ԲՀԿ նախկին մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը պետռեգիստր գրանցման է ներկայացրել «Քաղաքացիական շտաբ» անունով կազմակերպություն: Տիգրան Ուրիխանյանը նշում է՝ «Քաղաքացիական շտաբը» նպատակ ունի իրականացնելու ժողովրդի պատվերը` չմանրամասնելով, թե այն լինելու է կուսակցություն, թե հասարակական կազմակերպություն:

Այնուամենայնիվ, ուշագրավը ոչ այքան Տիգրան Ուրիխանյանի կողմից նոր կազմակերպության ստեղծումն է, որքան որ քաղաքացիական նախաձեռնությունների և քաղաքական կուսակցությունների հիմնումը ժողովրդի պատվերը կատարելու անունից:

Գրեթե բոլոր կուսակցություներն ու միավորումներն էլ հռչակում են ժողովրդի պատվերը կատարելու հավակնոտ կարգախոսներ, սակայն շատ չանցած պարզվում է, որ այսպես կոչված «ժողովրդի պատվերը» ոչ այլ ինչ է, եթե ոչ գրանտային ծրագիր կամ «քաղաքական գրանտ»: Արդյունքում ժողովրդի պատվերն ինչպես միշտ մնում է օդից կախված, իսկ ժողովրդի անունն անընդհատ հոլովվում է քաղաքական շրջանակների կողմից:

Իսկ ինչ վերաբերում է նոր կազմակերպություն ստեղծելու՝ Ուրիխանյանի նախաձեռնության իրական նպատակներին, ապա դրանից երևում են ԲՀԿ-ն լքելու համար անհրաժեշտ հիմքեր ստեղծելու փորձեր: Մնում է սպասել, թե երբ «ժողովրդի պատվերը» կպահանջի դուրս գալ ԲՀԿ-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել