ImageԱհա, սիրելիս, տեսնու՞մ ես լուսինը, այդտեղից երևու՞մ է: Տեսնու՞մ ես կիսալուսինը: Դեռ մի քանի ամիս առաջ այն մեծ ու կլոր լիալուսին էր, հետո մենք այն բաժանեցինք երկու հավասար մասերի, որ երկուսս էլ ունենանք, որ երկուսիս էլ լուսավորի ու սպասելու ուժ տա: Տեսնում ես այս գիշեր ինչ վառ են մեր լուսինները… Երևի նրանք էլ իրար խոստացել են սպասել երկու տարի, իսկ հիմա մեզ նման ժպտում են, որ չտխրեցնեն միմյանց: Նրանք էլ են սիրում իրար ու երևի նրանք էլ ամեն օր օրացույցի վրա ջնջում են անցած օրը և թաքուն ուրախանում, որ մոտենում է հանդիպման օրը: Երևի նրանք էլ ամեն օր աղոթում են միմյանց համար, կրկին երդվում սպասել և ամեն գիշեր երազում միանալու և լիալուսին կազմելու մասին: Երևի նրանց համար էլ չկա տարվա եղանակների, ամիսների հերթափոխ, ինչպես մեզ համար: Լուսինները նման են մեզ, չէ՞: Մեզ նման երազկոտ են, երբեմն նեղանում են իրարից ու չեն ժպտում իրար, երբեմն խենթանում են իրար միանալու ցանկությունից և երբեմն ատում իրար…

Լուսիններն էլ կմիանան իրար և այլևս չեն բաժանվի, միայն թե նրանք էլ պետք է սպասեն այնպես, ինչպես մենք…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել