Տուրիզմի համաշխարհային քարտեզի վրա առանձնանում է ոչ մեծ մի պետություն՝ տեղակայված Աֆրիկա մայրցամաքի հյուսիս–արևելքում, որտեղ ամեն տարի միլիոնավոր զբոսաշրջիկներ են այցելում։ Դա Եգիպտոսի Արաբական հանրապետությունն է: Երկու մայրցամաքների այս երկիրը ձեզ կտեղափոխի Արևելքի անկրկնելի աշխարհ, ինչպես նաև հնարավորություն կտա ձեռնտու գնումներ կատարել։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Եգիպտոսում կարելի է բավականաչափ հետաքրքիր ապրանքներ գնել` բավական ձեռնտու գներով։
Եվ ահա, եթե դուք որոշել եք Ձեր հանգիստն անցկացնել Եգիպոտսում, ապա անպայման պետք է մտածեք այն մասին, թե ինչ հուշանվերներ եք գնելու այնտեղից, ինչպես ձեռնտու գնումներ կատարել, որպեսզի Ձեզ չխաբեն, և ինչ է անհրաժեշտ իմանալ նման երկրներում գնումներ կատարելուց առաջ։ Այսպիսով, սկսենք.
1. Պապիրուս
Եգիպտական պապիրուսներն այսօր արտադրվում են բացառապես որպես հուշանվեր, բայց միևնույն ժամանակ դրանք շարունակում են պատրաստվել հին տեխնոլոգիաներով։ Պապիրուս կարող եք գնել եգիպտական հուշանվերների ցանկացած խանութից։ Որպես կանոն, պապիրուսները վաճառվում են եգիպտական ավանդական հիերոգլիֆների, խորհրդանշանների պատկերներով։ Եվ, քանի որ այդ պատկերներից յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը, շատ հաճախ նաև կրոնական կամ միստիկական, ապա գնելուց առաջ, եթե նաև սնահավատ մարդ եք, վաճառողից անպայման ճշտեք դրա նշանակությունը։
Ինչպիսի՞ տեսք պետք է ունենա իսկական պապիրուսը. դրանք չպետք է լինեն ճաքերով և ծալելիս չպետք է կոտրվեն, դրանք չեն ճմռթվում և չեն փշրվում, ինչպես նաև իսկական պապիրուսը հոտ չունի։ Իսկ եթե Ձեզ վաճառվող պապիրուսը չունի վերը թվարկված հատկանիշները, ապա դա, ամենայն հավանականությամբ արմավենու տերևներից և բրնձից պատրաստված անորակ կեղծիք է։
Որտեղի՞ց գնել պապիրուս. եթե Դուք ցանկանում եք Ձեզ հետ իսկական պապիրուս բերել, այլ ոչ կեղծ, ապա պետք է այցելեք մասնագիտացված արհեստանոցներ, որտեղ ոչ միայն կարող եք գնումներ կատարել, այլև հետևել դրա պատրաստման ընթացքին։ Ինչպես նաև կարող եք գնումներ կատարել մեծ խանութներից։ Նրանք միայն բնօրինակ ապրանքներ են վաճառում և գնված ապրանքի հետ միշտ հատուկ սերտեֆիկատ են տրամադրում։

Ի՞նչ արժե պապիրուսը Եգիպտոսում. Բնօրինակ պապիրուսները էժանագին չեն լինում։ 8х12 սմ չափսի պապիրուսների մեկ թերթը հիմնականում սկսում է 3 դոլարից։ Իսկ եթե ավելի մեծ հուշանվեր եք ուզում գնել, ապա կարող եք պապիրուսից պատրաստված մեծ գեղանկարներ ընտրել, որոնք դրվում են հատուկ շրջանակների մեջ, ինչն էլ դրան իսկական նկարի տեսք է հաղորդում։ Բնականաբար, դրանց գինն էլ համապատասխանաբար բարձր է. 100 ԱՄՆ դոլար և ավել։
2. Եգիպտական կալյան
Որպես հուշանվեր եգիպտական կայլանը կամ ինչպես իրենք են ասում` «շիշա» գնելը հիանալի գաղափար կլինի։
Որտեղի՞ց գնել եգպտական կալյան. ավանդական կալյանը վաճառվում է բացառապես ամենուր։ Միակ բանը, որի վրա գնելուց առաջ պետք է ուշադրություն դարձնեք, դա հերմետիկ կոլբաներն են։ Այնպես որ, գնելուց առաջ վաճառողին խնդրեք, որպեսզի պրակտիկայում ցույց տա դրա գործառույթները։ 
Ի՞նչ արժե կալյանը Եգիպտոսում. Եգիպտոսում կալյանը և անհրաժեշտ համալրող նյութերը անհամեմատ էժան են հայաստանյան գներից։ Հիմնական գները տատանվում են 20-200 ԱՄՆ դոլարի սահմաններում` կախված չափսերից, որակից և պատրաստված նյութից։ Դրա թութունի մեկ տուփը կարելի է գնել 1 ԱՄՆ դոլարից սկսած։ Ուշադիր եղեք, քանի որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ կայլանի ածուխն արգելվում է ինքնաթիռ մտցնել։
3. Բզեզ
Եգիպտոսում չորացված բզեզը, ինչպես հինգ հազար տարի առաջ, այնպես էլ այսօր համարվում է տիրոջը հաջողություն և ներդաշնակություն բերող պաշտպանիչ թալիսման։ Այդպիսով` հենց բզեզը կամ բզեզի տեսքով զարդերը զբոսաշրջիկների շրջանում մեծ պահանջարկ են վայելում։
Բզեզը որպես հուշանվեր գնելիս ուշադրություն դարձրեք դրանց ոտիկներին. ոտիկներով բզեզները համարվում են հաջողակ թալիսմաններ, իսկ եթե միջատը տափակ տեսքով է և առանց ոտիկների է, ապա այն թաղման խորհրդանիշ է համարվում և ոչ մի դեպքում չի կարելի գնել։
.jpg)
Ի՞նչ արժե բզեզը Եգիպտոսում. Բզեզի տեսքով հուշանվերներն ու զարդերը Եգիպտոսում արժեն 10 դոլար և ավել։ Քանի որ եգիպտական ոսկին ցածր որակի է և էժան արժե, կարող եք հենց ոսկերչական խանութներից գնել բզեզի տեսքով ոսկյա զարդեր։
4. Արձանիկներ
Ալեբաստրե (հատիկավոր գիպս) եգիպտական արձանիկները շատ գեղեցիկ են։ Դրանք առաջին հայացքից թվում են սպիտակ քարից պատրաստված, բայց, քանի որ ալեբաստրը լավ կլանում է լույս, ապա լապտերի թափանցիկ լույսի տակ այն սկսում են փայել։ Եվ հենց այդպես էլ կարելի է միանգամից պարզել՝ կե՞ղծ է այն, թե՞ ոչ։ Ամենից ձեռնտու է նման արձանիկները գնել Լուքսորի մոտ տեղակայված ալեբաստրի գործարանից։
Շատ հաճախ, քարե արձանիկների փոխարեն Եգիպտոսում զբոսաշրջիկների ներկած գիպսե արձանիկներ են վաճառում։ Պետք է ուշադիր լինել գնելուց առաջ։ Ուղղակի պետք է եղունգով թեթևակի քերել արձանիկի մակերեսը` պարզելու համար` ներկվա՞ծ է այն, թե՞ ոչ։ Իսկ եթե մետաղյա ինչ–որ արձանիկ են առաջարկում, ապա կարելի է ստուգել մագնիսի միջոցով, եթե այն առկա է, կամ «միամիտ» գցել ձեռքից։ Չնայած վերջին տարբերակը մի փոքր էքստրեմալ է։
Ավանդական հուշանվերներ են համարվում նաև կատուների արձանիկները։ Դրանք և՛ գեղեցիկ են, և՛ էկզոտիկ։ Եթե այդպիսի տարբերակի վրա եք կանգ առել, ապա գնեք առանց օձի կատուների արձանիկներ։ Բանն այն է, որ եգիպտացիների մոտ ընդունված է կարծել, որ այդպիսի արձանիկները պաշտպանում և հաջողություն է բերում տուն։ Իսկ օձով փաթաթված կամ անոթի մեջ նստած կատուն տափակ բզեզների պես համարվում է թաղման խորհրդանիշ։ Ինչպես նաև Եգիպտոսում չարժե գնել հյուսած մորքուքներով փարավոնների կիսարձաններ, սարկոֆագի, բուրգերի, շնագայլերի և սֆինքսի տեսքով քանդակներ։ Դրանք ևս մահ և անդրաշխարհ են խորհրդանշում։

Ի՞նչ արժեն արձանիկները Եգիպտոսում. սկսած 3 դոլարից մինչև անվերջություն։
5. Կարկադե թեյ
Կարկադեն, նույն ինքը «փարավոնների թեյը», ոչ միայն համեղ, այլ նաև բավական օգտակար ըմպելիք է։ Այն հիմնականում բաղկացած է չորացված սուդանական վարդի թերթերից և բաղրջուկի ծաղիկներից։
Որտեղի՞ց գնել կարկադե. եթե ցանկանում եք Ձեզ և Ձեր մտերիմներին ուրախացնել իսկական եգիպտական կարկադեով, ապա այն կարող եք գնել Հուգարդայի հին շուկայից կամ Շարմ–էլ–Շեյխ հնագույն քաղաքից։ Բայց ընդունված տեսակետ է, որ աշխարհի ամենալավ կարկադեն վաճառում են միայն Ասուանում։

Ի՞նչ արժե կարկադեն Եգիպտոսում. գները սկսվում են 5-6 դոլարից։
6. Կարտուշ (զարդատախտակ)
Կարտուշը կամ զարդատախտակը համարվում է եգիպտական հնագույն թալիսման և պաշտպանում է չար աչքից, վատ մտքերից և դժբախտությունից։ Առաջներում կարտուշներով պաշտպանում էին փարավոններին, բայց այսօր ցանկացած ոք կարող է ձեռք բերել այդ «արքայական» թալիսմանը։ Այցելեք զարդերի ցանկացած խանութ, և տեղի վարպետները հատուկ Ձեզ համար իսկական կարտուշ կպատրաստեն` օվալաձև կամ ուղղանկյուն ձուլակտորի վրա փորագրելով Ձեր անունը։ Այն կարելի է կրել պարանոցին` որպես մեդալիոն։

Ի՞նչ արժե կարտուշը Եգիպտոսում. կախված նյութից, չափսերից և վրայի գրվածքից, դրանց գները տարբեր են։ Սովորական ձուլակտորից կարտուշն արժե 15-18 դոլար, իսկ արծաթե ձուլակտորից և ոսկյա տառերովը` 30-40 դոլար, ամբողջովին ոսկյան` 60 դոլար և բարձր։ Դրանց համար նախատեսված շղթաները առանձին են վաճառվում։
7. Հոտավետ յուղեր
Եգիպտական հոտավետ յուղերը բաժանվում են 2 տիպի` օծանելիքի և բուժական։ Եգիպտոսի բուժական հոտավետ յուղերը շատ որակյալ են։ Այն պատրաստում են հնագույն տեխնոլոգիաներով և բարձրորակ հումքից։ Իսկ ահա օծանելիքի տեսքով յուղերը խորհուրդ է տրվում օգտագործել միայն լոգանքի, սպիտակեղենի լվացքի և հաստատությունների օդափոխության մեջ։ Դրանք հիմնականում տաբեր հավելանյութերով են պատրաստված, որոնք օծանելիքի համար պիտանի չեն։ Որակյալ եթերայուղ կարելի է գնել Հուգարդայի մասնագիտացված գործարանից։

Ի՞նչ արժեն հոտավետ յուղերը Եգիպտոսում. եթերայուղի մեկ միլիգրամի գները սկսվում են 1,5-2 դոլարից։
8. Կաֆ Մարիամ
Բավական անսովոր անվանումով այս բույսի ճյուղերը նույնպես փարավոնների երկրի հայտնի հուշանվերների ցանկի մեջ են մտնում։ Դրա անվանումն արաբերենից թարգմանաբար նշանակում է «Մարիամի ձեռք»։ Այդ չորացած ճյուղերի առանձնահատկությունն կայանում է նրանում, որ դրանք մի քանի օր ջրի մեջ թողնելուց հետո սկսում են մանր երկնագույն ծաղիկներ տալ։ Ինչպես նաև կարծում են, որ այս բույսը գործերում հաջողություն է բերում։ Կաֆ Մարիամի չորանալուց հետո ծաղկելու կախարդական հատկությունը դրան զբոսաշրջիկների շրջանում բավական հայտնի է դարձրել։ Սակայն պետք է նշել, որ այս բույսը հատուկ խնամք է պահանջում և շատ հաճախ այդպես էլ չի ծաղկում։

Ի՞նչ արժե Կաֆ Մարիամը Եգիպտոսում. զամբյուղն արժե 1-3 դոլար։ Հաճախ այն նաև անվճար են նվիրում` ուրիշ գնումների ժամանակ։
9. Դրոշմապատկեր (чеканка)
Շատ գեղեցիկ և յուրօրինակ տեսք ունեն դրոշմապատկերներով եգիպտական իրերը` գեղարվեստորեն զարդարված կալյանները, սպասքը և արաբական զարդապատկերներով կահավորանքի առարկաները։ Դրոշմապատկերների լավ խանութներ կարելի է գտնել Հին Հուրգադայում։ Նույնիսկ, եթե դուք ոչ մի բան չեք նախատեսում գնել, այնուամենայնիվ, տեղի բազմազան և բազմերանգ խանութների վառ տպավորությունները երաշխավորված են։

10. Պարերո (գոտկատեղի թաշկինակ)
Նույնիսկ եթե Դուք հետաքրքված չեք արաբական պարերով, միևնույնն է, Եգիպտոսից գնված պարերոն հիանալի հուշանվեր կլինի։ Մտեք տեղի ցանկացած խանութ, և Ձեզ բազմատեսակ և բազմագույն այս թաշկինակներից կառաջարկեն։

Ի՞նչ արժե պարերոն Եգիպտոսում. ոչ ավել, քան 5-10 դոլար։
Եվ վերջում օգտակար խորհուրդներ` Եգիպտոսից օդանավով ապրանք բերելու մասին.
1. Եթե Դուք Եգիպտոսում կորալներ, ծովային խեցիներ կամ ծովային ոզնիներ եք գնել, ապա անպայման պահեք գնման կտրոնը, հակառակ դեպքում Ձեզ սպառնում է տուգանք, դեպորտացիա և տեղի ֆաունայի տեսքով մաքսանենգ ապրանք տեղափոխելու համար սև ցուցակում հայտնվել։
2. Ուղեբեռում արծաթի և ոսկու արժեքը չպետք է գերազանցի 3000 ԱՄՆ դոլարը։ Այս դեպքում ևս պահպանեք գնման կտրոնները։
3. Եթե Դուք նույնիսկ աննշան կերպ հնաոճ իր (անտիկվար) հիշեցնող իր եք գնում, ապա վաճառողից անպայման պահանջեք համապատասխան սերտեֆիկատ, ինչը կփաստի, որ այդ իրը չի համարվում ազգային հարստության մաս։ Հակառակ դեպքում Դուք մաքսակետում տհաճ թյուրիմացության կբախվեք։
4. Ոչ մի դեպքում Ձեզ հետ չվերցնեք տեղի թղթադրամները։ Մեկնելուց առաջ անպայման փոխեք Ձեզ մոտ մնացած եգիպտական ֆունտն ուրիշ արժույթի հետ։ Եգիպտոսի օրենքները չեն թույլատրում երկրից դուրս հանել ազգային արժույթը։



