Մարտի 11-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության մշտական խորհրդի հատուկ նիստին։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը իր խոսքում ասաց.
«Մեծ պատիվ է կրկին ելույթ ունենալ Մշտական խորհրդում։ Նախորդ անգամ ես այստեղ էի երկու տարի առաջ՝ որպես Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ։ Ես կսկսեմ իմ ելույթը մեր ազգային օրակարգի այսօրվա կարևորագույն հարցից՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումից։ Դեռևս 1915թ. մայիսին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի կառավարությունները հայերի կոտորածները որակեցին որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործություններ»։ Սա «մարդկության դեմ հանցագործություն» եզրույթի՝ միջազգային մակարդակով կիրառման առաջին դեպքերից էր, որը հանգեցրեց նրա ձևակերպմանը որպես միջազգային իրավական համակարգի անքակտելի հասկացություն։
Հայոց ցեղասպանության ժամանակակիցների համար իրապես կարող էր հրաշք թվալ, որ հայ ժողովուրդը կարողանալու է գոյատևել և վերականգնել իր պետականությունը։ Իրոք խորհրդանշական է 100-րդ տարելիցին ելույթ ունենալ ձեր առջև՝ որպես այս կազմակերպության 57 մասնակից պետություններից մեկի արտաքին գործերի նախարար։ Հանդիսանալով ցեղասպանությունը վերապրած ազգի ներկայացուցիչ՝ Հայաստանը մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերի հաստատակամ ջատագով է։ Այս առումով ամենաարդյունավետ միջոցներից է անցյալի ցեղասպանությունների լիակատար ճանաչումը։ Ահա թե ինչու պետությունները չպետք է ստորադասեն այս վեհ նպատակը որևէ աշխարհաքաղաքական հաշվարկների»։ Այս համատեքստում նշվեց ԵԱՀԿ կարողությունը՝ քայլեր ձեռնարկելու այս հարցի առնչությամբ, քանզի «հավատարմությունը նրա սկզբունքներին և հանձնառություններին կարող է մեծապես նպաստել ցեղասպանության կանխարգելման ջանքերին»։
Շարունակությունը՝ այստեղ