Շատերն էին սպասում Carrefour-ի մուտքին Հայաստան՝ հուսալով, որ հայկական շուկայում կարող է առաջանալ լուրջ մրցակցություն, որի շնորհիվ կլինեն գնանկումներ, և ավելի կբարձրանա սպասարկման որակը: Անկեղծ ասած՝ բոլորի մոտ կար այն կարծիքը, որ carrefour-ն ինքն է ներմուծելու իր բոլոր ապրանքները, հետևաբար դա էլ հնարավորություն կտար նրան վարել ճկուն ու անկախ գնային քաղաքականություն: Սակայն ի զարմանս ինձ՝ carrefour-ում գտնվող ապրանքների գերակշիռ մասը ձեռք էր բերված հենց Հայաստանից, իսկ իրենց ներմուծածներն էին միայն այն ապրանքները, որոնք նախկինում չեն եղել Հայաստանում: Սննդամթերքի բաժիններում տեսականիները գրեթե նույնն էին, բացառությամբ որոշ նոր ապրանքատեսակների, գների առումով էլ տարբերություն չկար գրեթե:
Այ միրգ-բանջարեղենի առումով carrefour-ն ավելի բարձրորակ տեսականի է ներկայացրել, city-ի միրգ-բանջարեղենն ինձ հիշեցնում է իմ զորամասի տոնական օրերին մատուցվող սնունդը: Խմիչքների բաժնում, չհաշված սեփական ներմուծած որոշ հայերիս համար անծանոթ տեսականին, մնացած ամբողջ տեսականին և գները գրեթե նույնն էին և գնված Հայաստանից: Ինչպես Yerevan City-ում, այնպես էլ այստեղ բացակայում էին թանկարժեք հայտնի կոնյակների շատ տեսակներ, ինչպիսին են Hennessy Paradise, Hennessy Richard, Courvoisier l՛esprit, Remy Martin Louis 13: Ձկնեղենի բաժնի գները բավականին թանկ էին: Լավ էր, դեռևս սայլակների համար հավելյալ 200 դրամ չէր պահանջվում, իսկ դուրս գալուց carrefour-ի դրամարկղներն ինձ մի պահ հիշեցրին խորհրդային տարիների դրամարկղները: Մի խոսքով, բերեք հույսեր չփայփայենք, որ carrefour-ը, որն ապրանքների 75%-ը գնում է տեղական շուկայից՝ սկսած արտասահմանյան խմիչքներից ու կոնֆետներից, վերջացրած մսամթերքով, կարող է իրականացնել լրիվ անկախ ու ցածր գնային քաղաքականություն: Եթե որևէ մեկը կասկած ունի, կարող է անձամբ ստուգել, վերցնել ապրանքը և վրայի հայերեն նշագրման վրա կարդալ, թե ով է ներմուծողը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել