Երեկվանից բուռն քննարկում են Եվրատեսիլին ներկայացվելիք «Don`t deny» երգը, ու ամենաբուռն բացասական արձագանքն առաջացրել է այն դրվագը, երբ Ինգա Արշակյանն իր մասը կատարելիս երգում է «Baby, don`t deny», որը հայերեն կարելի է թարգմանել մոտավորապես հետևյալ կերպ. «Ազիզ, մի հերքիր»...


Ժողովուրդ, ձեզ լրի՞վ ա կտցրել։ Կարո՞ղ ա գիտեք՝ Ցեղասպանության հարցն էն հարցն ա, որ կարելի ա Ցիրկի Անժոյի բառապաշարի մակարդակի բերել։ Ի՞նչ բեյբի, ի՞նչ ազիզ։ Դուք եք, որ երկու ամիս ա՝ թթվել եք ականջներիս ու ասում եք, որ թույն գաղափար ունեք, ու մեր մասնակցությունն անմիջականորեն կապված է Ցեղասպանության 100-ամյակի հետ, հետևաբար երգի բառերն էլ այլաբանորեն պահանջում են Թուրքիային ու թուրքական իշխանություններին, որ դադարեն կեղծել պատմությունն ու հերքել իրականությունը։ Եվ այսքանով հանդերձ՝ գտնվել են առնվազն երեք հանճար, ովքեր հրաշալի կերպով ապականել են նույնիսկ այդ կասկածելի որակի գաղափարը։

«Հանճարներից» մեկն Իննա Մկրտչյանն է՝ երգի բառերի հեղինակը, ով իր լիրիկան գրելիս ալարել է մի երկու ծալ ավել շարժել ու հասկանալ, որ վերոնշյալ կոնտեքստում տարբեր «բեյբիատիպ» բառերն ավելորդ են ու ծաղրի առարկա։

Մյուս «հանճարն» Ինգա Արշակյանն է, ով կատարում է այս մասը։ Ի՞նչն էր խանգարում Ինգային նկատողություն անել, որ, չգիտես ինչու, բոլոր մասնակիցները երգում են «Listen, don`t deny», իսկ ինքը՝ «Baby, don`t deny»: Ինչի՞ Ինգան չի գիտակցում, որ «ազիզներ» խառնելու ոչ տեղն ա, ոչ էլ դեպքը։ Եթե առարկել է, ու իրեն չեն լսել, թող հայտարարի դրա մասին, մենք էլ խայտառակ անենք էն թեթևսոլիկներին, ովքեր նման կարևոր առարկության հետ հաշվի չեն նստել։

Ու վերջապես, երրորդ «հանճարը» կամ էլ գուցե «հանճարները» նրանք են, ովքեր որոշել են, որ իր ավարտուն տեսքով այս պրոդուկտը հիանալի է, ու շտկելու ոչինչ չկա, և իրենց «դաբրոն են» տվել։ Նշանակում է, որ նրանք կամ թքած ունեն ցեղասպանության հարցի վրա կամ էլ պրոֆեսիոնալ չեն։

Ի՞նչ կարելի է անել այս իրավիճակում.

1. Հանդես գալ պարզաբանումով ու ներողություն խնդրել փնթի աշխատանքի համար։

2. Արագ փոխել երգի բառերն այնպես, որ միջից կորեն «բեյբիները»։

3. Վերադառնալ իրականություն ու հիշել, որ իրենք աստվածային էակներ չենք, իսկ մենք կուլիսի փոշի չենք։ Եթե հանձն են առել լծվել այս աշխատանքին ու այս տարի այդ աշխատանքը կապել են այնպիսի նուրբ թեմայի հետ, ինչպիսին Ցեղասպանությունն է, ուրեմն իրենք կրկնակի մեծ պատասխանատվություն են կրում առաջին հերթին մեր՝ ժողովրդիս առջև։ Ու առհասարակ, եթե Եվրատեսիլը Գոհար Գասպարյան&Cօ-ի քմահաճույքների իրականացման գոտին ա, ու այդ մի քանի հոգով են որոշում, թե ով պետք է գնա և ինչ պետք է երգի, ապա թող էդ մի քանի հոգով էլ իրենց գրպանից ֆինանսավորեն նախագիծն ու իրենց անունից էլ ներկայացված լինեն, այլ ոչ թե պետության։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել