուրի լճում ձկնորսությունը:

Գյուղացիները նշում են, որ իրենց եկամտի միակ աղբյուրը ձկնորսությունն է: Պարզվում է, որ 2010 թվականի սեպտեմբերին լիճը վաճառվել է աճուրդով, որին մասնակցել է միայն մեկ ընկերություն, որի 90%-ը պատկանում է հենց Վարդան Այվազյանին:

Գյուղացիները պնդում են, որ ընկերությունը սկսել է ոչնչացնել ձկները: Մասնավորապես՝ Սևանից 80 տոննա խեցգետին են բերել ու լցրել Տաբացկուրի լիճը, իսկ խեցգետինները սնվում են ձկնկիթներով:Նրանց տվյալներով՝ դրանից հետո 13 տեսակի ձուկ է ոչնչացվել:

 

«Չնայած արգելքին՝ մենք երբեմն ձուկ որսում ենք, քանի որ ձկան վաճառքը մեր գոյության հիմնական աղբյուրն է: Սակայն լճում ձուկ գրեթե չի մնացել: Այսքան տարի մենք ապրել ենք դրանով, և մի հրաշալի օր Վարդան Այվազյանը հայտարարում է, որ լիճն իրեն է պատկանում, և մենք պետք է դադարեցնենք ձկնորսությունը», - ասել է տեղի բնակիչ Լավրենտի Մուրադյանը:

Նա նշել է, որ գյուղացիները բազմիցս դիմել են տեղի իշխանություններին, սակայն՝ ապարդյուն:

Մուրադյանի խոսքով՝ տեղի բնակիչները պատրաստ են գնել արտոնագիրը, եթե նոր աճուրդ տեղի ունենա:

Տեղի բնակիչներն ասում են, որ հայ պատգամավորը լավ հարաբերությունների մեջ է եղել Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի հետ:

«Վրաստան» թերթի խմբագիր ու Վրաստանի նախագահի նախկին խորհրդական Վան Բայբուրթը դրական է բնութագրում Այվազյանին և նշում է, որ նա լիճն օրինական ճանապարհով է ձեռք բերել:

«Վարդան Այվազյանը մեր մարդն է ու լավ ընկեր է: Նա ինքը ծնունդով Տաբացկուրիից է և չէր արգելի ինչ-որ բան տեղացիներին: Այվազյանը մեր երկրի լավ բարեկամն է, և ես գիտեմ, որ նա օրենք չի խախտել», -ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել