Արդեն ամբողջ հարյուր տարի համաշխարհային պատմության հազարամյակներով վերուվարած ժողովուրդն ապրում է Ցեղասպանության շուքի տակ ու հով չի առնում...
Մի հարցնող լինի` էդ միջազգային ճանաչում կոչվածը, կամ թուրքի մեղա եկածն ի՞նչ հարցեր պետք է լուծի մեր ազգային-պետական կյանքում: Ըստ իս ոչ մի... Եթե միայն ավելի չվատթարացնի հետագա շարժը դեպի գալիք... Որովհետև ոչ մեկը նկատի չի առել դրանից հետո ծառացող խնդիրների լուծման անհնարինությունը... Գոնե պատմական այս փուլում...
Ես ցեղասպանությունը մոռացության տալու առաջարկ չեմ անում: Մեր գլխով անցածը չմոռանալն առաջին հերթին ու վերջին հաշվով հենց մեզ է պետք.... Որ հիշենք ու իմանանք.... Մենք բարեկամներ չունենք, դաշնակիցներ` նույնպես... Մեր խնդիրները լուծելու ձևն ուժին Ուժ հակադրելն է... Ամբողջ տասնամյակներ ազգային կենսական էներգիան ուղղորդել Ցեղասպանություն ճանաչել տալու անպտուղ ջանքին, հետն էլ կամովին թույլ տալ, որ Անբարո քաղաքական աշխարհը Թուրքիային բան հասկացնելիս հենց քո վերքը բացուխուփ անի ու Ողբերգությունդ շինի Թուրքին սաստելու Պատրվակ... Սա է մեր ունեցած-չունեցածը Ոճիրից ամբողջ հարյուր տարի անց:
Մեզ պետք է հզորանալ մեր պետության ներսում` տնտեսապես, մշակութապես, գիտականորեն, բնականոն հանրային կյանքով և, վերջապես, Հայրենիք սիրելը պայմանավորել ոչ թե ռուս ու թուրք ատելով, այլ Պետությունը պահել իմանալու ու աշխարհից մեր հասանելիքը ոչ թե մուրալու, այլ վերցնել կարողանալու Զորությամբ:



