Tert.am-ը գրում է.
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն անհրաժեշտ ողջ զինանոցն ունի արտաքին սպառնալիքի դեպքում կազմակերպության երկրների ինքնիշխանությունը պաշտպանելու համար:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 13-ին Դուշանբեում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Նա ասել է, որ ներկայում կենտրոնասիական տարածաշրջանի երկրների համար սպառնալիք գոյություն ունի նախ և առաջ Աֆղանստանի կողմից:
«Մենք տեղեկատվություն ունենք, որ Աֆղանստանում ավելանում է ծայրահեղական զինված խմբերի թիվը և չենք բացառում դրանց ներթափանցումը կազմակերպության պետությունների տարածք»,-ասել Է Բորդյուժան:
Նրա կարծիքով, չի կարելի բացառել նաև այն գործոնը, որ «նրանք, ովքեր այսօր արտասահմանում մարտական գործողություններին մասնակցում են ծայրահեղական և ահաբեկչական խմբերի կազմում, կարող են զենքով վերադառնալ հայրենիք՝ լուծելու իրանց քաղաքական խնդիրները»:
Դրա հետ մեկտեղ նա նախազգուշացրել է, որ կազմակերպությունն անհրաժեշտ բոլոր ուժերն ու միջոցներն ունի ՀԱՊԿ-ի մեջ մտնող պետությունների ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար:
Բորդյուժայի խոսքով՝ ՀԱՊԿ-ն ունի բավական թվով արագ հակազդման ստորաբաժանումներ և 22 հազար լավ հանդերձված էլիտային զինծառայողներ:
Ինչ վերաբերում է օպերատիվ օգնություն ցուցաբերելու ժամկետներին, ապա, ինչպես նշել է Բորդյուժան, ՀԱՊԿ-ի ստորաբաժանումներին երեք օրից ավելի չի պահանջվի հակամարտության շրջանում իր ուժերի լայնամասշտաբ ծավալման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



