Գևորգ Պետրոսյան. Թուրքիան ուզում է հնարավորինս շուտ գա մայիսը Panorama.am-ը գրում է.

«Ժամանակն է, որ Հայոց ցեղասպանության հարցում փոխենք մեր պահանջատիրության ռազմավարությունը և խնդրի լուծմանը հասնենքիրավական դաշտում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը: 

Ըստ նրա, հասարակական, տեղեկատվական, քարոզչական ոլորտներում աշխատանքը կարևոր է, բայց ժամանակն է որակական նոր քայլ կատարել, ավելի հեռահար, ավելի արդյունավետ ուղիներ փնտրել: 

«Հայկական հարցի լուծումը ոչ այնքան հասարակության լուծելիքն է, որքան պետական մակարդակի լուծում պահանջող խնդիր: Այս տեսանկյունից այս տարին պետք է օգտագործենք մեր պահանջատիրությունը նոր փուլ մտցնելու, նոր ուղիներ փնտրելու, պայքարն ավելի բազմաբովանդակ, բազմաճյուղ դարձնելու համար»,- ասաց թուրքագետը՝ միաժամանակ հավելելով, որ պետք է պատրաստ լինել պայքարը շարունակել, հասկանալ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը վերջը չէ: 

Գ. Պետրոսյանն առաջարկում է գոնե առաջին քայլով տարբեր ոլորտների միջազգային, տեղական լավագույն մասնագետներից ստեղծել հանձնաժողով, նրանց որոշակի ժամանակ տրամադրել, որպեսզի կարողանան գնահատել, թե հարցը իրավական դաշտ տեղափոխելու դեպքում հայկական կողմին ինչ հեռանկարներ են սպասվում: Ըստ նրա, այս ուղղությամբ թեև հստակ քայլեր չկան, բայց վերջին տարիներին որոշակի միտումներ նկատվում են: Նա ընդգծեց, որ չպետք է սահմանափակվել միայն հայտարարություններ անելով: 

Պատասխանելով հարցին, թե ապրիլի 24-ին ընդառաջ Թուրքիայի միաջազգային պատասխանատվության հնարավորություններն ավելի մեծանո՞ւմ են, Գ. Պետրոսյանն ասաց, որ հարցեր լուծող պետությունները՝ ԱՄՆ-ում, այլ գերտերություններում որոշակի քննարկումներ կան, սակայն հիմնային գործընթաց չի նկատվում. «Դրանք սովորական խոսակցություններ են, որ սովորաբար լինում է ամեն ընտրությունից առաջ, ամեն ապրիլի 24-ին ընդառաջ, երբ անհրաժեշտ է լինում Թուրքայի դեմ քաղաքական ճնշում գործադրել: Պետք է արձանագրել, որ տարբեր պետությունների համար Հայկական հարցը քաղաքական լծակ է մի կողմից արտաքին ճակատում՝ Թուրքիայի վրա որոշակի ճնշում գործադրելու, ներքին ճակատում՝ ձայներ ստանալու համար: Յուրաքանչյուր պետություն ունի իր շահը և հենց այդ շահով է առաջնորդվում, ոչ թե պատմական արդարությունը վերականգնելու»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել