«Ղրիմ. ճանապարհ դեպի հայրենիք» ֆիլմում Պուտինն ոչ այնքան նոր, բայց ուշագրավ տեսակետներ է ներկայացնում ուկրաինական քաղաքականության վերաբերյալ: Կրեմլի այսօրվա քաղաքականության մասին իմ կարծիքը հայտնի է, հազար անգամ արտահայտվել եմ, բայց նմանատիպ կարծիք ունեցողներից թերևս տարբերվում եմ նրանով, որ ուկրաինական հարցում «սև-սպիտակի» մոտեցումներն ինձ համար խորթ են: Մինչ խնդրի էությանն անդրադառնալը՝ նկատեմ, որ տակավին ձևավորված չէ արժեքների, գաղափարների, իդեաների այն ընդհանրությունը, որը թույլ կտա երաշխավորել Ուկրաինայի՝ որպես պետություն, միասնականությունը: Սա բնավ չի արդարացնում Մոսկվայի ագրեսիվ քաղաքականությունը, բայց դրան որոշակի լեգիտիմություն են հաղորդում հենց Ուկրաինայի իշխանությունների ոչ խոհեմ քայլերը: Պետք չէ բարձակարգ քաղաքագետ լինել՝ հասկանալու համար, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը կարող է երաշխավորված լինել ոչբլոկային ռազմաքաղաքական կարգավիճակով ու լեզվական ոլորտում հանդուրժողական քաղաքականությամբ:
Ընդ որում, Ղրիմի հարցը լուծված է թե՛ պատմական և թե՛ քաղաքական իմաստով: Իհարկե, Ղրիմի միացումը Ռուսաստանին չի իրականացվել միջազգային չափանիշներին համապատասխան, բայց նաև բռնակցում չէ, որովհետև չի լինում բռնակցում՝ առանց զոհերի ու կրակոցների, զանգվածային ընդվզումների: Եվ հակառակը՝ Դոնեցկի ու Լուգանսկի հարցը ռուսները լուծել չեն կարողանում, որովհետև չունեն այդ շրջանների հասարակության աջակցությունը, դրանցում քիչ են անջատողական տրամադրությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել