2015 թվականն աչքի ընկավ ներքաղաքական ակտիվ զարգացումներով, և քաղաքական «ժամացույցը» կարծես թե սկսեց արագանալ:

Ներքաղաքական կտրուկ փոփոխությունները, որոնք սկսվեցին եռյակի ռադիկալացման և կտրուկ քայլերի դիմելու փորձերով, հասան մինչև եռյակի ձևաչափի վերջնական փլուզմանը, և համընդհանուր պատկեր ստացան ներկայումս ԲՀԿ-ի շուրջ ծավալվող գործընթացներով: Սակայն այս քաղաքական զարգացումները նոր ընթացք են ստանալու` պայմանավորված սահմանադրական փոփոխությունների գործընթացի ակտիվացմամբ և դրա շուրջ քննարկումների մեկնարկով:

Սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումների մեկնարկի վերաբերյալ նախագահի մամուլի խոսնակի հայտարարությանը հետևեցին Սերժ Սարգսյանի հանդիպումները ՀՀ որոշ քաղաքական ուժերի հետ: Նախագահ Սարգսյանը հանդիպումներ ունեցավ մասնավորապես ԲՀԿ-ի, «Ազատ դեմոկրատների», ՀՅԴ-ի, ՀՀՇ-ի, ՕԵԿ-ի, «Ազգային Միաբանության», «Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության», ՄԱԿ-ի, «Ժառանգության» ներկայացուցիչների հետ, իսկ որոշ ուժեր էլ հրավեր չէին ստացել հանդիպման համար` զրկվելով խնդրի շուրջ բովանդակային քննարկումներին մասնակցելուց:

Հայեցակարգի շուրջ բովանդակային քննարկումները դիրքային փոփոխություններ են խոստանում ՀՀ քաղաքական դաշտում: Որոշ դերակատարներ, համաձայնվելով սահմանադրական բարեփոխումների իրականացմանը, կկարողանան որոշակի դերակատարում ստանալ առաջիկայում տեղի ունենալիք քաղաքական զարգացումներում, իսկ մյուս ուժերը համաձայն չեն լինի բարեփոխումների իրականացմանը կամ չեն մտնի քննարկումների մեջ` կհայտնվեն ներքաղաքական գործընթացների «խաղից դուրս» վիճակում: Այսինքն` որևէ դերակատարում չեն ունենա բարեփոխումների արդյունքում տեղի ունեցող պրոցեսներում:

Այսպիսով` կանխատեսվում է ընդդիմադիր դաշտում նոր ճեղքման առաջացում, որը բերելու է ներքաղաքական ուժերի երկու խմբի ձևավորման, որոնցից մի խումբը դուրս է մղվելու ակտիվ քաղաքական դերակատարությունից: Թե կոնկրետ ո՞ր ուժերն են մտնելու այդ խմբի մեջ, արդեն որոշակի տեսանելի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել