Tert.am-ը գրում է.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը ստեղծել է «Քաղաքացիական շտաբ» կոչվող ինչ-որ միավոր, որի կարգավիճակի մասին, մասնավորապես, դա կուսակցությո՞ւն է, թե՞ հասարակական կազմակերպություն, նպատակահարմար չի գտնում այս պահին հայտնել։

Այս մասին հայտնեց Տիգրան Ուրիխանյանը Tert.am-ի հետ զրույցում:

«Այս պահի դրությամբ որևէ ինֆորմացիա դրա հետ կապված չի տրամադրվում, նպատակահարմար չի գտնվում, ժամանակի ընթացքում, ըստ գործողությունների ժամանակացույցի , բնականաբար շատ թափանցիկ կերպով ամեն ինչ կներկայացվի»,-ասաց Տիգրան Ուրիխանյանը՝ հրաժարվելով հայտնել նաև, թե երբ կլինի նաև այդ ներկայացումը:

«Գործողություններին զուգահեռ բոլոր հարցերի պատասխանները հանրությունը միշտ ունենալու է: Ես երբեք չեմ գործել քողարկված և ստվերում և չեմ էլ պատրաստվում: Այնպես որ, որևէ բան ժամանակից շուտ որոնել պետք չէ»,-ասաց նա:

Ի պատասխան հարցի, թե իր՝ Տ. Ուրիխանյանի ԲՀԿ-ում մնալը հաստա՞տ է, վերջինս նշեց, թե մշտապես հորդորել է «պարզապես հետևել իր գործողություններին», քանի որ ոչ մի ասելիք ավելի կարևոր չէ, քան ցանկացած մարդու կամ կազմակերպության գործողությունները:

Նա հավելեց, որ այսուհետ էլ գործելու է ընդդիմադիր դաշտում, այլ կերպ լինել չի կարող, եթե երկրում կա արտագաղթ, գործազրկություն, հուսալքություն, սոցիալական ճգնաժամ և բազմաթիվ այլ պրոբլեմներ:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցությունում խնդիր դարձավ այն, որ սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկման համատեքստում կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ու խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը գնացին Բաղրամյան 26՝ իրենց դիրքորոշումը հայտնելու համար:

ՈՒ պատասխան հարցի, թե ինչպե՞ս է վերաբերում , որ ՀՀ Նախագահի նստավայր էր գնացել նաև կուսակցության նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը, դա քննադատելի՞ է, Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Ինձ համար առաջնային է ժողովրդական պատվերի իրականացումը, մնացածը, թե ինչ են անում մարդիկ, կազմակերպությունները, չեմ համարում օրակարգի առաջնային հարց»:

Տիգրան Ուրիխանյանը Tert.am-ի խնդրանքով անդրադարձավ հարցին, թե ԲՀԿ-ից վերջին շրջանում կուսակցական արտահոսքը բնակա՞ն է, օրինաչա՞փ. «Չեմ մեկնաբանում, պարզապես մեկ բան եմ ասում կուսակցությունից դուրս եկողների վերաբերյալ. մարդիկ մնացել են մինչև վերջ, մինչև իրենց սկզբունքի առավելագույնս պահպանում, և որևէ մեկին որևէ մեկը մեղադրելու իրավունք չունի, չի ունեցել, չի էլ կարող ունենալ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել