Tert.am-ը գրում է.

«Ժառանգություն»-ում   առաջիկայում  նիստ կգումարվի՝ սահմանադրական փոփոխությունների  վերաբերյալ «ժառանգության»   դիրքորոշումը հայտնելու համար, ինչպես նաև կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի՝ ՀՀ նախագահի նստավայր  այցը քննարկելու կապակցությամբ:   «Ժառանգությունում»  սպասում են Րաֆֆի Հովհաննիսյանի վերադարձին, որպեսզի քննարկումը տեղի ունենա նրա մասնակցությամբ:

Այս մասին Tert.am-ին հայտնեց «Ժառանգության» մամուլի քարտուղար  Դավիթ Սանասարյանը:

«Այս կապակցությամբ առաջիկայում նիստ է լինելու և բոլոր հարցերը քննարկվելու է:  Այս պահին հստակ որևէ բան չեմ կարող ասել»,- ասաց կուսակցության մամուլի խոսնակը` ի պատասխան հարցի, թե կուսակցությունում շատերն են կիսում  Զարուհի Փոստանջյանի մոտեցումը,  որ  պետք է դնել Արմեն Մարտիրոսյանի և  Ռուբիկ Հակոբյանի հեռացման հարցը:

«Հավանաբար։ Կսպասենք Րաֆֆի Հովհաննիսյանը կգա, նոր նիստը կլինի»,- ավելացրեց Դավիթ Սանասարյանը: Նա չբացառեց, որ կուսակցությունում հնարավոր է պառակտում լինի:

«Պառակտումը բացառում ենք ու հեռացումների կողմնակից չենք, կքննարկենք, ավելի  կոնկրետ հանրությանը կներկայացնենք ստեղծված իրավիճակը»,- ասաց Դավիթ Սանասարյանը:

Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը Ռուբեն Հակոբյանի և Արմեն Մարտիրոսյանի՝ Բաղրամյան 26  գնալու հետ կապված ասել էր, որ  նրանք Նախագահի հետ հանդիպել են որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ:

Իսկ Արմեն Մարտիրոսյանն էլ  մեզ հետ զրույցում ասել էր. «Ես որևէ ձևով չեմ մեկնաբանելու Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը, կա կուսակցական կարգապահություն, կա կուսակցական քննարկում, կքննարկենք և հրապարակային կասենք մեր մոտեցումը»:

Tert.am-ը փորձեց ստանալ նաև Զարուհի Փոստանջյանի մեկնաբանությունը , սակայն վերջինս հայտնեց, որ այս պահին «ոչ մի մեկնաբանություն» չի լինելու:

Հիշեցնենք նաև, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԲՀԿ, ՄԱԿ, ՀՅԴ, ՀՀՇ, «Ժառանգություն», «Օրինաց երկիր» կուսակցությունների, իսկ ՀՀԿ գործադիր մարմնի ընդլայնված նիստում նաև՝ «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն», «Սահմանադրական իրավունք միություն» և «Ազգային միաբանություն» կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել