Մի անգամ Արթուր թագավորը գերի ընկավ մեկ ուրիշ թագավորի մոտ և հայտնվեց բանտում: Բայց թագավորը խղճաց նրան և ասաց, որ բաց կթողնի նրան, եթե Արթուրը պատասխանի մեկ շատ բարդ հարցի: Նա Արթուր թագավորին մեկ տարի ժամանակ տվեց հարցի պատասխանը գտնելու համար: Եթե չկարողանա պատասխանել հարցին՝ կգլխատվի: Հարցն այսպիսին էր. «Ինչ են իրականում ուզում կանայք»։

Արթուր թագավորը հարցաքննեց իր թագավորությունում ապրող բոլոր կանանց, բայց չստացավ հարցի պատասխանը:  


Վերջապես նրան ասացին, որ մի վհուկ կա, որը կարող է նրա հարցին ճիշտ պատասխան տալ, բայց դրա համար պետք է շատ բարձր գին վճարել: Թագավորն այլ ելք չուներ: Նա գնաց վհուկի մոտ և հարցրեց, թե ինչ է նա ուզում: Վհուկը ցանկություն հայտնեց ամուսնանալ թագավորի ամենահավատարիմ ասպետներից մեկի՝ Գավիանի հետ: Վհուկը սարսափելի տեսք ուներ, ծեր էր, զզվելի և ընդամենը մեկ ատամ ուներ:

Արթուր թագավորն ասաց, որ չի ուզում ստիպել իր ընկերոջը նման քայլի գնալ և որ ավելի լավ է՝ մեռնի: Այնուամենայնիվ, Գավիանը համոզված էր, որ Արթուրի կյանքն ավելի կարևոր է ամբողջ թագավորության համար, և որ ինքը պատրաստ է ամուսնանալ այդ ծեր և զզվելի վհուկի հետ: Դրանից հետո վհուկը պատասխանեց Արթուրի հարցին:

Նա ասաց, որ ամենից շատ կանայք ցանկանում են իրենք տնօրինել իրենց սեփական կյանքը:

Արթուրի կյանքը փրկված էր. բոլորն ուրախ էին և երջանիկ:
Վերջապես մոտեցավ հարսանիքի օրը: Ասպետ Գավիանն իսկական ջենթլմենի պես էր պահում իրեն, մինչդեռ վհուկը շատ զզվելի էր. ուտում էր ձեռքերով, թևքերով սրբում բերանը, կոնծում գինին՝ ամբողջը վրան թափելով:

Երբ մոտեցավ հարսանեկան գիշերը, Գավիանը դողացող սրտով մտավ ննջարան: Նրա աչքերի առաջ պառկած էր ամենասքանչելի կինը, որ երբևէ տեսել էր: Նա զարմացած հարցրեց, թե ինչ է կատարվում: Վհուկը պատասխանեց, որ, որպես շնորհակալություն իր հանդեպ ասպետի պահվածքին, համաձայն է ժամանակի մի մասը լինել երիտասրդ և գեղեցիկ, իսկ ժամանակի մյուս մասը՝ ծեր և սարսափելի: Հետո վհուկն ավելացրեց, որ Գավիանը պետք է ընտրի, թե ինչպիսին է նա ուզում տեսել իրեն ցերեկով և ինչպիսին՝ գիշերով: Գավիանը մտորումների մեջ ընկավ: Ուզո՞ւմ է նա արդյոք, որ իրեն օրվա ընթացքում տեսնեն գեղեցիկ կնոջ հետ, իսկ գիշերն անցկացնի տգեղ վհուկի հետ, թե՞ ցերեկն անցկացնել վհուկի հետ, իսկ գիշերը լինել գեղեցկուհու հետ: Նա որոշեց ընտրությունը թողնել վհուկի վրա: Երբ վհուկը լսեց դրա մասին, ասաց, որ միշտ գեղեցիկ կլինի, որովհետև ասպետը հարգում է իրեն և հնարավորություն է տալիս ինքնուրույն տնօրինել իր կյանքը:

 

Եվ ի՞նչ կուսուցանե այս երկար պատմությունը, կհարցնեք Դուք: Կապ չունի՝ գեղեցկուհի է Ձեր կինը, թե սարսափելի, խելացի, թե հիմար: Այդ ամենի հետ մեկտեղ նա, միևնույնն է, վհուկ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել