Tert.am-ը գրում է․

Սկսվել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի պաշտոնական այցը Լատվիայի Հանրապետություն:

Ինչպես հայտնում  են ՀՀ ԱԺ–ից՝ մարտի  13-ին ԱԺ փոխնախագահը Ռիգայում հանդիպում է ունեցել Լատվիայի Սաեյմայի փոխնախագահներ Ինեսե Լիբինա-Էգներեի, Գունդարս Դաուդզեի և Սաեյմայի քարտուղար Անդրեյ Կլեմենտևի հետ: Էդուարդ Շարմազանովը կարևորել է հայ-լատվիական երկկողմ հարաբերությունների հետագա սերտացումն ու ամրապնդումը, մասնավորապես երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցությունը թե ՛ երկկողմ ձևաչափով, թե ՛ միջազգային խորհրդարանական հարթակներում միմյանց սատարելու տեսանկյունից: Նա արդյունավետ աշխատանք է մաղթել Լատվիայի Հանրապետությանը ԵՄ խորհրդի նախագահությունում:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` ԱԺ փոխնախագահը դատապարտել է Թուրքիայի ներկայիս իշխանությունների վարքագիծը` արձանագրելով, որ Թուրքիան համառորեն շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը: Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ Լատվիան Հայոց ցեղասպանությանը նվիրված ոգեկոչման արարողություններին կներկայանա բարձր մակարդակով: Նա իր երախտագիությունն է հայտնել լատվիացի խորհրդարանականներին Լատվիայի Ազգային գրադարանում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանն աջակցելու համար: Սաեյմայի փոխնախագահ Ինեսե Լիբինա-Էգներեն իր հերթին նշել է, որ Լատվիան ըմբռնում է հայ ժողովրդի ցավը: 

Երկուստեք կարևորվել է բոլոր հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: 

ԱԺ փոխնախագահը Ազգային ժողովի Պատվո մեդալով է պարգևատրել Սաեյմայի քարտուղար Անդրեյ Կլեմենտևին հայ-լատվիական կապերի ամրապնդման և զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել